Իշխանությունն արգելակում է սահմանադրական գործընթացները
2015 թվականին սահմանադրական փոփոխություններ անելու եւ խորհրդարանական կառավարման անցնելու բացատրություններից մեկն էլ այն էր, որ իշխանության ճյուղերի հավասարակշռման, միանձնյա կառավարումից կոլեկտիվ կառավարման անցնելու եւ ընդդիմությանը նոր լծակներ ու իրավունքներ տալու խնդիր էր նաեւ լուծվում, որպեսզի ԱԺ ընդդիմության գործունեությունը, ասենք, միայն անիմաստ ճառեր ասելով եւ ղժղժալով չսահմանափակվեր, այլ նրան պաշտոններ ու լծակներ տային, որ կարողանար վերահսկել իշխանություններին եւ պետության կառավարմանը գործուն մասնակցություն ունենալ։
Այդ պաշտոններն էին Հաշվեքննիչ պալատում, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, ինչպես նաեւ ԱԺ ղեկավար կազմում մի փոխնախագահի, նաեւ հանձնաժողովների ղեկավարների, փոխնախագահների պաշտոնները, որոնք, ըստ էության, վերահսկողական լծակներ էին տալու ընդդիմությանը՝ իշխանության գլխին։ Եվ դա ներկայացվում էր որպես ժողովրդավարության ցուցիչ, կոնցեպտ։ Սակայն ընդդիմությունից իշխանություն եկած Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալու առաջին իսկ օրվանից տրորում, անտեսում է Սահմանադրությունը։ Իսկ հունիսի 20-ի ընտրություններից հետո առհասարակ հակասահմանադրական գործընթացների շքերթ է սկսվել երկրում՝ բացահայտ եւ անհիմն արգելակում են ընդդիմությանը սահմանադրորեն հասանելիք պաշտոններում մարդիկ առաջադրելու եւ ընտրելու գործընթացը:
Եթե Իշխան Սաղաթելյանին մի կերպ՝ մի քանի փորձից ընտրեցին ԱԺ փոխնախագահի պաշտոնում, ապա մինչ օրս «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավորի՝ Արթուր Ղազինյանին պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ չեն ընտրում: ՔՊ-ում հայտարարում են, որ Ղազինյանը չի համապատասխանում այդ պաշտոնին, չնայած ընդդիմությունն էլ հայտարարում էր, որ իշխանական թեկնածուները չեն համապատասխանում, եւ, ըստ էության, ամեն թիմ ինքն է որոշում, թե ում առաջադրի։ Իշխանությունն ընդամենը չարաշահում է իր՝ մեծամասնություն ունենալու հանգամանքը, վերջին շաբաթներին էլ խոչընդոտում է ընդդիմության՝ ՀՌՀ թեկնածու առաջադրելու իրավունքը։ Շաբաթներ առաջ խորհրդարանի ոլորտային հանձնաժողովը մերժեց Քաղծառայության նախկին պետ Մանվել Բադալյանի թեկնածությունը, երեկ էլ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին են մերժել, եւ նիստն էլ վերածվել է «բազառի»: Երկու դեպքում էլ ՔՊ-ի փաստարկն այն է, թե իբր երկուսն էլ չունեն քաղաքական չեզոքություն, այն պարագայում, երբ ՔՊ-ն օրերս ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրեց իմքայլական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին:
Հիմա էլ ՀՌՀ ղեկավարությունը հանկարծ պարզել է, որ օրենքը գենդերային խնդիր է դնում, եւ անդամներից մեկը պետք է կին լինի, ուստի «Հայաստան» դաշինքը պետք է կին թեկնածու առաջադրի: Թե ինչու ՔՊ-ն իր 2 թեկնածուներից մեկին իգական սեռից չի ընտրել, պարզ չէ։
Մինչդեռ իշխանությունը, ժողովրդավարության սկզբունքին համաձայն, պարտավոր է պարզապես հարգել ընդդիմության դիրքորոշումը՝ կարծում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը. «Եթե մայր օրենքով այդ տեղը հասնում է ընդդիմությանը, ապա իշխանությունը չպետք է միջամտի եւ ասի՝ այս մեկը մեր դուրը գալիս է, այն մյուսը՝ չի գալիս»:
Այսօրվա իրավիճակը խոսում է իշխանության որակի մասին, Ղազինյանն ասում է՝ նման պարագայում խոսել ողջախոհության, լրջմտության մասին, անիմաստ է, քանի որ Սահմանադրությունը խելագարության կանխավարկածը չի կարող հիմք ընդունել եւ նման իրավիճակներին լուծում առաջադրել։ «Նրանք տեղով անորակ են, նրանց համար Սահմանադրությունը նշանակություն, արժեք չունի, իրենց քաղաքական շահը վեր են դասում ամեն ինչից եւ որոշումները կայացնում են ըստ իրավիճակի եւ քաղաքական գերակայությունների: Լինելով իշխանություն՝ այս մարդիկ մնացել են փողոցային ընդդիմություն: Այս պարագայում գործ ունենք խելագարության հետ, ոչ մի սահմանադիր, մասնագիտական հանձնաժողով չի կարող կանխատեսել, որ կարող է փողոցային հեղափոխականները գան դառնան իշխանություն եւ սկսեն տրորել մեկը մյուսի հետեւից բոլոր հենասյունային նշանակություն ունեցող սկզբունքները, բոլոր ինստիտուտները, արժեքները»,- ասում է Ղազինյանը։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանն իշխանության որակի մասին իր պատկերացումն ունի, ասում է՝ իշխանության որակն ուղիղ համեմատական է ժողովրդի, ինչպես նաեւ ընդդիմության որակին. «Ժողովրդի մակարդակը, իրավագիտակցությունը բարձրացնելու համար իշխանությունը պետք է համառ աշխատանքներ տանի այդ ուղղությամբ, բայց ո՛չ նախկին իշխանությանն էր պետք այդ մակարդակը բարձրացնել, ո՛չ էլ ներկա: Նախկինները, որոնք վերարտադրվելու համար 5-10 հազարով ժողովրդի ձայնն էին առնում, իրենց ձեռնտու չէր ժողովրդի իրավագիտակցությունը բարձրացնել, ներկաներին էլ առավել եւս ձեռք չի տալիս՝ անգրագետ կարգավիճակում ժողովուրդն իրենց ցանկացած ապօրինություն, պետականակործան քայլի հանդեպ դրսեւորում է հանդուրժողականություն, սրան գումարած՝ այսօրվա իշխանությունը շահագրգռված է մանիպուլացնելու հարցում, որպեսզի ժողովրդի գիտակցությունը չբարձրանա: Մենք վտանգավոր շրջափուլի մեջ ենք հայտնվել, որ երկրի բուժումը, պետականության կերտումը պետք է սկսվի իրավագիտակցության բարձրացումից»:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը պաշտոններում նշանակելու խնդրին, այն սահմանադրագետի համար այնքան էլ միանշանակ չէ։ Նա հիշեցնում է՝ ՔՊ-ն, թեկուզ դժվարությամբ, բայց Իշխան Սաղաթելյանին ընտրեց փոխնախագահի պաշտոնում. «Չեմ կարծում, թե մյուս թեկնածուներն ավելի հակաիշխանական են, քան Իշխան Սաղաթելյանը: Դրա համար եմ ասում՝ սա վիճելի հարց է, եթե կողմերից յուրաքանչյուրին լսենք, ապա ընդդիմությունը կարող է ասել, որ ինքը պարտավոր չէ իշխանության ճաշակով թեկնածու ներկայացնել, իշխանությունն էլ կարող է ասել, որ բազմաթիվ չափանիշների առումով իրենք իրենց համար ճշտումներ են անում, եւ սա դառնալու է անվերջանալի բան»:
Hraparak.am