Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը քննարկումների առիթ է դարձել։ Կարծիքները բնականաբար հակասական են, ինչպես որ հակասական է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը եւ կարծում ենք, որ պատմության մեջ նա կմնա որպես ամենից հակասական քաղաքական կերպարներից մեկը։ Սակայն, դառնանք հարցազրույցին, որի ընթացքում նա անդրադարձավ նաեւն հանրային լայն քննարկումների եւ բանավեճերի առիթ դարձած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծին, որի հեղինակը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։ 

Փաշինյանի՝ այս հարցին անդրադարձի տրամաբանությունն իհարկե հասկանալի է։ Նա մի կողմից, առիթն օգտագործելով, բարձրացնում է կարեւոր խնդիրներ, որոնք այնքան էլ նոր չեն, եթե չասենք խորհրդային ժամանակների ժառանգություն են։ Եթե ավելի բացենք փակագծերն ապա հուղարկավորությունների եւ դրան ածանցյալ հարցերի հետ կապված աշխարհն հիմա այլ ճանապարհով է ընթանում եւ ժամանակակից մարդու համար առնվազն անհասկանալի են եւ 5 մետրանոց մահարձանները, եւ մի քանի սենյականոց բնակարանի չափսերի գերեզմանատարածքները, որոնք երբեմն դամբարան են հիշեցնում։ 

Ուշագրավ է այս ամենից բացի նաեւ այն, թե կոկրետ ինչ իրականություն բացահայտվեց Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի քննարկումների ընթացքում։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասում է, որ նախ՝ անկախ այն հանգամանքից, թե նախագիծն ում քիմքին հաճելի կլինի, որոշողը պետությունն է /այսինքն՝ ըստ ամենայնի՝ ինքը/ եւ ապա՝ Հիսուս Քրիստոս անունը օգտագործելու հետ կապված որեւէ մոնոպոլիա չկա։ Սա արդեն կարելի է համարել ուղիղ ակնարկ Առաքելական Եկեղեցուն, որն այս նախագծի հանդեպ որդեգրել էր բացասական վերաբերմունք։ 

Այս առնչությամբ նա մասնավորապես ասաց․ «Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորը ակտիվացան։ Կան շրջանակներ, որոնց թվում է, թե Հիսուս Քրիստոս անունը օգտագործելու՝ կադաստրով հաստատված սեփականության վկայական ունեն, Հիսուս Քրիստոսի պատկերները վաճառրելու, Հիսուս Քրիստոսի մասին խոսելու իրավունքը միայն իրենցն է։ Ոչ մեկը Հիսուս Քրիստոսի մասին չխոսի, որովհետեւ մենք ենք լիազորված, տեղեկանք էլ ունենք»։ 

Առավել քան թափանցիկ է ակնարկը, որ խոսքն այստեղ Առաքելական եկեղեցուն է վերաբերում եւ կարելի է այս ակնարկից հասկանալ, որ հոգեւոր-կրոնական հարցերում Առաքելական եկեղեցու՝ որպես ոլորտի մոնոպոլիստ հանդես գալու դարաշրջանն այլեւս անցյալում է եւ որեւէ մեկը, ով ցանկություն կամ մտադրություն ունի այդ ոլորտի հետ կապված ինչ որ բան ասել, կարող է արտահայտվել։ Եկեղեցին չպետք է սեփականաշնորհի որեւէ թեմա, առավել եւս Հիսուսին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն