«Ապրիլյան պատերազմի հանձնաժողով -2»
Երեկ հայտնի դարձավ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով վերջապես ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ վերոնշյալից զատ ներկայացվում են հանձնաժողովի քննության առարկան, իրավասության ոլորտը, ինչպես նաեւ հանձնաժողովին լիազորում է գործունեության վեցամսյա ժամկետ:
Իշխանությունների վերոնշյալ որոշումն անակնկալի էր բերել խորհրդարանական ընդդիմությանը: Դեռեւս անցած տարվանից ՀՀ իշխանությունները խոստանում էին 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծել, պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին Ազգային ժողովում հայտարարեց նաեւ վարչապետ Փաշինյանը՝ կարեւորելով այն, որ հանձնաժողովը լինի ընդլայնված կազմով, ներգրավվեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատերազմի զոհերի ու անհետ կորածների հարազատների ներկայացուցիչներ։ Որպեսզի Փաշինյանի նկարագրած ընդլայնված կազմը լինի, պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն։ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով՝ քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել միայն պաշտպանության հանձնաժողովի հիման վրա, եւ կարող են մասնակցել միայն ԱԺ խմբակցությունների պատգամավորները։
Արտախորհրդարանական ուժերին ներգրավելու հնարավորություն չկա: Երեկ, սակայն, հայտարարվեց հանձնաժողովի ձեւավորման մասին, որն ընդդիմադիրների համար անակնկալ էր: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նույնիսկ հայտարարեց, որ ՔՊ-ականները հանձնաժողով ստեղծելու իրավունք չունեն` այդ իրավունքը պատկանում է բացառապես Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովին, եւ ինքն ու իր խմբակցության հանձնաժողովական գործընկերներն անտեղյակ են նման նախաձեռնությունից:
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ «Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով»: ՔՊ-ական 65 պատգամավոր, այսինքն՝ մեկ երրորդը, ստորագրել է նախաձեռնության տակ: «Ինձ համար բազմաթիվ չպատճառաբանված հարցադրումներ կան, որոնք կուզենայի ճշտել»,- ասաց Նազարյանը: Մեր հիշեցմանը՝ ընդդիմությունը դեմ չէր, եթե չասենք՝ նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնողն էր, Նազարյանն արձագանքեց. «Այստեղ արդեն մանիպուլյացիաների հերթն է հասնում: Մենք ի սկզբանե, մինչեւ ընտրություններ, ասել ենք, որ պետք է հատուկ տրիբունալ ստեղծվի, ընտրություններից հետո ասում էինք, որ քննիչ հանձնաժողով պետք է ստեղծվի: Բայց եկեք չմոռանանք, որ քննիչ հանձնաժողովն ընդդիմությանը տրված վերահսկողական լծակ է, իշխանությունն ունի դատախազություն, իրավապահ համակարգ, դատարաններ, այսինքն` այդ ամենը բացահայտելն իրենց համար խնդիր չէ, քննիչ հանձնաժողովն ընդդիմության ձեռքի գործիքն է, ուստի այսպիսի բազում հարցերի պարզաբանման խնդիր կա։ Դուք՝ լրագրողներդ էլ պիտի օգնեք, որ բացահայտենք սրա նպատակը»։ Նրան հիշեցրինք իր խմբակցության անդամ` նույն հանձնաժողովի պատգամավոր՝ Արթուր Ղազինյանի՝ շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում հայտնած տեսակետները, թե իշխանությունը պաշտպանության հանձնաժողովում չի տիրապետում իրավիճակին, ավելի ճիշտ՝ չեն վերահսկում ընդդիմադիր անդամների գործունեությունը, հետեւաբար, այս պայմաններում ձեւավորել նման հանձնաժողով, մտնել նման գործընթացի մեջ, իշխանության համար վտանգավոր սպառնալիք է:
Ղազինյանի խոսքով՝ եթե իշխանությունն ընդդիմության հետ լիակատար կոնսենսուս ուներ 2016 թվականի ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում, ապա այս խորհրդարանում զրկված է այդ կոնսենսուսից, քանզի համատեղ քննարկումների արդյունքում իրենք պնդել են, որ որոշիչ լինի ընդդիմության ձայնը, դիցուք՝ հնարավորություն ունենան ցանկացած պաշտոնյայի հրավիրել հանձնաժողով, եւ ՔՊ-ն իր մեծամասնական մանդատով չխոչընդոտի այդ գործընթացը, մինչդեռ իշխանականները չեն ընդունել այդ առաջարկները: Թերեւս այդ պատճառով էլ հանձնաժողովը չի ստեղծվում: Գեղամ Նազարյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ իշխանությունը ցանկանում է «ապրիլյան պատերազմի հանձնաժողով-2» ստանալ, մեծամասնական դիրքերից շահարկել խնդիրը, բարդել ընդդիմության գլխին։ Նազարյանն ասաց, թե խնդրահարույց բազում հարցեր կան. «Կտեսնենք՝ ինչ են առաջարկում, ինչու հիմա, եւ կհասկանանք մեր անելիքները»:
«Պատիվ ունեմ» դաշինքում սույն հանձնաժողովում աշխատելու նպատակահարմարությունը չեն տեսնում:
Խմբակցության դիրքորոշումը մեզ փոխանցեց ՊՈՒ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը. «Եթե իշխանությունն իսկապես պատրաստակամություն եւ կամք ունի՝ բացահայտելու պատերազմի հանգամանքները, պատժելու մեղավորներին, ապա կա իրավական համակարգ, որում յուրաքանչյուրն իր մասով անելիք ունի, եւ այդ մարմինները կարող են գնալ այդ գործընթացի տրամաբանական ճանապարհով»:
Տիգրան Աբրահամյանը եւս ընդգծեց, որ քննիչ հանձնաժողովը համարվում է ընդդիմության գործիքակազմ, որը խնդիրներ ունի վերոնշյալ մարմինների հետ աշխատանքի հարցում, ուստի այս իրավիճակում չեն կարծում, թե հանձնաժողովը կարող է որեւէ լուրջ գործառույթ ունենալ եւ գնալ բացահայտումների:
Hraparak.am