Փաշինյանը շարունակում է գաղտնի պայմանավորվածություններ ունենալ․ Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը շարունակում է գաղտնի պայմանավորվածություններ ունենալ թշնամու հետ եւ վկայակոչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որտեղ հստակ արձանագրված է այս փաստը՝ միջնորդ երկրների ԱԳ նախարարները հղում էին անում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, 2021-ի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը եւ այլ պայմանավորվածություններին։ «Ի՞նչ «այլ պայմանավորվածությունների» մասին է խոսքը»,- հարցնում է Արթուր Վանեցյանը։
Նա նաեւ նկատում է, որ Բրյուսելում երկուսով՝ Փաշինյանն ու Ալիեւը, փակ դռների հետեւում քննարկում են ունեցել՝ սա եւս խոսում է գաղտնի պայմանավորվածությունների մասին, որի բովանդակության մենք ծանոթ չենք։ Նա հիշում է Բրյուսելից հետո Ալիեւի հանդիպմանը տված գնահատականը՝ «կառուցողական»։
Արթուր Վանեցյանն ասում է նաեւ․ «Ուշադրության արժանի է նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին մամլո ասուլիսի ընտրված ժամանակը։ Գիտենք՝ այդ օրը Ադրբեջանի նախագահի ծննդյան օրն էր, որն էլ այն նշանավորեց օկուպացված Հադրութում նոր ռազմական միավոր բացելով։ Ի՞նչ է, սա է՞լ էր Ալիեւ-Փաշինյան «միասնական ուղերձներ» շարքից։ Այսինքն՝ սա ձեռագիր է, որ բնորոշ է Փաշինյանին»։
Hraparak.am