Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ դեմարկացիան ու դելիմիտացիան կսկսեն՝ առանց նախապայմանների։ Հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է նաև բացառապես խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու հարցում, իսկ քանի դեռ հիմնախնդիրը լուծված չէ, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն։ Ռուս խաղաղապահների կարևոր դերակատարումը շեշտվել է նաև ԵԱՀԿ համանախագահող երեք երկրներից երկուսի՝ ՌԴ ու Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը։

Սկսել դեմարկացիան ու դելիմիտացիան՝ առանց նախապայմանների․ Հայաստանի դիորքրոշումն անփոփոխ է։ Պաշտոնական Երևանը Բաքվին հիշեցնում է 2021–ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ պայմանավորվածությունը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան․

«Հայտարարության մեջ նշված է՝ անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, ապա սկսել  դեմարկացիան ու դելիմիտացիան։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունը իրագործվի»։

Ադրբեջանը պնդում է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում Հայաստանն առաջ է քաշում նախապայմաններ։ Վերջին նման հայտարարությունն արել էր այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մոլդովայի պաշտոնակից հետ հանդիպումից հետո։ Նա ասել էր, թե Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Պաշտոնական Երևանը հիշեցնում է պայմանավորվածության մասին։ Անվտանգության եւ կայունության բարձրացման անհրաժեշտ քայլերից է զորքերի հայելային հետքաշումը։ Առաջարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Բացատրում է․ «Ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում. հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորությամբ պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողներին եւ, հընթացս, նաեւ պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»։

Հայաստանի ԱԽ քարտուղարը հստակեցնում է՝ երբ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ են կանգնած, ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, կարող են սրացումներ լինել։ Հենց սրա համար է Հայաստանն առաջարկում զորքերը հետ քաշել։

«Այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում լինել»։



Դեմարկացիայի ու դելիմիտացիայի դեպքում գյուղերը  անպաշտպան չեն մնա՝ ասում է վարչապետը։ Նա շահարկում է համարում այս թեմայով քննարկումները։ Փաշինյանը նաև նշում է՝  «այնպես չէ, որ հայկական կողմի առաջարկը լիարժեք՝ 100 տոկոսով համապատասխանում է… կամ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար, կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար»։

«Կա սահմանային գիծ, եւ մենք կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետքաշում տեղի ունենա։ Ընդ որում՝ արձանագրելով, որ սա չի կանխորոշում  հետագա դեմարկացիայի արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա»։

Դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքներին պատրաստ է փորձագիտական աջակցություն տրամադրել ԵՄ–ն ։ Սահմանագոտում լարվածության նվազեցման եւ սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի հարցերը քննարկվել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԵԽ-ի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ու մասնակցությամբ անցկացված Փաշինյան-Ալիեւ հեռավար  հանդիպմանը։ 

Հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել նաև հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների մանդատի ներքո լուծելու հարցում։

«Մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք։ Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է։ Կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ունեն բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ ակտիվ լինելու դեպքում կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլի ձեռնարկումը»։

ԱԽ քարտուղարի խոսքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ լինեն՝ մինչև երկարաժամկետ լուծում գտնելը:  ԼՂ իրավիճակի հարցը քննարկել են նաև ԵԱՀԿ համանախագահող երեք երկրներից երկուսի՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները։ Շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարումը հիմնախնդրի կարգավորման հարցում։ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը դիտարկելիս՝ նրանք ընդգծել են ռուս խաղաղապահների դրական դերը։ Նաև վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ 

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն