Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես 30 տարեկան են, բայց ինչպես Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է ձևակերպել ԻԻՀ ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ուղղված շնորհավորական ուղերձում՝ երկկողմ հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձություններով կոփված անխախտ համագործակցությամբ։  ԳԱԱ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովի ընթացքում էլ հիշեցրել են երկկողմ հարաբերությունների ոչ թե  30-ամյա, այլ 3 հազարամյա հոբելյանը։

Տարածաշրջանի կայունության և խաղաղության մասին այսօր խոսում են և Հայաստանում, և Իրանում։ Կայուն խաղաղությունը ենթադրում է նաև տնտեսական ծրագրերի իրականացում՝ԳԱԱ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։  Ըստ նրա՝ հայ-իրանական հարաբերությունները բարիդրացիական-մշակութայինից պետք է ավելի բարձր` տնտեսական-անվտանգային մակարդակի տեղափոխվեն։ Բեգլարյանն իր առաջարկը հիմնավորել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով։ «Միջին Արևելքի ու Կովկասի քաղաքական հարցերի այն շաղկապվածությունը, որին ականատես ենք, համոզմունք է ներշնչում, որ Հայաստանի ու Իրանի քաղաքական, անվտանգային ու տնտեսական հարաբերությունները պետք է նոր թափ ստանան»,-ասել է Մեջլիսի պատգամավորը։

Տնտեսական հարաբերությունների համատեքստում  քննարկվող առանցքային ծրագրերից մեկը  Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տարանցիկ ճանապարհի գործարկումն է։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ Իրանը կարեւոր նշանակություն է տալիս թե Հայաստանով, թե Ադրբեջանով անցնող ճանապարհներին։ Դեսպանի կարծիքով, Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող տարանցիկ ճանապարհը լուրջ հնարավորություններ է ստեղծելու բոլոր  այն երկրների համար, որոնց տարածքով այն անցնելու է։

«Իրանի համար կոմունիկացիաները  շատ կարևոր են։ Խոսքը  և Հայաստանի տարածքով, և Ադրբեջանով անցնող  կոմունիկացիների մասին է։ Բայց Պարսից Ծոց-Սև ծով տարանցիկ ուղին, որի շուրջ քննարկումները գնում են, և առաջիկա ամռանը նախատեսվում է հանդիպում, որպեսզի այդ ուղու հետ կապված իրավական հարցերը վերջնական տեսքի բերվեն»։

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը կասկածի տակ էր դրել տարացիկ ճանապարհի՝ Հայաստանով անցնելու հեռանկարը ՝ հղում անելով  Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին․ «Իրանը խորհրդակցում է Ադրբեջանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շուրջ համաձայնագիր կնքելու հարցի շուրջ»,-ասել էր իրանցի պաշտոնյան  և հիշեցրել, որ Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով նոր տրանսպորտային միջանցքը փորձնական ռեժիմով գործարկվել է 2021 թվականի դեկտեմբերին։

Իսկ  թե ինչու ճանապարհը  պետք է շրջանցի Հայաստանը, արդեն վերլուծել են իրանական  ԶԼՄ-ները ՝  հիշեցնելով  Գորիս-Կապան ճանապարհի մի մասի՝ ադրբեջանական հսկողության տակ  անցնելն ու իրանցի վարորդների վճարած տուրքերը, ինչպես նաև նոր կառուցված Տաթև-Աղվանի ճանապարհի ժամանակավոր անհարմարությունը։ Սրանք, ըստ իրանական լրատվամիջոցների,  պատճառներ են, որ Իրանը հրաժարվի Հայաստանը տարանցիկ երկիր դիտարկելուց: 

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հատուկ շեշտում է, որ Պարսից Ծոց-Սև ծով ճանապարհն առանձին ուղի է, որը կապ չունի Զանգեզուրի, այսպես ասած միջանցքի հետ։ Այս պարզաբանմամբ  դեսպանը արձագանքել է լրագրողների այն հարցադրմանը, թե այս տարանցիկ ճանապարհն  արդյո՞ք այլընտրանք  է դիտարկվում «Զանգեզուրի միջանցքին»։

«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտնել են իրենց դիրքորոշումը։ Պարսից ծոցը-Սեւ ծովին կապող տարանցիկ ճանապարհը ոչ մի կապ չունի ձեր ասած թեմայի հետ։ Դա առանձին ճանապարհ է»։

Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն  բացելու ժամկետների մասին կհայտարարվի շուտով ։ Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պարզաբանել է, որ հյուպատոսության բացումը վարչական որոշակի ընթացակարգեր է ենթադրում։ «Եվ հայկական, եւ իրանական կողմերը պետք է ավարտին հասցնեն գործընթացը»,-ընդգծել է դեսպանը։  Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում հայտարարվեց, որ  Իրանի կառավարությունը առաջարկել է Կապանում հիմնել Իրանի գլխավոր հյուպատոսություն: Հայաստանի արտգործնախարարությունը էլ հայտնեց, որ Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:

Տարածաշրջանային համագործակցության կարևորության մասին օրերս խոսեց նաև Իրանի արտաքին քաղաքական գերտեսչության ղեկավարը։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն, ի դեպ,  առաջինն է շնորհավորել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին երկու երիկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, ընդգծել Իսլամական Հանրապետության կամքը՝ ամրապնդելու Հայաստանի  հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։

Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ԳԱԱ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովի ընթացքում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասել է, որ 30-ամյա հոբելյանի կողքին  նաև  միջպետական հարաբերությունների պատմության 3 հազարամյա հոբելյանն է։ Ըստ պատմաբանի՝ ի տարբերություն մեր հարևան աշխարհակալ այլ տերությունների, Իրանը ժամանակ առ ժամանակ Հայոց պետականության նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունք է ունեցել նաև։

«1724 թ-ին, օրինակ, Սյունիքում Դավիթ Բեկի իշխանությունը ճանաչվեց պարսից շահի կողմից, և ընդհանուր հայ-իրանական հակաթուրքական ճակատ ստեղծվեց։ Այդ ավանդույթը շարունակվեց Նադիր շահի ժամանակ, երբ 1736 թ-ին Նադիր շահը ստեղծեց Խամսայի մելիքությունները Արցախում։ Սյունիքի, Արցախի, Արարատյան դաշտի այդ մելիքությունների անունը՝ «Մլեք», ևս վկայում է, որ պարսից արքունիքի կողմից ճանաչվում է հայկական ինքնիշխան կազմավորումները որպես թագավորություններ»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են 1992 թ. փետրվարի 9-ին, երբ Թեհրանում ստորագրվել է հռչակագիր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն