«Հայաստան» դաշինքը նվազագույն աշխատավարձի վերանայման նախագիծ է ներկայացրել` առաջարկելով 68 հազար դրամը բարձրացնել եւ դարձնել 100 հազար դրամ: Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին` 55-ից դառնալով 65 հազար դրամ: Նախագծի հեղինակ Աղվան Վարդանյանն առաջարկը հիմնավորել է գնաճով, սակագների բարձրացմամբ, նվազագույն աշխատավարձի անբավարարությամբ, որը սպառողական նվազագույն պահանջարկին չի բավարարում: Ենթադրվում է, որ իշխանությունը, որը սիրով եւ մեծ արագությամբ բարձրացնում է ՔՊ-ական պաշտոնյաների աշխատավարձերը, պետք է սրան եւս համաձայներ, սակայն իշխանությունը կատաղի դիմադրություն ցուցաբերեց այս նախագծին` նախ, կառավարությունն է բացասական եզրակացություն տվել, ապա սոցիալական հարցերի հանձնաժողովը:

Աղվան Վարդանյանը հանձնաժողովի նիստում ներկայացրել է իր առաջարկը, ապա առաջարկել է կոմպրոմիսի գնալ, օրինակ` բարձրացնել ոչ թե 100 հազար դարձնելով, այլ 80 հազար դրամ, կամ` ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել, ասենք` 2023 թվականի հունվարից, սակայն ժողովրդի ուսերին իշխանության եկած մարդիկ, որոնք 2018 թվականին ոսկե սարեր էին խոստանում, որ բարձրացնելու են բարեկեցության մակարդակը, աշխատատեղեր են ստեղծելու, հավասարություն են հաստատելու, արտոնյալներ չեն լինելու եւ այլն: Սակայն, պարզվեց, որ իրականում ճիշտ հակառակն են անում` բարձրացնում են իրենց բարեկեցությունը, իրենց աշխատավարձերը, թափուր աշխատատեղերում նշանակվում են ՔՊ-ականները կամ ՔՊ-ականների մերձավորները, տենդերները շահում են իրենք եւ իրենց մերձավորները: 

Շատ ուշագրավ էր հետեւել, թե ինչպես են «ժողովրդի ծոցից» դուրս եկած Բաբկեն Թունյանը, որը տարիներ շարունակ գրել է սոցիալական ու տնտեսական խնդիրների մասին եւ անարգանքի սյունին գամել նախկին իշխանություններին` գնաճի, գազի-հոսանքի գների բարձրացման համար, դատապարտել է, որ աշխատավարձի ու կենսաթոշակների ինդեքսացիա չի իրականացվում, հիմա դեմ է դրան: Իսկ Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի համազեկուցող Հերիքնազ Տիգրանյանը, որը ժամանակին աշխատել է «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հասարակական կազմակերպությունում, ներկայացրել քաղաքացիական հասարակությունը եւ քննադատել իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունը, հիմա դեմ է արտահայտվում այդ հասարակության կենսամակարդակի բարձրացմանը` ծեծված ու բովանդակազուրկ արտահայտություններով առաջարկում է մերժել այդ նախագիծը: 

Ի դեպ, Աղվան Վարդանյանը իր ներկայացրած նախագծի հիմնավորման տեքստը կազմել էր 2019 թվականին կառավարության ներկայացրած հիմնավորումների մեջբերմամբ` բառացի ներկայացնելով այն տեքստը, ինչով ՔՊ-ականները 2019 թվականին հիմնավորել են նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դրամ դարձնելու առաջարկը: Փաստորեն` իշխանությունը դեմ է իր իսկ ներկայացրած հիմնավորումներին:

Ստացվում է, որ ընդդիմությունը փորձում է սոցիալական հարցեր լուծել, իսկ ժողովրդի մեծ մասի քվեն ստացած իշխանությունը դեմ է դրան: Եւ սոցիալական անհավասարությունը իշխանության եկած խմբակի ու հասարակ ժողովրդի միջեւ գնալով խորանում է:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն