Իրական, այլ ոչ թե ձեւական
Ժամանակին (դա երեք շաբաթ առաջ էր) անդրադարձել եմ պետական կառավարման համակարգերի շահավետությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տեսակետից: Ավելի հստակ՝ այն հարցին, թե որքանով է Փաշինյան Նիկոլի համար պաշտոնավարման առումով հեռանկարային խորհրդարանական կամ նախագահական (կիսանախագահական) համակարգերից յուրաքանչյուրը: Եվ ցույց էի տվել, որ արեւմտյան ժողովրդավարությունների հետ համընթաց լինելու եւ հնարավորինս երկար կառավարելու տեսակետից նրան ձեռնտու է գործող՝ խորհրդարանական համակարգի պահպանումը: Ինչպես երեւում է, այդ հարցը վերջնականապես լուծված չէ նրա համար, ինչն անդրադառնում է նաեւ նրա շրջապատի անձանց կարծիքների վրա: Ասվածն իր արտահայտությունը գտավ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Սիմոնյան Ալենի վերջին հարցազրույցում (տրված «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի կայքին):
Հարցազրույցում Սիմոնյան Ալենը խոստովանել է նախագահական կառավարման ձեւի նկատմամբ իր սերը: Բավական տարիքով մարդ եմ, բայց առաջին անգամ եմ լսում, որ կարելի է սիրել ոչ միայն հարազատներին կամ Հայրենիքը, այլ նաեւ այնպիսի երեւույթ, ինչպիսին պետական կառավարման ձեւն է: Լավ, ընդունենք, որ այս մեծ աշխարհում կարող է նաեւ նման բան լինել, եւ անցնենք առաջ: Սիրո խոստովանությանը հաջորդում է «խորհրդարանական երկրի պարագայում տարածաշրջանային իրադարձությունների արտահայտումներին» դրական գնահատական տալը:
Բնագրում այս միտքը մի քիչ խուճուճ է ձեւակերպված (բովանդակային առումով ոչինչ չեմ փոխել), բայց կարելի է հասկանալ: Եվ անմիջապես որպես օրինակ է ներկայացվում այն, որ «պատերազմից հետո, նոյեմբերի 10-ից սկսած, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, եւ մենք տեսանք, որ ստաբիլության եւ կարմիր գծերը չհատելու գործում խորհրդարանական կառավարման ձեւն իր դրական դերը խաղաց: Այդ նույն նեգատիվը, այդ նույն հարցադրումները տարածվեցին ամբողջ կառավարման համակարգի վրա, ամբողջ համակարգը այդ հարվածն իր վրա վերցրեց ու դիմակայեց: Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մենք լինեինք նախագահական երկիր, ու այդ ամբողջն ուղղվեր մեկ ուղղությամբ»:
Ես հազվադեպ եմ մեկ-երկու տողից ավելի մեջբերումներ անում գործող իշխանության ներկայացուցիչների դատողություններից: Լինեն նրանք «ուսապարկ», թե «ուսապարկային առաջնորդ»: Եվ այդ պատճառով էլ ներողություն եմ խնդրում «Հրապարակի» ընթերցողից Ալենի փայլուն մտքի այս ծավալուն մեջբերման համար: Բայց դա արեցի գիտակցաբար, որպեսզի չմեղադրվեմ վերջինիս մտքերը գիտակցաբար աղավաղելու մեջ: Եվ այսպես. եթե կառավարման համակարգը լիներ նախագահական, ապա այն դժվար թե դիմանար «նույն նեգատիվի, այդ նույն հարցադրումների հարվածին»: Հենց սկզբից ասեմ, որ մեջբերվածը կարծիք է եւ, որպես այդպիսին, գոյության իրավունք ունի: Սակայն որքանո՞վ է այդ կարծիքը համապատասխանում այն իրականությանը, որ ստեղծվել էր 2020թ. նոյեմբերի 10-ից սկսած:
Հիշենք՝ իր «սիրելի ժողովրդից» գաղտնի եռակողմ հայտարարություն ստորագրած «ուսապարկային առաջնորդը» թաքնվել էր ինչ-որ տեղ: Հետո իմացանք, որ դա ինչ-որ բունկեր է: Դա՝ մեկ: Երկրորդ․ ԱԺ պատգամավորի մանդատ ստացած նրա ուսապարկերը՝ բացառությամբ մեկ-երկուսի, թաքնվել էին իրենց տներում: Երրորդ․ կառավարության շենքը եւ կառավարության դատարկ «դաչաները» մատնված էին անտերության: Եվ դա նշանակո՞ւմ է դիմակայություն հարվածներին:
Եվ այս ամենին պետք է գումարվի այն, որ մեր երկիրը՝ Սահմանադրությամբ ու 2018-ի ապրիլյան իրադարձություններով պայմանավորված, ոչ թե իրական, այլ ձեւական առումով է խորհրդարանական երկիր: Այն կառավարվում է մեկ մարդու կողմից, եւ այդ մեկ մարդն ընդամենը Փաշինյան Նիկոլն է (հիշում եք, չէ՞, ընդդիմադիր գործիչ Նիկոլի՝ հասարակությանն ուղղված, «Այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը): Իսկ այդ դեպքում բացարձակ նշանակություն չունի կառավարման ձեւական (ֆորմալ) համակարգը: Ինչի արտահայտումները բազմաթիվ են՝ ամենուրեք եւ անընդհատ, որոնց բախվում են մեր երկրի բնակիչները: Ի դեպ, մեկ մարդու ֆենոմենի լավագույն վկայությունը հենց ուսապարկերից մեկի մեղադրանքն էր իր (արդեն նախկին դարձած) գործընկերներից ոմանց: Հիշեցնեմ նրա խոսքը, որ եթե այդ անձանց փոխարեն լիներ Նիկոլի ուսապարկը, այն ժողովրդի կողմից մանդատ կստանար: Այս տողերը գրելու պահին հիշեցի հին հռոմեական կայսր Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսին կամ պարզապես Կալիգուլային (37-41 մ.թ.):
Վերջինս այնքան էր սիրում իր ձիուն ու միաժամանակ արհամարհում սենատը (ինչը մեր խորհրդարանի պես մի բան էր), որ այդ անբան կենդանուն, ըստ ավանդության, սենատոր էր կարգել: Կարծում եմ, որ ասվածի տրամաբանության ներքո ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Սիմոնյան Ալենը հանգիստ կարող է սիրել կառավարման նախագահական ձեւը եւ առանց որեւէ նախապայմանի առաջնությունը տալ դրան: Հատկապես որ նախագահականի դեպքում կլիներ մեկ անձի՝ օրենսդրորեն պայմանավորված իրական կառավարում, այլ ոչ թե ձեւական խորհրդարանական կառավարում:
Hraparak.am