Նոր նախագահի եկամուտների հետ կապված էլ են բազմաթիվ հարցեր ծագելու
Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականից հետո տարատեսակ վարկածներ շրջանառվեցին Հայաստանի նախագահի հեռանալու պատճառների մասին` սկսած Փաշինյանի հետ պայմանավորվածությունից, թե Արմեն Սարգսյանը հեռանում է՝ ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի համար, երկքաղաքացիության չարչրկված թեմայից մինչեւ կասկածելի հայտարարագիր ու արտերկրում թաքցված գույք: Մինչդեռ պարզվում է՝ իշխանության սրտի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դեպքում էլ ամեն ինչ պարզ եւ թափանցիկ չէ։
Նախ՝ հունվարի վերջերին, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ նախագահի թեկնածուն Խաչատուրյանն է, լրատվամիջոցներում «սքրին շոտ»-եր հայտնվեցին, որ նա անցած տարվա օգոստոսի 4-ից լինելով բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար՝ չի կատարել օրենքի պահանջը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել։ Մի քանի օր անց ինչ-որ հրաշքով հանձնաժողովի կայքում հայտնվեց նրա հայտարարագիրը, որը ներկայացվել էր 2021 թ. դեկտեմբերի 30-ին։ Անգամ այդ պարագայում նախարարը խախտել է օրենքի պահանջը. «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային ծառայողը պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը պարտավոր է ներկայացնել պաշտոնը ստանձնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Եվ չնայած հանձնաժողովը ժամկետի փոփոխություն է արել, ամեն դեպքում, հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է եղել:
Ի դեպ, չնայած օրենքը ժամկետներ է սահմանում, սակայն հայտարարագիրը չներկայացնելու համար պատասխանատվության խնդիրը հստակ կանոնակարգված չէ, նախ՝ մեկամսյա ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովը պետք է ծանուցի տվյալ պաշտոնյային, որ պարտավոր է հայտարարագիր ներկայացնել, պաշտոնյան ծանուցումը ստանալու պահին պետք է այն ստորագրի, եւ ծանուցումից հետո նա մեկ ամիս էլ ժամանակ ունի հայտարարագիր ներկայացնելու համար: Եթե դարձյալ չի կատարում պահանջը, նոր վարույթ է կազմվում եւ ներկայացվում է պատկան մարմիններին։ Որոշ տեղեկություններով, Խաչատուրյանը չի ծանուցվել եւ հայտարարագիրը ներկայացրել է միայն այն ժամանակ, երբ հայտարարեցին, որ նա է իշխանությունների` նախագահի թեկնածուն։
Վերադառնալով հայտարարագրին։ Դեռեւս օրեր առաջ, երբ թեկնածուի հայտարարագիրը նոր-նոր հասանելի էր դարձել, լրատվամիջոցները, հղում անելով ներկայացված փաստաթղթին, հրապարակեցին նրա ունեցվածքը, որոնց թվում՝ անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ ու երկու հողամաս։ Բոլորի դեպքում նա միանձնյա սեփականատեր է։ ԶԼՄ-ներում կան հրապարակումներ առ այն, որ բնակարանն ու ավտոտնակը նվիրատվություն են։ Եվ որ բնակարանն ու ավտոտնակը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում, հողամասերից մեկը՝ Արաբկիրում, մյուսը՝ Ձորաղբյուրում։ Իսկ երեկվա դրությամբ հանձնաժողովի կայքում թեկնածուի եւ ընտանիքի անդամների՝ կնոջ եւ որդու հայտարարագրերում նրանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հասցեները չկան, դրանք, ամենայն հավանականությամբ, «փակել» են՝ անձնական տվյալների անվան տակ, «պաշտպանված» մակնշումով։ Եկամուտների հայտարարագրման վարչությունից մեզ հայտնեցին, որ թեկնածուն օրենքով սահմանված մեկշաբաթյա ժամկետում փոփոխություններ չի իրականացրել հայտարարագրում, սակայն հանձնաժողովի մեր աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովն իրավասու է հայտարարատուի հայեցողությամբ չհրապարակել կամ թաքցնել անձնական տվյալները։
Մեր տեղեկություններով՝ Վահագն Խաչատուրյանի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը գտնվում է Զաքյան 5 հասցեում։ Ընդ որում՝ շենքի առաջին հարկն օֆիսային տարածք է, որն այժմ զբաղեցնում է հաշվապահական ընկերություն: Շենքի բնակիչներն ասում են, որ դա եւս Խաչատուրյանին է պատկանում, իսկ վերեւի հարկում բնակվում է Խաչատուրյանների ընտանիքը։
Մասնավորապես, խոսքը «Ֆիլին Էյ Էմ» հաշվապահական խորհրդատվական գործակալության մասին է, որը գործում է 2020 թվականի հունիսի 15-ից, ընկերության ղեկավարը ոմն Արմինե Սահակյան է։ Չի բացառվում, որ հիշյալ ընկերությունը վարձակալական հիմունքներով է օգտագործում նշված տարածքը: Երեկ մենք փորձեցինք սույն ընկերությունից պարզել, թե ով է սեփականատերը, ինչ հիմունքներով են իրենք այդ տարածքը զբաղեցնում, բայց մեր հարցին չցանկացան պատասխանել։
Ի դեպ, ԿԸՀ կայքի ընտրողների ռեգիստրում Վահագն Խաչատուրյանը հաշվառված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոց 112, 4 հասցեում, որտեղ եւս երկու անձ է գրանցված` Սոֆյա Գասպարյանը եւ Գայանե Գրիգորյանը: Որդին` Արամ Խաչատուրյանը, հաշվառված է Այգեձորի 78, 22/ա հասցեում: Վահագն Խաչատուրյանի կինը` Անահիտ Մինասյանը, հաշվառված է Լենինգրադյան փողոցի 50, 84 հասցեում, նույն հասցեում է հաշվառված նաեւ Արփինե Վահագնի Խաչատուրյանը:
Ի դեպ, Զաքյան 5 հասցեում է բնակվում նաեւ Մերուժան Տեր-Գուլանյանը: Մենք կապվեցինք նրա հետ, եւ նա հաստատեց, որ ապագա նախագահն իր հարեւանն է։ «Ես այս շենքում եմ ապրում շուրջ 22 տարի, պարոն Խաչատրյանը մեր կողքի մուտքում է ապրում, չեմ կարծում, թե իմ պես հնաբնակ է, բայց, այո, տեսնում եմ իրեն»,- ասաց Տեր-Գուլանյանը։
Նշենք, որ մայրաքաղաքի այդ հատվածում Խաչատուրյանին պատկանող գույքի մոտավոր արժեքը 300-350 հազար դոլար է, եթե անգամ նվիրատվություն է ստացել, ապա ումի՞ց եւ ինչո՞ւ։ Հիշեցնենք նաեւ, որ 20 տարուց ավելի՝ 1998 թվականից մինչեւ 2019 թվականը, Վահագն Խաչատուրյանը որեւէ տեղ չի աշխատել:
ՀՀ նախագահի թեկնածուի հայտարարագրի վերլուծությունից պարզ է դառնում, որ նա իր ստացած եկամուտներով դժվար թե կարողանար Երեւանի կենտրոնում նման գույք ձեռք բերել։ Իր հայտարարագրում նա ինչ-որ դրամական միջոցներ էլ է նշել, որոնք ստացել է ԵՊՀ-ից, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից եւ «Անտարեսից», իսկ «Հայէկոնոմբանկից» ստացել է 5 միլիոն 400 հազար դրամ, որտեղ նա աշխատանքի է անցել նախարարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը 2 տարի 2 ամիս առաջ՝ 2019-ի հունիսին։
Նախագահացուի կինը՝ Անահիտ Մինասյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի աշխատակից է, աշխատավարձի բաժնում տարեկան եկամուտ է հայտարարագրված 1 մլն 700 հազար դրամ, ամսական մոտ 140-150 հազար դրամ աշխատավարձ։ Որդին՝ Արամ Խաչատուրյանը, աշխատում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ում, որպես աշխատավարձ է նշել 2 մլն 800 հազար՝ տարեկան կտրվածքով, այսինքն` ամսական մոտ 200-230 հազար դրամ։ Ստացվում է՝ մոտավոր հաշվարկներով, Խաչատուրյանների ամսական եկամուտը կազմել է շուրջ մեկ միլիոն դրամ:
Իսկ Խաչատուրյանի պաշտոնական կենսագրության համաձայն, նա հասարակական գործունեություն է ծավալել. 2000 թվականից եղել է «Արմատ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» հիմնադիր անդամ, 2006-ից՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2008-2013 թթ․ եղել է ՀԱԿ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, կուսակցության տնտեսական հանձնախմբի անդամ եւ միայն 2019-ին է աշխատանքի անցել իշխանության սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկում։ Պաշտոնական կենսագրության մեջ, ի դեպ, Խաչատուրյանի դասախոսական կենսագրության մասին էլ տող չկա: Սակայն եթե նույնիսկ վերջին 25 տարում Խաչատուրյանը դասավանդել է բուհում, ապա դասախոսական աշխատավարձով հնարավոր չէ մայրաքաղաքի կենտրոնում բնակարան ձեռք բերել, մնացած հասցեների մասին էլ չենք խոսում։
Hraparak.am