Լավագույն 5 գաղափարները՝ Գյումրիից
Չինացի զբոսաշրջիկներին Հայաստան բերելու, հայ գյուղատնտեսին ու սպառողին օնլայն կապելու, Գյումրիի հաստոցաշինական ավանդույթները նորարարական լուծումներով վերականգնելու, բեմում լուսավորության նոր համակարգեր տեղադրելու առաջարկները հաղթող են ճանաչվել են Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթում։ Դրանք իրականացնելու համար ընկերությունները ֆինանսական աջակցություն կստան։ Ուշագրավն այն է,որ հաղթող բոլոր կազմակերպությունները Գյումրիից են։
Հայաստանի կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից տրվող դրամաշնորհների մրցույթում հաղթող ճանաչված 5 ընկերություններն էլ Գյումրիից են։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ուրախ է, որ մարզային ծրագրերում Գյումրին առաջատար է, մյուս կողմից էլ տխուր, որ մյուս մարզերի ներկայացրած ծրագրային հայտերը մրցակցությանը չդիմացան։
«Իրականում բավականին զարմանալի էր ու նաև ուրախալի, որ ամենաբարձր գնահատված առաջին 5 կազմակերպություններն էլ Գյումրիից էին։ Ծրագրի լավ բաղադրիչներից մեկն այն է, որ բավական մեծ ներդրումներ, նորարարություն ենք բերում Հայաստան, հաջորդ լավ մասն էլ այն է, որ մարզերին «ստիպում ենք» զբաղվել նորարարությամբ»։
hy.armradio.am