Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Արցախի կրթության ու գիտության, երիտասարդության հարցերի արդեն նախկին նախարար, այժմ Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը խոսելով պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված արցախյան տարածքներում հայկական պատմա-մշակութային ժառանգության «օտարման» ադրբեջանական քաղաքականության մասին, առաջարկում է Արցախի ԳԱԱ-ին դիմել ռուս գործընկերներին: Ըստ առաջարկի, ռուս գործընկերներին պետք է դիմել անկախ գիտական խումբ ձևավորելու համար, ինչը կօգնի պաշտպանել հայկական ժառանգությունն ադրբեջանական ոտնձգությունից:

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանը աշխուժորեն լծվել է հայկական պատմա-մշակութային ժառանգության այսպես ասած նշանագրերը վերացնելու և այդ ամենն «աղվանացնելու» գործին: Որքանո՞վ է կենսունակ ռուս գիտնականներին առաջարկի գաղափարը կամ տարբերակը: Օրերս անդրադարձել էի թեմայի, որ հասունանում է Արցախի շուրջ և որը արդեն իսկ սկսել է «վայելել» ռուսական տիրույթում ադրբեջանական պրոպագանդայով զբաղված մեդիա-փորձագիտական շրջանակների քարոզչական աջակցությունը: Այդ շրջանակները խոսում են Արցախում ռուսական եկեղեցական ներկայության մասին, դիտարկում այդ հարցում Ադրբեջանի, անգամ Թոււրքիայի հետ ընդհանուր եզրեր շոշափելու հնարավորությունը: Այդ պայմաններում, արդյո՞ք ռուսաստանյան գիտական շրջանակները այն են, ինչ կարող է աջակցություն լինել հայկական ժառանգության պահպանման խնդրի արդյունավետ լուծումների փնտրտուքի հարցում: Թե՞ հայկական պատմամշակութային ժառանգության «օտարման» ադրբեջանական քաղաքականությունը նրանց համար միջոց կամ հենք է հենց այն ընդհանուր եզրերի հասնելու հարցում, որ շոշափվում է Արցախում ռուսական եկեղեցական, ըստ այդմ «պատմա-մշակութային» ներկայության ռազմավարական հարցերում «փոխզիջման» գալու, կամ ինչպես Շոյգուն կասեր՝ «բարդ օպերացիաներ» իրականացնելու հարցում: Սրանք հարցադրումներ են, որոնք թերևս մեղմ ասած ունեն շոշափելի հիմք և տեղ, ըստ այդմ աջակցության հարցում Ռուսաստանի «անկախ մասնագիտական» միջամտության մասին խորհելու փոխարեն, ըստ ամենայնի հարկ է խնդիրը դիտարկել հայեցակարգային, ռազմավարական, քաղաքակրթական շատ ավելի խորքային և ընդգրկուն համատեքստում և գործողությունները մշակել ըստ այդմ:

Անցնող օրերին, Արցախի խորհրդարանականները հղացան «օկուպացված տարածքների» մասին օրենքի գաղափար, խոշոր հաշվով առ այսօր այդպես էլ չմատուցելով հանրությանն այդ գաղափարի գործնական օգտակարության որևէ փաստարկ, որևէ փաստարկ, թե ինչ իրական խնդիր է լուծելու այդ նախաձեռնությունը, դեկլարատիվ ինքնագովասանքի առիթ լինելուց բացի: Եվ թերևս այդ փաստարկները ներկայացնելը շատ բարդ է, որովհետև դրանք չկան, մի շարք պատճառներից ելնելով, այդ թվում օբյեկտիվ: Պարզապես, ակնառու է, որ չկան նաև առկա օրակարգային խնդիրները դրանց արդիականության, հրատապության և ռազմավարական հեռավորության համատեքստում լուծելու, սպասարկելու վերաբերյալ գործնական պատկերացումներ, ինչն էլ ծածկելու համար մնում է անցնել դեկլարացիաների, ինչ որ աշխատանքի իմիտացիա ստեղծելու համար, ինչն ի վերջո անհրաժեշտ է դառնում նաև Արցախի խորհրդարանում ներկայացված որոշ ֆունկցիոներների աշխատավարձի հաշվարկման գործակիցը բարձրացնելու մտադրության կամ նախաձեռնության ֆոնին: Փոխարենը, Արցախխի խորհրդարանում ներկայացված ուժերը և Արցախի գործադիր իշխանությունը թերևս շատ ավելի գործնական աշխատանքով զբաղված կլինի, եթե պարզապես նախաձեռնի Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի համահայկական ներուժի «մոբիլիզացիա», սկսած Հայաստանից, մինչև սփյուռքյան շրջանակներ, որոնք ունեն այդ խնդրում օգտակար լինելու մասնագիտական և քաղաքական հնարավորություն: Այդ շարքում առաջին հերթին պետք է ներառվեն թերևս հայկական երկու կաթողիկոսությունները, և գուցե սա է այն դեպքը, և թերևս այն միակ դեպքը, երբ երկու կաթողիկոսությունների գոյությունը կարող է չլինել շատ: Ռուս գիտնականներին դիմելու փոխարեն, Արցախը պետք է դիմի հայկական այդ շրջանակներին, ընդ որում, բոլորովին ոչ համահայկական կենաց-հրովարտակով, այլ հանգիստ՝ առարկայական առաջարկներ պարունակող նամակագրությամբ: Իսկ հետո կարելի է հրապարակել արձագանքները, եթե դրանք չեն բավարարի խնդրի լուծման հրամայականներին, որպեսզի հանրությունը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, ճանաչի իր իրական գործ անելու պատրաստ սուբյեկտներին և մեծապատիվ «թամադաներին»:

Armeniasputnik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն