Ադրբեջանական ազգային տիեզերական ընկերությունը՝ «Ազերկոսմոս»-ը, Google-ից պահանջում է իր թվային քարտեզի վրա Արցախի հայկական տեղանունները փոխարինել ադրբեջանական անուններով: Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից էլեկտրոնային անվտանգության կենտրոնն էլ բանակցում է, որ Google-ը նույնն անի նաև որոնողական համակարգերում։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը ԳԱԱ դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալեչյանն է։ Ասում է՝ թվային քարտեզի վրա տեղանունը կարելի է փոխել ցանկացած երկրում, եթե միայն տվյալ տարածքը միջազգայնորեն ճանաչվում է տվյալ երկրի մաս։ «Այս դեպքում Ադրբեջանի համար անվանափոխության գործընթացն հեշտ չի լինելու»,-արձանագրում է քարտեզագետը․

«Գրավյալ տարածքները Լեռնային Ղարաբաղի մասն են, Ադրբեջանը վերցրել է ինքնիշխան երկրի հողերը, դրանք իրենը չեն եղել, Ադրբեջանի կազմում չեն եղել։ Նրանք, առհասարակ, անուններ փոխելու անուններ չունեն, մինչև Ղարաբաղի կարգավիճակը միջազգայնորեն չորոշվի»,-ասում է քարտեզագետը։

Ռուբեն Գալեչյանն անձամբ նամակ է ուղարկել Google-ին՝ շեշտելով, որ Ադրբեջանը իրավունք չունի պահանջելու՝ փոխել հայկական տեղանունները։ Հիմա, քարտեզագետը կարևորում է հայկական կողմի ակտիվ արձագանքը․ «Մինչև Goօgle-ի որոշումը՝ պետք է պետական մակարդակով և շատ ակտիվ նամակներ ուղարկել»,-ասում է զրուցակիցս։ Արցախից Goօgle–ին նամակ է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա կոչ է արել չտրվել ադրբեջանական սադրանքներին ու չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից։ Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի պահանջը հիմնազուրկ է և հետապնդում է մեկ նպատակ՝ Արցախի ժողովրդին զրկել հայրենիքից։ Գեղամ Ստեփանյանը նամակում ներկայացրել է նաև միջազգային կարգավորումները, որոնք ամրագրում են, որ ժողովուրդներն իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդների ժառանգելու իրավունք։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը ևս արդրադարձել է ադրբեջանցիների պահանջին՝ նշելով, որ  դրանով խախտվում է «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիան և 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթը, որոնց տակ Ադրբեջանը ստորագրել է։

Թվային մյուս հարթակը, որտեղ շարունակվում է պատերազմը, ֆեյսբուքն է։ Դեռ անցյալ տարվանից այս տարածքում արգելափակվում են Մոնթեի նկարով հրապարակումներն ու օգտատերերի էջերը։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հիշում է՝ պատերազմի օրերին էլ էին նման դեպքեր գրանցվում, բայց զանգավածային դարձավ անցած աշնանը․

«Ֆեյսբուքը, իհարկե, բացատրություն չի տալիս, թե ինչու՞ է ջնջում կամ արգելափակում, բայց ենթադրում եմ, որ ալգորիթը հիմնվում է անգլերեն Վիքիպեդիայում նրա մասին գրված տեղեկության հիման վրա, ըստ որի նա «Ասալա»-ի անդամ է։ Շատ երկրներ դա համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Ես չգիտեմ, և ոչ ոք չգիտի՝ դա արվում է  թուրքերի ու ադրբեջանցիների բողոքների հիման վրա, թե միայն ֆեյսբուքի ալգորիթմի»։

Խնդրի վերաբերյալ գրառում էր կատարել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Նշել էր, որ ֆեյսբուքի իր էջը նորից ենթարկվում է ադրբեջանական հարձակումների, ինչի հետևանքով զգալի սահմանափակումներ են դրվել: Ըստ Բեգլարյանի` այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոսի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հետևանքով էջերի արգելափակելու խնդրով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր ֆեսբուքին՝ շեշտելով, որ ֆեյսբուքի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը։ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և ֆեյսբուքին են ներկայացվել նաև փաստեր, որ նրա մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում: Սամվել Մարտիրոսյանը ասում է, որ բոլոր այս նամակներին հնարավոր է ֆեյսբուքն առհասարակ չպատասխանի․

«Պատասխանելու ժամկետներ չկան, ու առհասարակ ֆեյսբուքը կարող է չպատասխանել էլ, որովհետև այդ կառույցը շատ դեպքերում փոքր երկրների վրա ուշադրություն չի էլ դարձնում։ Ֆեյսբուքի հետ պետական մակարդակով հարաբերություններ է պետք կառուցել, մանավանդ, որ արդեն տասյակ հազարներով տուժածներ ունենք։ Ավելին ասեմ, ֆեյսբուքը կարող է իր որոշումը ճիշտ համարել ու առհասարակ թույլ չտա Մոնթեի վերաբերյալ գրառում անել»։

Մարտիրոսյանի կարծիքով՝ ավելի ճիշտ է այս հարցով դիմել ֆեյսբուքին կից գործող Oversight board charter կառույցին, որտեղ աշխատում են իրավաբաններ ու լրագրողներ։ Այս դեպքում էլ փորձագետը կասկածում է, որ պատասխանը կստանանք խելամիտ ժամկետներում։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն