«Ճգնաժամը հաղթահարված է»․ ինչ գնով
2021-ին Հայաստանի կառավարությունը «բարեհաջող» ավարտել է «անցումային շրջանն» ու, ինչպես Նիկոլ Փաշինկանն է ասում՝ «հաղթահարել է ճգնաժամը»։ «Ճգնաժամը» հաղթահարվել է Արցախի հակամարտությունը ուժով լուծելու Բաքվի իրավունքի, ինչպես նաեւ՝ պատերազմի արդյունքների ճանաչմամբ, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու Հայաստանի պատրաստակամությամբ եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու եւ վերջապես անձամբ Էրդողանի հետ հանդիպելու Փաշինյանի անթաքույց ցանկությամբ։
2021 թվականի վերջին նշանակվել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները, որոնք, ըստ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի, կհանդիպեն արդեն 2022 թվականի հունվարին։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, որը Երեւանը մտցրել է 2020 թ․ պատերազմից հետո։
Փաշինյանը հայտարարել է նաեւ Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթգծի՝ Մեղրիի հատվածի կառուցման նախապատրաստման մասին։ Ի պատասխան Բաքվում առաջարկել են ցյուրիխյան արձանագրությունները վերանվանել «ալիեւյան» եւ երեք երկրների առաջնորդների ջերմ հանդիպում կազմակերպել Զանգեզուրում։
Չի բացառվում, սակայն, որ հանդիպումը տեղի կունենա Պոլսում կամ Կարսում․ Հայաստանը մասնակցեց 3+3 ձեւաչափին, որի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ Կասկած չկա, որ Փաշինյանը կցանկանա անձամբ մասնակցել։
Բաքուն եւ Անկարան դեռ կոչ են անում Հայաստանին հրաժարվել պահանջներից։ Հայաստանն ասում է, որ նախապայման չունի։ Այդ դեպքում ի՞նչ պահանջների մասին են խոսում թուրքերը։ Ալիեւը Հայաստանին կոչ է արել փոխել Սահմանադրությունն ու ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Երեւանն արդեն հայտարարել է Սահմանադրության փոփոխության աշխատանքային խումբ ձեւավորելու մասին։
Եւս մի քայլ դեպի «ճգնաժամի հաղթահարում»՝ մոտակա ժամանակներս խորհրդային քարտեզներով սահմանազատման համար հանձնաժողովի ստեղծումն է, ինչի մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը։ Մարիա Զախարովան հաստատել է նաեւ, որ «ադրբեջանցիները» պետք է վերադառնան Արցախ, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը երբեք չի դիտարկվել որպեզ զուտ հայկական միավոր։
Lragir.am