Նախօրեին մեկուկես ժամանոց հարցազրույցով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին։ Չնայած նրա թիմակիցները խոստացել էին, որ նա փաստաթղթեր է հրապարակելու եւ ջախջախելու է Փաշինյանի «ստերը», սակայն Սերժ Սարգսյանը զերծ մնաց փաստաթուղթ հրապարակելուց՝ բանավոր հերքեց Փաշինյանի մեղադրանքները՝ վստահություն հայտնելով, որ միջազգային գործընկերները չեն հերքի իր ասածները, ինչպես պարբերաբար հերքում են Փաշինյանի հայտարարությունները։ Իսկ փաստաթղթեր «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կհրապարակի»: 

Դեռեւս անցած տարեվերջին իր առցանց ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, թե Ղարաբաղը դեռ նախկինների ժամանակ կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները: «Դեռեւս 1991թ. կնքված ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրով, որը 1992թ. վավերացրել է նաեւ Հայաստանի խորհրդարանը, Երեւանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել էր նա։ Սերժ Սարգսյանը դետալ առ դետալ հերքեց իրենց իշխանությանն ուղղված մեղադրանքները՝ ասելով, որ Փաշինյանն ադրբեջանական շահեր է պաշտպանում: «Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռեւս կան հնարավորություններ»,- ասաց Սարգսյանը՝ չմանրամասնելով, թե ինչպես է պատկերացնում բանակցային գործընթացի վերականգնումը։ Միայն հայտարարեց, թե պետք է պահանջել, որ գործող իշխանությունն այդ ճանապարհով գնա: Թեեւ ավելի ուշ համոզմունք հայտնեց, թե Փաշինյանի վարչակազմն ունակ չէ դրան։

«Մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք եւ ոչ միայն խոսքով: Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ, որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է»։ Սարգսյանը, ի պատասխան մեկ այլ մեղադրանքի, վստահեցրեց՝  ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի վրա որեւէ ճնշում չի եղել, համանախագահները, այո, նոր առաջարկներ են ներկայացրել, որոնք, սակայն, ըստ նրա, չեն խախտել հայկական կողմի կարմիր գծերը, եւ պատերազմը դադարեցնելու գինը չի եղել իրենց սկզբունքներից հրաժարումը: 

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, փորձագետ Արման Աբովյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը բանավոր խոսքով հերքեց Փաշինյանի մեղադրանքները, թե 2016-ից հետո իրավիճակը ծանր էր, ելք չկար, եւ որ ինքը փորձում էր փրկել իրավիճակը, բայց չստացվեց: «Սերժ Սարգսյանն ասաց՝ այդպես չէր, իր ներկայացմամբ` բավականին բարենպաստ պայմաններ էին, հիմա հավատալ-չհավատալու խնդիր կա, այո, բայց ժամանակը ցույց կտա՝ այդ պատասխաններն արդյունավե՞տ էին, թե՞ ոչ»։ Նրա խոսքով՝ նախկին եւ ներկա ղեկավարների փոխադարձ մեղադրանքները, այդուհանդերձ, չեն տալիս կարեւոր հարցի պատասխանը․ «Ի վերջո, ինչը ստիպեց, որ Ադրբեջանը 2018 թվականից հետո բանակցություններում իր պրիորիտետները փոխի, որովհետեւ, ըստ էության, Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո, ինչպես ինքը նշեց, այդքան էլ լավ տեղյակ չէ գործընթացից, եւ դա բնական է։ Երկրորդ․ անհասկանալի է, թե ինչը, ի վերջո, բերեց մի հանգրվանի, երբ փաստացի մեկուկես տարվա ընթացքում գործընթացներ էին գնում, բայց ասում էին՝ սուրճ ենք խմում: Կարելի է գնալ հետ, ուսումնասիրել փաստաթղթերը, բայց այսօր ունենք մի վիճակ, որը բերեց ու, ըստ էության, զրոյացրեց բոլոր գործընթացները, որոնք տեղի էին ունենում 94 թվականից։ Գնահատական տալու համար նվազագույնը պետք է տիրապետես բոլոր փաստաթղթերին»։

Հարցազրույցի «բացահայտումն» Աբովյանի համար սա էր․ «Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է մտներ բանակցությունների մեջ»։ Արման Աբովյանի խոսքով, գեղեցիկ խոսքերից, կոչերից զատ, կարեւոր է հստակ մեխանիզմներ առաջարկել՝ ի՞նչ անել, որ թույլ չտանք Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում․ «Այս պոլեմիկայից ավելի կարեւոր են գործողությունները, տպավորություն է, որ հասարակությանը վարժեցնում են, որ այս ղեկավարն այս փաստաթուղթն է ընդունել, մյուսը՝ մեկ ուրիշը, որ վաղը չզարմանանք Արցախը վերջնականապես կորցնելիս»։ Միեւնույն ժամանակ հավելեց․ «Սերժ Սարգսյանը հմուտ քաղաքական գործիչ է, եթե ինքը կարծիք է հայտնում, ապա պետք է շարունակությունը հասկանալ, որովհետեւ այսօրվա գործընթացները տանում են Արցախի ապալեգիտիմացում, հիմա ի՞նչ պետք է արվի․ սա է կարեւորը»։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը հարցազրույցից եւ փաստաթղթեր չհրապարակելու փաստից հիասթափվածներին հիշեցնում է հայկական կողմի վարկանիշի պահպանման անհրաժեշտության մասին․ «Գործող իշխանություն կոչեցյալը դա չի անում, պահի թելադրանքով, կարճաժամկետ քաղաքական դիվիդենտների  համար գնում է նման քայլերի․ ինչո՞ւ կարճաժամկետ, որովհետեւ դրանք շատ արագ հերքվում են համանախագահների կողմից։ Բայց ես մեր հանրությանը պիտի խնդրեմ՝ հետեւել առաջիկա օրերի իրադարձություններին՝ արդյոք հերքվո՞ւմ է համանախագահների կողմից որեւէ տառ` նախագահ Սարգսյանի ասածներից, թե՞ ոչ։ Քանի որ ինձ համար հարցի պատասխանը հստակ է, ապա հանրությունը թող որոշի` ում հավատալ, ում ոչ՝ միջակ դեղին մամուլի խմբագրի խոսքի՞ն, թե՞ ՀՀ երրորդ նախագահին»։

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծպտյալ «ոչմիթիզական» անվանեց, մինչդեռ իր հասցեին էլ նույն մեղադրանքներն են հնչում, ինչո՞ւ ժամանակին չգնաց կարգավորման։ «Երբեք նախագահ Սարգսյանը հանդես չի եկել ոչմիթիզականության դիրքերից, բազմիցս հանդես է եկել փիլիսոփայական մակարդակի եզրահանգումներով՝ Հայաստանի համար հաճախ կործանարար առավելապաշտության մասին։ 60 նախարարների փորձը, 10 անգամ բարձր մակարդակով հանդիպումները փո՞րձ չէին` խնդիրը կարգավորելու ուղղությամբ»։

Ինչ վերաբերում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինելու ուղղությամբ գործնական քայլերին, ապա, Մամիջանյանի խոսքով, նախագահն ակնարկել է ճանապարհը․ «Կարծում եմ՝ հետագա հանրային խոսքում ավելի մանրամասն դրա մասին կխոսի»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն