«Ես իմ երկրին այլ կերպ կծառայեմ». 85-ամյա Բեռլուսկոնին հրաժարվել է մասնակցել Իտալիայի նախագահական ընտրություններին
Իտալիայի 85-ամյա նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է չմասնակցել հաջորդ շաբաթ կայանալիք նախագահական ընտրություններին։ Նրա հայտարարությունը կարդացել են նրա գործընկերները իտալական աջերի կոալիցիայի առաջնորդների առցանց հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում է La Repubblica թերթը, Բեռլուսկոնին իր հայտարարության մեջ ասել է, որ ինքը բավականաչափ հայտնի է ընտրություններում հաղթելու համար, սակայն չառաջադրվելու իր որոշումը պայմանավորված է «պատասխանատվության ոգով»։
«Իտալիային այսօր միասնություն է պետք,- ասել է նախկին վարչապետը:- Ես կծառայեմ իմ երկրին այլ կերպ: Որպես եվրոպացի խորհրդարանական և քաղաքական առաջնորդ՝ խուսափելով իմ անվան հետ անհիմն կերպով կապված հակասություններից»,- ասել է Բեռլուսկոնին:
Բեռլուսկոնին սատարել է ներկայիս վարչապետ Մարիո Դրագիին, որը ներկայում հարցումների արդյունքներով առաջ է մյուս թեկնածուներից։
Tert.am