Ադրբեջանը խախտում է նախորդ դեկտեմբերին Հաագայի դատարանի կայացրած որոշման կետերը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգային հարաբերությունների,  հանրային կառավարման և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը։ Փորձագետն անդրադարձել է 2 կետի խախտմանը՝ հայերի հանդեպ ատելության քարոզ ամենաբարձր մակարդակով և Արցախի մշակութային ժառանգության աղավաղում։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը՝ հետաքրքրվել է «Ռադիոլուրը»։ Դրանք չեն ուշանա՝ շեշտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

ՄԱԿ-ի արդարադատության դատարանի (ICJ) կողմից միջանկյալ միջոցների հրապարակումից ուղիղ երկու ամիս անց արդեն ակնհայտ է, որ հակառակ կողմը կոպտորեն խախտում է դրանց առնվազն երկու առանցքային պահանջ՝ միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանի դիտարկումն է։

Ըստ Թաթիկյանի՝  հայերի հանդեպ ատելության քարոզը պետական ամենաբարձր մակարդակով ոչ միայն չի դադարել, այլև դրսևորվում է «նոր, ֆանտազիայի ժանրի գլուխգործոցի հասնող ստահոդ ստերեոտիպներ արմատացնելու և հերթական սերունդ հայատյաց ոգով աճեցնելու միջոցով, իսկ դա բևեռայնորեն հակասում է խաղաղության հայեցակարգին»։ Թաթիկյանը նկատում է նաեւ՝ Արցախի մշակութային պատմության աղավաղման, մշակութային ժառանգության ուծացման և հուշարձանների վրայից հայկական հետքերը ջնջելու միջոցով հակառակ կողմը շարունակում է պետական մակարդակով, համակարգված ձևով և բացահայտորեն անդառնալի վնաս հասցնել հայկական հուշարձաններին և դրանք ներկայացնել որպես ոչ հայկական։

Ի՞նչ է ձեռնարկել հայկական կողմն Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման կետերի չկատարման մասով․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նախ հիշեցնում է՝ Հաագայի որոշումը բավականին լուրջ իրավական փաստաթուղթ է, ապա շեշտում.

«Այն պարտադիր է կողմերի համար, հատկապես այս դեպքում, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, այս փաստաթուղթը ուղղակի իրավական պարտականություններ է ստեղծում Ադրբեջանի համար։ Մենք հետամուտ ենք լինում, ուշադիր հետևում ենք Ադրբեջանի ցանկացած քայլի, որը կարող է դիտարկվել այդ որոշման համատեքստում։ Մենք, բնականաբար, չենք դադարում քննարկել, գնահատել Ադրբեջանի ամեն մի քայլը, արած հայտարարությունը․ այդ պատճառով չեն ուշանա մեր պատասխանները»։

Նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր իր որոշումն Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման մասով։ Որոշումը կայացվել է ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։  Հաագայի դատարանն Ադրբեջանից պահանջել էր դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը, ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարաձգել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը եւ ոչ միայն։ 

Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ եթե մենք փաստարկված, ապացույցներով դիմենք Հաագայի դատարան, ճիշտ օգտագործենք ադրբեջանական սադրիչ ու կեղծ հայտարարությունները, դատարանը կարող է կրկին քննարկել հարցը, նոր միջոցներ կիրառել կամ փոփոխել իր միջոցները, գնալ որոշակի այլ քայլերի․

«Բայց մենք ունենք նաև ավելի հեռուն գնացող մեխանիզմ՝ անվտանգության խորհրդի մեխանիզմը՝ այսպես ասած՝ վերջին ատյանը,  որտեղ հարցը կարող է հասնել շարունակական չկատարման և խախտումների պարագայում»

«Այն, ինչ ասում է Ալիևը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, նացիզմ է, ահաբեկչություն է, և մենք պետք է երբեք իրականությունից չկտրվենք, հասկանանք՝ ում հետ գործ ունենք»,- Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի արձանագրումն է։

Հաագայի դատարանի որոշումների անթաքույց խախտումները հաճախ դրսևորվում են անգամ պետական ամենաբարձր մակարդակում՝ Ադրբեջանի նախագահի կողմից․ սա էլ ՀՀ ՄԻՊ-ի արձանագրումն է վերջին զեկույցներից մեկում։ Այնտեղ մեջբերված է Ալիեւի հայտարարությունը, որ այդ երկրում երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ։ Ալիեւի մոլորեցնող, ազգատյաց, հայատյաց հայտարարությունները լայն արձագանք ու տարածում են գտնում այդ երկրի մտավորականության շրջանում: Արման Թաթոյանը ներկայացնում է նաեւ սադրանքների նոր՝ նախկինում չհանդիպող դրսեւորումներ.

«Այս վերջում նաև նոր ուղղություն է ակտիվ շրջանառվում, որը վերաբերում է Սփյուռքի հետ մեր հարաբերություններին։ Ադրբեջանի նախագահն ավարի պարկը բացելու և դրան հաջորդող ելույթի ժամանակ հատուկ ասում է, որ հայերը թունավորված են, և այդ թույնը հիմնականում գալիս է հայկական սփյուռքից։ Ասում է, որ այդ հարցին նույնպես պետք է լուծում տրվի»։

Ադրբեջանն օրեր առաջ հանձնաժողով է ստեղծել, որն իբր պետք է ուսումնասիրի հայկական մշակութային ժառանգությունը, հայկական գրերը, որոնք ադրբեջանցիները փորձում են որպես ալբանական մշակույթ ներկայացնել։ Այս քայլերը նույնպես հակասում են Հաագայի դատարանի որոշմանը՝ պնդում են միջազգային իրավունքի մասնագետները՝ հավելելով՝ Ադրբեջանն իր հայատյաց գործունեությունը փորձում է ծավալել գիտական կեղծ շղարշի տակ։

Միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը կարծում է՝ մեր իշխանությունները, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի ընթացակարգերի համաձայն, պետք է բարձր մակարդակով պաշտոնապես և առանց հետաձգելու դատարանին ծանուցեն այս կոպիտ և անդառնալի վնաս հասցնող խախտումների մասին։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն