Այս փուլում բավական շատ է խոսվում այն մասին, որ հայաստանյան իշխանությունն ամենաբարձր մակարդակով ձեռքերը լվանում է Արցախից եւ համաձայնում այն ամբողջապես Ադրբեջանի կազմում թողնելու մտքին, այն դեպքում, երբ այդ սպառնալիքն առկա էր եթե ոչ 2018-ից, ապա առնվազն կապիտուլյացիոն հայտարարության կնքման պահից։ Ի տարբերություն 1994-ին կնքված զինադադարի եռակողմ փաստաթղթի՝ Արցախի ներկայացուցչի ստորագրությամբ, այս անգամ Հայաստանը պաշտոնապես ընդունեց, որ արցախյան կողմ չկա, եւ Փաշինյանն իր ստորագրությունը դրեց ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի անունից եւ նրա փոխարեն։

Հայտնի ասացվածքի հանգույն՝ խուսափելով պատերազմից՝ մեր իշխանությունն ստացավ ե՛ւ պատերազմ, ե՛ւ խայտառակություն։ Այդ պատճառով Հայաստանի տարածքի սողացող զավթումը շարունակվում է հետպատերազմյան ամբողջ շրջանում եւ շարունակվելու է ներկայիս վարչախմբի կառավարման ընթացքում։ Փաշինյանը, հավանաբար, հայ ժողովրդի արթնացումից շատ ավելի է վախենում, քան իրեն իբրեւ գործընկեր ընկալող Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Թշնամու համար Փաշինյանի իշխանությունը չի կարող իբրեւ սպառնալիք կամ վտանգ ընկալվել, քանի որ նա զուրկ է պահանջներ եւ նախապայմաններ առաջադրելու հնարավորությունից, հետեւաբար՝ անձամբ նրա եւ Հայաստան պետության հետ ոչ ոք հաշվի չի նստելու եւ չի հարգելու, վկան՝ Լուկաշենկոյի ցինիկ տեքստը մեր մասին։

Միայն հայ հանրության մեջ առկա այն ողջամիտ կասկածը, որ Փաշինյանը կարող է դավադիր ծրագրի մասը լինել, քանի որ ամեն գնով կանխում է պատերազմի մասին ամբողջ ճշմարտության վերհանումը, ինքն էլ սեփական անվտանգության նկատառումներով ատամներով կառչած է աթոռից, անսպառ հաղթաթուղթ է թշնամու ձեռքին՝ բարոյական ճնշում գործադրելու Փաշինյանի վրա եւ ստիպելու նրան գլխիկոր իրագործել հայադավ պայմանավորվածությունները։ Չէ՞ որ Բաքվում հիշում են, որ պատերազմն ավելի վաղ դադարեցնելու պուտինյան առաջարկը Երեւանում մերժվել է, իսկ ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի պնդմամբ՝ այդ առաջարկն անգամ Անվտանգության խորհրդի անդամներին չի զեկուցվել։ Պարզ չէ՞, որ միայն այս փաստը շարունակաբար շահարկելով՝ Փաշինյանից կարելի է անվերջ զիջումներ կորզել։

Ալիեւը հրաշալի հասկանում է հայաստանյան հասարակության խոցելի բարոյական կետերը եւ անհրաժեշտության դեպքում մեր վերքը թարմացնում է, սակայն խնայելով իր գործընկերոջն ու չփորձելով Հայաստանում իշխանափոխություն հրահրել։ Նույն այդ փաստը, որ Փաշինյանը միանձնյա որոշմամբ եւ գիտակցված կերպով մերժել է կրակի դադարեցման ռուսական առաջարկը, որը համաձայնեցված էր ադրբեջանական կողմի հետ, ավելին՝ այդ մասին տեղյակ չի պահել Անվտանգության խորհրդին, հաղթական կռվան է թշնամու համար՝ անհրաժեշտ պահի հրապարակելու նաեւ իր ձեռքի տակ եղած փաստերը եւ ավելի բարոյալքելու հայ հասարակությանը։

Ալիեւը, սակայն, դեռեւս դրան չի գնում՝ «ռեւանշիստների» հնարավոր վերադարձը կանխելու համար։ Մյուս կողմից, այս հարցի պատասխանը, վստահաբար, չի տալու նաեւ Փաշինյանը, քանի դեռ իշխանության է, իսկ իշխանությունը նա երբեք կամովին չի հանձնելու։ Փաստերի այս համախումբն է մղում ողջամիտ կասկած հայտնելու, որ Հայաստանի պետականության հանդեպ կարող է դավադրություն տեղի ունեցած լինել։ Փաշինյանի այս ծածկամտությունը, հետեւաբար, պետք է լրացնել գաղտնի տեղեկատվության տիրապետող անձանց բացահայտումներով եւ քողազերծումներով՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից մինչեւ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյան։

Դավիթ Սարգսյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն