ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ բացահայտեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի ստերը: Այն հիմնականում նախկին բացահայտումների, այսպես ասած, թարմացված տարբերակն էր: Բնականաբար, որեւէ սկանդալային նորություն չհայտնեց՝ հատկապես նրանց համար, ովքեր ծանոթ են երեւույթին: Բայց որ Փաշինյան Նիկոլի ստերն ու մանիպուլյացիաները պետք է անընդհատ մերկացվեն՝ դրանում կասկած լինել չի կարող: Այն, ինչ ակնհայտ ճշմարտություն է ինձ նմանների համար, այդպես չէ այլ անձանց համար, ուստի անհրաժեշտ է անընդհատ կրկնել, որ մի օր վերջապես տեղ հասնի:

Սակայն այսօր կկենտրոնանամ երրորդ նախագահի մի ակնարկի վրա: Խոսելով 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին՝ նշեց, որ ոմանք դրդում էին իրեն շարունակել պատերազմը, ինքը մերժեց: Ավելացնեմ, որ ինքնաթիռում «Լելե-թեփե» կոչված բարձունքի մասին լրագրողների հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այդ բարձունքը հետ գրավելու համար ինքը չէր զոհի եւս մի քանի տասնյակ երիտասարդի կյանք: Ասեմ, որ այն ժամանակ ես համաձայն չէի նրա հետ ու այսօր ավելի քան համաձայն չեմ: Ու համոզված պնդում եմ, որ այդ բարձունքը պետք էր հետ վերադարձնել ու նույնիսկ գնալ առաջ: Թե որքան՝ կերեւար ընթացքում, բայց որ դա հնարավոր էր՝ երբեւէ չեմ կասկածել: Որովհետեւ, նախ, այդպիսին է պատերազմի կանոնը, եւ դա պետք է կատարվեր, որպեսզի ադրբեջանական բանակն այնպիսի ջարդ ստանար, որ Իլհամ Ալիեւի մոտ վերանար պատերազմով կորցրածը ետ վերադարձնելու մտադրությունը: Գոնե առաջիկա մեկ-երկու տասնամյակ: Դա չկատարվեց, եւ շատ արագ մեր թշնամին որպես հաղթական խորհրդանշան սկսեց օգտագործել այդ բարձունքի գրավումը: Էլ չեմ խոսում 2020 թ․ 44-օրյա պատերազմի՝ հենց այդ բարձունքի հետ կապված դրվագի մասին, որը խլեց մի քանի հարյուր հայ երիտասարդի կյանք:

Սերժը հրաժարվեց մի քանի տասնյակ զոհ տալուց, իսկ Նիկոլը մի քանի հարյուրի կյանք զոհաբերեց: Իհարկե, Սերժը չէր կարող իմանալ, թե ինչ կպատահի հետո, բայց դե... 

Այս առումով ստիպված եմ կրկին անդրադառնալ Իսրայելի նորագույն պատմությանը: Որքան էլ ինձ համար տհաճ լինի, չեմ կարող չխոստովանել, որ պետություն կառուցելու հարցում բոլոր առումներով մենք զիջեցինք հրեաներին: Նշեմ ամենակարեւորը՝ Իսրայելի ղեկավարները, ի տարբերություն Հայաստանի, աչքի չընկան հանուն խաղաղության անընդհատ փոխզիջողական քաղաքականություն վարելով: Ինչը ես կանվանեի պարտվողական խաղաղասիրություն, որի «պսակը» դարձավ նիկոլական «խաղաղ դարաշրջանի մեկնարկը»: Երբ այդ երկրին շրջապատող արաբական պետությունները պատերազմ էին նախաձեռնում, ինչը տեղի է ունեցել բազմաթիվ անգամներ, հրեական բանակը պատերազմը տեղափոխում էր նրանց տարածք: Իսրայելը դրանով, նախ, պարտադրում էր զինադադարի համաձայնություն եւ, ապա, անընդհատ մեծացնում իր տարածքը: 1948 թ․ մայիսին ՄԱԿ-ի որոշմամբ որպես անկախ պետություն 14 հազար քառ/կմ տարածքի վրա կազմավորված Իսրայելն իրեն պարտադրված պատերազմների արդյունքում վերածվեց ավելի քան 22 հազար քառ/կմ տարածքով պետության: 

Մեզանում նման մտածողությունը ՀՀ առաջին նախագահի թեթեւ ձեռքով բնութագրվեց որպես «ոչմիթիզականություն», ինչը վերջին զարգացումների արդյունքում հանգեցրեց Արցախի ու նույնիսկ Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքների կորստի: Եթե հոդվածս ընթերցողների շրջանում կան տերպետրոսյանական գաղափարի համախոհներ, ապա նրանց հիշեցնեմ, որ դեռեւս 1992 թ․ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ինքն առաջարկել էր ԼՂԻՄ-ը՝ իր նախկին կարգավիճակով, Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարը: Բայց կարծում եմ, որ նա դժվար թե հավատար դրա իրագործելիությանը՝ հաշվի առնելով Ղարաբաղյան շարժմանը հաջորդած եւ հարցազրույցին նախորդած ժամանակաշրջանում Ադրբեջանի բնակավայրերից հայ ազգաբնակչության բռնի տեղահանման եւ այդ թվում «Օղակ» («Կոլցո») կոչված ռազմական գործողության հանգամանքը: Չնայած, ի՞նչ իմանաս՝ երեւի հույսն Արեւմուտքն էր ու ՆԱՏՕ-ական «քաղաքակրթված» Թուրքիան:

Ինչեւէ, եթե չլիներ այդ մտածողությունը, այն չէր որդեգրվի ընդդիմադիր գործիչ Փաշինյան Նիկոլի կողմից, որն ընդհատակում գրած իր տխրահռչակ գրքում խոսում է ամբողջը պահելու համար մասը հանձնելու անհրաժեշտության մասին: Ամբողջ ասելով՝ ինքը նկատի ուներ Հայաստանի Հանրապետությունը, իսկ մասն Արցախն էր: Ինչն էլ, ի վերջո, կյանքի կոչեց՝ ժողովրդի ուսերի վրայով գալով իշխանության: Այն ժողովրդի, որը 1988 թվականին մեկ մարդու նման մասնակցել էր ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու շարժմանը: Իսկ շարժման ղեկավարներից մեկին էլ երեքուկես տարի անց ընտրել էր անկախացած Հայաստանի Հանրապետության նախագահ: Այնպես որ, 2020 թվականի մեր խայտառակ պարտության գաղափարական հենքը ոչ թե «ոչմիթիզականությունն» էր, այլ դրա ժխտումը: Այն, ինչ առկա էր մեր երկրի ղեկավարների ուղեղներում:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն