Եվրամիությունը կհատկացնի Ադրբեջանին 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ, հայտարարել է դրացիության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բրյուսելը կհատկացնի այդ գումարը տնտեսական ներդրումային պլանի շրջանակում:

Վարխելին նաև հայտարարել է Ադրբեջանում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացում մասնակցելու ԵՄ-ի պատրաստակամության մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի ու կապի ոլորտներում:

Հանձնակատար Օլիվեր Վարխելին նշել է, որ Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններն ունեն մեծ նշանակություն ԵՄ-ի համար, և կարևոր է այդ հարաբերությունների ամրապնդումը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հուսալի գործընկերն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանձնակատարը նաև խոսել էր Հայաստանին հատկացվելիք աջակցության մասին, որը կազմում էր մոտ 2․6 միլիարդ եվրո։ Այն ուղղված էր լինելու առաջնահերթ հատուկ ծրագրերի իրականացմանը, իսկ նույն ծրագրերի շրջանակներում Ադրբեջանին հատկացվող գումարը անհամեմատ ավելի քիչ էր, ինչը Հայաստանում մեծ ոգևորության առիթ էր հանդիսացել։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ անձամբ իր համար ոգևորության պատճառն այն էր, որ այդ 2․6 միլիարդը շատ պետք էր Հայաստանին․ «Եվ շատ քիչ էր հետաքրքրում, թե այլ պետություններին Եվրամիությունն ինչքան գումար է տալիս։ Իսկ ներկա պահին Ադրբեջանին 2 միլիարդ օգնություն հատկացնելը հավանաբար ավելի վաղ կայացրած որոշում էր, պարզապես այդ մասին հիմա հայտարարեցին։ Կարելի է ասել, որ այդպիսով Եվրամիությունը որոշակի հավասարակշռություն է պահում։ Կանխատեսելի էր, որ այդպես էլ լինելու է»։

Ըստ Ղևոնդյանի՝ ճիշտ կլինի ֆիքսվել ոչ թե այլ պետություններին հատկացվելիք  գումարը մերի հետ համեմատելու վրա, այլ թե ինչպես  արդյունավետ ծախսենք այն, ինչ տալու են մեզ․ «Հավանականությունը մեծ է, որ Եվրամիությունը փորձում է չնեղացնել իր գործընկերներից որևէ մեկին, որովհետև ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանը՝ Եվրամիության գործընկերն ենք։ Կարելի է ասել, որ նման իրավիճակը   շատ կանխատեսելի էր»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ իրականում այդ որոշումը արդեն երկու տարի է քննարկվում է, մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանին հատկացվելիք օգնությունը․ «Պարզապես այն տեղեկությունը, որ մենք ենք ստացել՝ ավելի շատ Ադրբեջանի կողմից է։ Ես մասնակցել եմ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստին, որտեղ հրավիրված էր որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ, ես առաջարկեցի բոլոր մեթոդներով խանգարել  այդ օգնության տրամադրմանը։ Պետք է պահանջենք, որ Եվրախորհրդարանը, Եվրամիությունը չիրականացնի որևէ գործընթաց Ադրբեջանի հետ՝ մինչև որ հայ ռազմագերիները չազատվեն ու չվերադառնան տուն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանի խոսքերով՝ կա քիչ թե շատ վստահություն, որ այդ ծրագիրը չի իրականացվի՝ գոնե մինչև հայ ռազմագերիների ազատ արձակումը․ «Ընդհանրապես դրա մեծ որևէ ողբերգություն չկա, բայց պետք է հասկանանք, որ սա կարող է լինել հավելյալ լծակ՝ գերիներին վերադարձնելու համար։ Այսինքն՝ Եվրոպան Ադրբեջանի վրա  հավելյալ ճնշում կգործադրի ռազմագերիներին  վերադարձնելու համար»։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն