Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և ՄԱԿ-ը քննարկում են իրենց խաղաղապահ գործունեությունն ինտեգրելու եղանակները՝  «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 16-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և, ի թիվս այլ հարցերի, կխոսի Ղազախստանում իրավիճակը կայունացնելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերի մասին։ Ինչ սպասել ՄԱԿ-ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության ինտեգրումից, ինչ է սա նշանակում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 16-ին պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Սպասվող ելույթն ուշագրավ է մի շարք առումներով։ Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանի հայտարարությունն առ այն, որ Զասն իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, կխոսի նաև ՄԱԿ-ի ու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հնարավոր ինտեգրման, փոխգործակցության ու փորձի փոխանակման մասին։

ՄԱԿ-ի խաղաղապահների գործնական փորձն ուսումնասիրելու նպատակով դեռ 2021-ի դեկտեմբերին ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներն այցելել էին Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի տեղակայման վայրեր՝ հիշեցրել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։

Ինչպե՞ս ու ի՞նչ հիմնական նպատակով են փորձում իրենց խաղաղապահ ուժերը միմյանց ինտեգրել ՄԱԿ-ն ու ՀԱՊԿ-ը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ այս երկու կառույցների  խաղապահների «համագործակցության» մասին նոր չէ, որ խոսվում է։ Կուլիսային խոսակցություններն այս թեմայով արդեն մի տարի է՝ շրջանառվում են։ Հովհաննիսյանը կարծում է՝ սա ավելի շատ ձեռնտու է ՀԱՊԿ-ին, մասնավորապես, Ռուսաստանին։

«Այնպես որ, այս ժամանակաշրջանում ՀԱՊԿ-ը, մասնավորապես, Ռուսաստանը հասկացավ, որ շատ ավելի հեշտ է ռազմական ներկայություն ունենալ խաղաղապահի տեսքով այս կամ այն տարածաշրջանում, քան հենց ուղիղ ռազմական ձևով»։

Կարեն Հովհաննիսյանը կարծում է՝ ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունն ինտեգրելու միջոցով աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում փորձ է արվում ՀԱՊԿ-ին օժտել խաղաղապահի մանդատով․ տարածաշրջանում հանդարտ չէ, ու վաղը կարող է դրա կարիքը լինել՝ հավելում է փորձագետը։ Ընդ որում, «Ռադիոլուրի» զրուցակիցը չի բացառում, որ հենց Ուկրաինայում ՀԱՊԿ-ը  սկսի  խաղաղապահ գործունեություն ծավալել, ու ստացվի  այնպես, որ ռուսներն էլ են ՀԱՊԿ խաղաղապահների կազմում հայտնվեն Ուկրաինայում։ Իրականում  պատմության մեջ կա նման նախադեպ, երբ հակամարտող մի պետություն իրականացնում է խաղաղապահ գործունեություն որևէ կառույցի կազմում, բայց ոչ իր պետության դրոշի ներքո։



«Այո, չի բացառվում, եթե տվյալ ռազմական կառույցը նաև խաղաղապահ գործառույթ է իրականացնում։ Չի բացառվում, որ հենց Ուկրաինայում ՀԱՊԿ խաղաղապահները սկսեն խաղաղապահ գործունեություն իրականացնել, որովհետև վայելում են առնվազն մեկ կողմի անվերապահ աջակցությունն ու վստահությունը»։

Ռուսաստանը ցանկանում է իրականացնել խաղաղապահ առաքելություն ոչ թե իր՝ պետության, այլ ՀԱՊԿ-ի դեմքով՝  ասում է Հովհաննիսյանը։ Վերջիվերջո, ՀԱՊԿ-ն իր ստեղծած կառույցն է, և ցանկություն կա բարձրացնելու դրա դերն ու նշանակությունը միջազգային արենայում։ Ի՞նչ անդրադարձ կունենա սա Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ-երկրի վրա, եթե ՀԱՊԿ-ն ու ՄԱԿ-ը որոշեն որևէ կերպ մեկտեղել խաղաղապահ ջանքերը։

«Այս դեպքում, եթե մենք խոսենք շահերի տեսանկյունից, ապա ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գոնե մի քանիսով ավել կարող են տիրապետել միջազգային ռազմական գործին, ինչու չէ՝ խաղաղապահ գործին»։

Սակայն միաժամանակ ռազմական փորձագետը, մեկնաբանելով իրողությունների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցության քաղաքական բաղադրիչը, շեշտում է՝ մենք դեռ հստակեցնելու շատ հարցեր ունենք․

«Քաղաքական առումով մենք բավականին անհասկանալի իրավիճակում ենք հայտնվում, որովհետև խաղաղապահ զորքեր ենք ունենում ՄԱԿ-ի կազմում, ՀԱՊԿ-ի կազմում։ Թվում է, թե ում խաղաղապահ ուժ է պետք որևէ տարածաշրջանում, մենք պատրաստակամություն ենք հայտնում այնտեղ հայտնվելու․ օրինակներն են Սիրիան, Ղազախստանը»։

ՄԱԿ-ի ու ՀԱՊԿ-ի խաղաղապահների համագործակցությունը ձեռնտու է նաև  արևմուտքին՝ ասում է փորձագետը․ինչ-որ առումով կարելի է ասել, որ ՄԱԿ-ը վերահսկողություն է ունենալու ՀԱՊԿ-ի վրա․

«Վերջիվերջո, ՄԱԿ-ն այդ համագործակցության արդյունքում կարողանում է նաև որոշակիորեն ազդեցություն ունենալ ՀԱՊԿ-ի վրա՝ նրա գործողությունների ու հետագա գործունեության վրա»։

ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը նախորդիվ նաև ռուսական «Ռիա Նովոստի»-ին տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ-ը և ՄԱԿ-ը պարբերաբար գործնական շփումներ են ունենում դեռ 2010 թվականի մարտից՝ դրանց քարտուղարությունների միջև նախ համագործակցության համատեղ հռչակագրի, ապա 2012-ին  փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։ Ստեղծվել է խաղաղապահ հարցերով ՀԱՊԿ-ՄԱԿ համատեղ աշխատանքային խումբ։ Այժմ  խաղաղապահ գործունեությունը կարգավորող նորմատիվ-իրավական դաշտը մշակվում է հենց ՀԱՊԿ ձևաչափով, ինչը, ի թիվս այլ կետերի, ենթադրում է նաև, որ  ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը կարող են գործի դրվել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն