Վահագն Խաչատրյանը Սուքիասյանին ընդառաջել է, բայց Վանո Սիրադեղյանին ու Դավիթ Շահնազարյանին՝ մերժել
Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունները որոշեցին առաջադրել նախկին ՀՀՇ-ական, Երեւանի նախկին քաղաքապետ, այս պահին դեռ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Թեկնածուի վերաբերյալ նրան ճանաչողների վերաբերմունքը տարբեր է։ Արմատական վատ կարծիքներ չեն հնչում, հիմնականում նրան բնորոշում են որպես խաղաղ, ոչ կոնֆլիկտային, կիրթ անձնավորություն, բայց նաեւ ասում են՝ հարմարվող է, առճակատման ու արմատական քայլերի գնացող չէ, սկզբունքային չէ եւ այս իմաստով՝ իդեալական նախագահացու է Նիկոլ Փաշինյանի համար։
Վահագն Խաչատրյանը 1992-96 թթ․ եղել է Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, այսօրվա տերմինով՝ Երեւանի քաղաքապետ։ Նա այդ պաշտոնում ընտրվել է ՀՀՇ-ական Համբարձում Գալստյանի հրաժարականից հետո։ Փաստորեն, իր կյանքի երկու բարձր պաշտոններին նա նշանակվում է երկու աղմկոտ հրաժարականների արդյունքում։ Համբարձում Գալստյանին, որը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 92-ին հրաժարական պարտադրեցին Երեւանի քաղխորհրդի անդամները։ Ապա հրաժարականի հասած խումբը՝ «Մայրաքաղաք» խմբակցությունն էր, որը 150 հոգանոց ավագանու կազմում ուներ մոտ 20 անդամ, առաջադրեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը, որն այդ խմբակցության անդամ չէր, բայց քաղխորհրդի ընդդիմադիր անդամներից էր եւ Գալստյանի դեմ էր պայքարել։ Այս խմբակցությունը բաղկացած էր հիմնականում մտավորականներից, դասախոսներից եւ դաշնակցականներից։ Խաչատրյանն այդ ժամանակ անկուսակցական էր, բայց մտերիմ էր ՀՀՇ-ականների հետ։ Այնպես որ, Վահագն Խաչատրյանը կոմպրոմիսային թեկնածու էր, որին դեմ չէր քաղխորհրդի անդամների մեծ մասը, նա տնտեսագետ էր, քաղաքականապես լոյալ էր բոլոր կուսակցությունների հանդեպ, եւ ՀՀՇ-ականները նույնպես նրան դեմ չէին։
Թեեւ նրա ընտրության առաջին փուլում ՀՀՇ-ականները դեմ են եղել՝ երկրորդ փուլով մի քանի ձայնի առավելությամբ նա ընտրվել է։ Քաղաքապետ նշանակվելով՝ նա իրեն պաշտոնի բերած բոլոր խմբերին բավարարեց․ փոխքաղաքապետի պաշտոններ ստացան դաշնակցական Վազգեն Պողոսյանը, Յուրի Բախշյանը, Վարդան Վարդապետյանը։
«Մայրաքաղաք» խմբակցության ղեկավարն այն ժամանակ դաշնակցական Մաքսիմ Մանասյանն էր։ Նա մեզ հետ զրույցում ընդհանուր առմամբ դրական արտահայտվեց Խաչատրյանի մասին։ Ասաց, որ վերջինս որոշ դրական քայլեր է արել իր կառավարման տարիներին, որոնցից մեկը մայրաքաղաքի մասին օրենքի ընդունումն էր, որով սահմանվում էր, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը պետք է լինի ընտրովի, քաղաքն էլ պետք է ունենա իր առանձին մունիցիպալ բյուջեն եւ կառավարման ինքնուրույնությունը։ Այդ օրենքը, սակայն, հետո հակասության մեջ է մտել 1995-ին ընդունված Սահմանադրության հետ, որով լրիվ հակառակն էին պարտադրում Երեւանի քաղաքապետի մասով՝ եւ քաղաքապետի պաշտոնը դարձվեց նշանակովի, իսկ Երեւանը մարզի կարգավիճակ ստացավ, ինչը ենթադրում էր կենտրոնական իշխանությունից կախյալություն։
«Ուրեմն, էսպես ասեմ՝ Վահագն Խաչատրյանը շատ աշխատասեր մարդ էր, ինքը քաղաքային տնտեսությունն անհամեմատ ավելի լավ գիտեր, ամեն դեպքում՝ տնտեսագետ է մասնագիտությամբ, իր առաջին տեղակալ Բախշյան Յուրան ֆիզիկոս էր, Համբարձումն ազգագրագետ էր։ Ինքը լսում էր մարդկանց, կարողանում էր աշխատել մեզ հետ։ Մայրաքաղաքի մասին օրենքը մեր խմբակցության հիմնական ծրագրային դրույթներից մեկն էր։ Ընդ որում, այդ օրենքը քաղխորհուրդը միաձայն հաստատեց»,- ասաց Մաքսիմ Մանասյանը։ Բայց հետո, երբ օրենքը գնացել է խորհրդարան, այնտեղ Վահագն Խաչատրյանը, ինչպես հիշում է Մաքսիմ Մանասյանը, տարօրինակ կերպով իրեն պասիվ է պահել՝ չի պաշտպանել իրենց իսկ ընդունած օրենքը, եւ այն մերժվել է օրենսդիր մարմնի կողմից։
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանին հարցրինք՝ Վահագն Խաչատրյանը պայքար մղե՞լ է կառուպցիայի դեմ, մամուլում այս օրերին գրվում է, որ նրա օրոք մի շարք շենքեր են սեփականաշնորհվել, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանին են մի շարք շենքերի սեփականաշնորհման թույլտվություն տվել։ Ի դեպ, Վահագն Խաչատրյանն ու Խաչատուր Սուքիասյանը դեռ 90-ականներից են մտերիմ հարաբերություններ ունեցել։ Մանասյանը նշեց, որ Խաչատրյանը պայքարել է թե՛ կոռուպցիայի դեմ, թե՛ ապօրինի շինարարության եւ սեփականաշնորհումների դեմ, անգամ գնացել քանդել են Մոնումենտում անտառները հատելու հաշվին նոր-նոր կառուցվող շինությունները։ Բայց չհերքեց, որ Խաչատուր Սուքիասյանին շենքեր եւ տարածքներ են օտարվել, օրինակ՝ «Ռոսիա» կինոթատրոնին հարակից տարածքը։ Բայց նշեց, որ մերժել է, օրինակ, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին եւ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանին։
«Վանո Սիրադեղյանը Ավանի էն տարածքը, որ հիմա Ֆուտբոլի ակադեմիայի տարածքն է, ամբողջ էդ հողն ուզում էր, որ ներքին գործերի նախարարության համար պոլիգոն սարքեր։ Իսկ Դավիթ Շահնազարյանը Չարբախում մի 4 հեկտարի չափ հող էր պահանջում՝ շնաբուծարան սարքելու համար։ Մենք դեմ էինք դրանց, ինքն էլ չտվեց»,- հիշում է Մանասյանը։ Առհասարակ, մեր զրուցակիցը համարում է, որ նա լավ քաղաքապետ էր՝ հատկապես իրենից հետո եկածների հետ համեմատած, իսկ այն ժամանակվա նրա հարմարվողականությունն ավելի շատ բացատրում է նրանով, որ Երեւան քաղաքն ու քաղաքապետն օժտված չէին այնպիսի իրավակարգավորումներով ու լիազորություններով, որոնք թույլ կտային նրան իրեն վստահ եւ ուժեղ զգալ։ Բայց հարմարվողականությունը նախեւառաջ տեսակի հարց է, եւ հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ իրեն տրված փոքր լիազորություններն էլ, կարծես, լրիվ համընկնում են այն ժամանակվա քաղաքապետի լիազորությունների հետ։ Այդ առումով՝ Վահագն Խաչատրյանը շատ լավ ընտրություն է, գոնե իշխանությունների տեսանկյունից, եւ Արմեն Սարգսյանից բողոքող հասարակությունը դեռ նրան շատ է հիշելու, գուցե նաեւ երանի տալու։
Hraparak.am