Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ գլուխ էր գովում, թե իր ու սորոսականների ջանքերով ներդրված Պարեկային ոստիկանությունն այնքան անաչառ է գործում, որ անգամ ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան են տարել հատուկ պահպանվող տարածք, մինչև տերը գնացել տուգանքը մուծել է, նոր կարողացել է մեքենան դուրս բերել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդիներից մեկի մասին է։ Եվ սա Նիկոլ Փաշինյանը երեկ ներկայացնում էր որպես ժողովրդավարության, անաչառության և իրավահավասարության բացառիկ օրինակ և «շատ հիշարժան փաստ»։



Իրականում երկրի ղեկավարը հերթական անգամ էժան մանիպուլյացիայի է դիմել՝ փորձելով ցույց տալ իր ղեկավարած երկրում իբրև թե օրենքի գերակայության հանգամանքը։

Բանն այն է, որ ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տանում են այն դեպքում, երբ վարորդը օրենքով չթույլատրված վայրում է կայանում մեքենան, վարորդին չեն կարողանում այդ պահին հայտնաբերել, որ նա հեռացնի մեքենան, և ստիպված ավտոքարշակի՝ էվակուատորի միջոցով տրանսպորտային միջոցը տարհանել են հատուկ պահպանվող տարածք։

Ըստ այդ օրենքի՝ «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը,  եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը առաջացնում է տուգանք՝ 20 հազար դրամի չափով»։

Մյուս դեպքերն արդեն ավելի ծանր խախտումներն են՝ ոչ սթափ վիճակում վարելու, սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերում և այլն։ Ընդ որում, այս դեպքերում վարորդը նաև զրկվում է վեց ամսից մինչև 2 տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Հաշվի առնելով, որ ոստիկանապետի որդուն չեն զրկել վարորդական իրավունքից, և Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ակնարկեց, որ «չեմ ասում՝ էդ մարդիկ եսիմինչ են արել, ինչ-որ երթևեկության կանոնների հետ կապված, սխալ կայանման», ապա հասկանալի է, որ Վահե Ղազարյանի որդու մեքենան հատուկ պահպանվող տարածք են տարել սխալ կայանման համար։

Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք ոստիկանները իմացե՞լ են, որ դա ոստիկանապետի որդու մեքենան է։ Օրինակ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և իր ընտանիքի անդամների, մերձավոր շրջապատի մեքենաները հիմնականում ճանաչելի էին, քանի որ բոլորի վրա նույնատիպ պետհամարանիշներ էին փակցվում, որոնց մասին քաղաքում շատերը գիտեին։ Իսկ Վահե Ղազարյանի ու նրա ընտանիքի անդամների դեպքում այդպիսի բան դեռևս հայտնի չէ։

Չի բացառվում՝ ոստիկանապետի որդու վարած մեքենան խառը, «անճանաչելի» համարներով է եղել, ուստի որտեղի՞ց պետք է պարեկային ծառայողներն իմանային, որ դա իրենց «նախարարի» մեքենան է, որ մի բան էլ «հանուն արդարության» տանեին հատուկ պահպանվող տարածք, տուգանեին, հետո այդ մասին հերոսաբար զեկուցեին ղեկավարությանը, դա էլ հասներ վարչապետին, նա էլ գար կառավարության նիստին պարծենար, թե տեսեք՝ ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարել են հատուկ պահպանվող տարածք։ Ամենայն հավանականությամբ՝ մեքենան տանելուց և վարորդի հայտնվելուց հետո են իմացել՝ ում մեքենան է, հակառակ դեպքում կա՛մ չէին տանի՝ իմանալով, թե ով է մեքենայի տերը, կամ հատուկ նկարահանող խումբ կհրավիրեին, որ տեղում շոու բեմադրեին, որ հետո դա եթերներով ցույց տային։ Այնպես որ, սա Նիկոլ Փաշինյանի հատուկ հերթական էժանագին մանիպուլյացիաների շարքից է, որով փորձում է հասարակության աչքին թող փչել, թե ինչ հերոսական պայքար են մղում նրանք կոռուպցիայի դեմ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն