Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ հայ-ադրբեջանական շփումներում վերջին շրջանում ավելացել է նոր թեմա։ Խոսակցությունները սկսվել էին վաղուց, բայց արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի, զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերի ու դեռ առաջին պատերազմում զոհվածների աճյունների փոխանակման մասին պաշտոնապես հայտնի դարձավ օրեր առաջ, երբ Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 8 ռազմագերու։

Այսօր արդեն պարզվում է, որ արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագիրը պարզելու աշխատանքները սկսել էին դեռ 44-օրյա պատերազմից առաջ։ Տեղեկությունը խորհրդարանում հաստատել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ 

Պաշտոնական Մոսկվան չի մեկնաբանում իրավիճակը, երբ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից դուրս, անտեսելով դրված ստորագրությունները, Բաքուն նորանոր պահանջներ է ներկայացնում և քաղաքական սակարկության թեմա դարձնում հայ գերիներին ազատ արձակելու հարցը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, սակայն, գերիների հարցը հայ-ադրբեջանական շփումներում «գրգռիչ» է որակում։

«Կարևոր է հնարավորինս շուտ վերջնականապես հանել հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա այդ գրգռող, վիճահարույց հարցը, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»։

Զախարովան ընդգծել է՝ ռուսական կողմը գիտակցում է եռակողմ հայտարարության կոնկրետ կետի իրագործման առաջնահերթությունը և ամեն ինչ արել, անում ու անելու է հատկապես այդ հարցի լուծման ուղղությամբ։ Վստահեցնում է՝ գիտակցում են, թե ինչ է նշանակում մարդկանց անազատության մեջ պահելը։

Ըստ Զախարովայի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական։ Ռուսաստանը կարևորում է զուգահեռաբար գործադրվող ջանքերը՝ ուղղված անհետ կորածների ճակատագիրը պարզելուն, աջակցելու է դրան նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր։ 



Հայկական կողմն Ադրբեջանին արդեն փոխանցել է 108 աճյուն, ևս երկուսը կփոխանցի առաջիկա օրերին․ վարչապետն է հրապարակել թվերը ԱԺ-ի ամբիոնից։ Խորհրդարանական ընդդիմությունից հակադարձում են, որ խնդիրն ունի նաև մտահոգիչ կողմ։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն է պարզաբանում․

«Ադրբեջանը երեք տասնամյակ խոսել է այն մասին, որ ունի անհետ կորածներ, որոնք թաղված են տարբեր վայրերում, և որի մասին ՀՀ-ում տեղյակ չի պահվում։ Բնականաբար, այս հայտարարությունները կարող են ռեզոնանսային լինել այն տեսանկյունից, որ միջազգային հանրության տեսանկյունից կարող է տպավորություն ստեղծվել, թե կան հատվածներ, որի մասին տեղյակ եղել ենք, բայց հումանիտար կամ մեկ այլ տեսանկյունից Հայաստանը իր պարտավորվածությունները չի կատարել»։

Անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար հունվարի 25-ին Հայաստանի ԱԺ էին գնացել Կամիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Նրանց հետաքրքրել էր հատկապես  արցախյան առաջին պատերազմի մասնակից, այժմ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանի հայտարարությունները, որ նա տեղյակ է առաջին պատերազմում զոհված ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների վայրի մասին։ Պատգամավորը մանրամասն պատմել է, թե ինչպես էր ադրբեջանական կողմն այն ժամանակ հրաժարվել տանել իր զինվորների դիերը, և ինչպես էր հայկական կողմը հուղարկավորել դրանք։ Պատգամավորը նշել է՝ վայրերը կբացահայտի գերիներին վերադարձնելու դիմաց։

Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն թարմացած այս խոսակցությունների համատեքստում հայտարարել է, որ Ղարաբաղի՝ իրենց վերահսկողության տակ անցած մի շարք շրջաններում արդեն սեփական ուժերով հայտնաբերել են մի քանի զանգվածային գերեզման։ «Խոսքը հազարավոր մարդկանց մասին չէ»՝ «Ռիա Նովոստին» մեջբերել է Բայրամովի խոսքերը։

Ադրբեջանական կողմը, փաստորեն, նոր է սկսում աղմուկ բարձրացնել և պահանջել, որ զանգվածային այլ գերեզմանների գտնվելու վայրերը Հայաստանը հայտնի։

Հայաստանի գործող իշխանության անունից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները պնդում են՝ հարցը մարդասիրական է և պետք է ամբողջովին լուծվի ու փակվի։ Առաջին պատերազմից հետո Ադրբեջանը 4500-ից ավելի անհետ կորած ունի, հայկական կողմը՝ 750-ից ավելի: Խնդրի լուծմանը հայկական կողմը ձեռնամուխ է եղել, պարզվում է, դեռ 44-օրյա պատերազմից առաջ՝ հակադարձում են Հայաստանի խորհրդարանից։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան․

«Դա իրականություն է դարձել մինչ պատերազմը, այսինքն՝ հայկական կողմը որոշակի այդպիսի տեղեկատվություն փոխանցել է Ադրբեջանին և, կարծում եմ, որ դա պետք է լինի շարունակական, մինչև զրոյացվեն այդ հնարավորությունները։ Վերջերս մեր գործընկերը հանձնաժողովից հնչեցրեց, որ իր աջակցությունը կցուցաբերի 90-ականների անհետ կորածների աճյունների գտնվելու վայրի փնտրտուքի ժամանակ։ Դրանից հետո ինձ մոտ եղել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, և մենք քննարկել ենք որոշ իրողություններ։ Իհարկե, դա շատ կարևոր խնդիր է՝ նաև երկրորդ պատերազմի ժամանակ անհետ կորածների խնդիրը ներառելով լուծել այդ խնդիրը։ Ավելին՝ անհետ կորածների շրջանում եթե կան նաև այլ պետական կառույցների ունեցած տեղեկատվությունից դուրս գերեվարված զինվորներ, դա էլ կարող է դառնալ քննարկման նյութ»։



Միջազգային հարթակներում հայկական կողմը սկսել է շեշտել «մարդկանց բռնի անհետացման» ձեւակերպումը։ Սրանք այն դեպքերն են, երբ առկա է վիդեո կամ ֆոտոնյութ, որոնք արձանագրում են պահը, երբ հայ զինվորները գերեվարվել են, բայց չեն ստացել գերու կարգավիճակ, և այդ անձանց վերաբերյալ այլեւս տեղեկություններ չկան։ Պարզաբանում է ԱԺ-ի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը․ 

«ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձևերից մեկում, որը վերաբերում էր  «բռնի անհետացմանը», հատուկ դրույթ է նախատեսել, որ այն դեպքերում, երբ զինվորը գերեվարվում է, բայց դեռ չի ստանում ռազմագերու կարգավիճակ, ինքը պետք է ամբողջությամբ պաշտպանվի և «բռնի անհետացումները» այդտեղ անընդունելի են։ Մենք շարունակելու ենք  այս ուղղությամբ խոսել։ Խոսելու ենք բոլոր միջազգային հարթակներից, որովհետև եթե անհետ կորածների պարագայում պարզապես չկա տեղեկատվություն անձի վերաբերյալ, որովհետև ռազմական գործողությունների բնույթը, տեղանքը և այլն հնարավորություն չի տալիս պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ապա «բռնի անհետացման» դեպքում կա առերևույթ կասկած, որ այդ անձինք գտնվում են կամ առնվազն գտնվել են այդ կողմի վերահսկողության ներքո, և «բռնի անհետացումը» ինքնին դիտարկվում է որպես հանցագործություն պետությունների մեծամասնության քրեական իրավազորության շրջանակներում»։

Թե վերջին պատերազմի բերումով քանի քաղաքացի է բռնի անհետացել՝ թվերը հստակ չեն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր` 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հայկական եւ ադրբեջանական կողմից համատեղ մոտ 300 մարդ դեռ անհետ կորած է համարվում։ Այս թիվը ըստ Կարմիր խաչին ուղղված դիմումների է։ Մինչդեռ հայկական կողմը պաշտոնապես խոսում է այլ թվերով՝ միայն վերջին պատերազմում 217 անհետ կորած, որից 199-ը՝ զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական անձ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն