Պետական մտածելակերպի փոխարեն՝ անսկզբունք ու անդեմ վարքագիծ
Արդարադատության նկատմամբ իրականացվող պետական ահաբեկչության մասշտաբները գնալով ավելի անպատկերացնելի են դառնում։ Ընթացիկ քրեական գործին զուգահեռ՝ այն քննող դատավորին կալանավորելը միայն խափանման միջոց փոխելու համար, իրոք որ, նույնիսկ բանանային հետամնաց երկրներում դժվար է երեւակայել։ Իբր դատավորների եւ դատարանների անկախության սահմանադրական երաշխավոր Բարձրագույն դատական խորհուրդը վաղուց վերածվել է անկախ դատավորների նկատմամբ հետապնդման եւ հաշվեհարդարի բութ գործիքի։
Բավական է հիշել, որ այն գլխավորում է Հայաստանում ընտրությունների կեղծման արատավոր ավանդույթի ենթադրյալ համահիմնադիր, հետագայում՝ զինված ուժերում խաղաղ պայմաններում հարյուրավոր զոհերի սպանությունները փաստացի պարտակողի համարումն ունեցող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։
Իբրեւ դատական համակարգի փաստացի ղեկավար՝ այդ անձի կասկածելի անցյալի եւ անպատիվ ներկայի ֆոնին իրավական պետության մասին ցանկացած պնդում ի սկզբանե առոչինչ է։ Մի քանի տարում, իսկ պատերազմից հետո՝ առավել ագրեսիվ հետեւողականությամբ, ոստիկանությունը, դատախազությունն ու քննչական մարմիններն ամբողջապես ձեռնասուն եւ գրպանային դարձնելուց հետո Փաշինյանը կանխատեսելիորեն պետք է ոչնչացներ նաեւ դատական համակարգի անկախության վերջին խլյակները։
Գագիկ Ջհանգիրյանի, Դավիթ Տոնոյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Ատոմ Ջանջուղազյանի, Արմեն Ղուլարյանի, Փաշինյանի իշխանախմբի տասնյակ այլ ներկայացուցիչների օրինակներն ինքնին «նախկին-ներկա», «սեւ-սպիտակ», «թալանչիներ-չկոռումպացվածներ» արհեստական հակադրության ամենացցուն հերքումն են, նաեւ՝ Փաշինյանի անսկզբունքայնության հերթական ապացույցը։ Դեռեւս հարց է՝ ո՞ւմ սխալները, բացթողումներն ու հանցանքներն են ավելի ծանր նստել պետության վրա՝ երեք նախկին իշխանությունների՞, միասին վերցրած, թե՞ այս չորս տարվա աղետալի կառավարման։
Իշխանության համակիր եւ աջակից քաղաքական դեմքերի շարքում խորապես անսկզբունք անձինք են։ Եթե սպարապետ Վազգեն Սարգսյանն արցախյան շարժման եւ Արցախի ազատագրման ռահվիրան ու գաղափարակիրն էր, ապա ի՞նչ անուն տալ նրա կրտսեր եղբոր՝ Արամ Սարգսյանի ներկայիս պահվածքին, ի՞նչն է նրա համար այս կյանքում ամենաարժեքավորը՝ կորսված Արցա՞խը, թե՞, օրինակ, ժամանակին իր ղեկավարած ցեմենտի գործարանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանարկող ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին մի՞թե չեն հիշեցնում ոչ վաղ անցյալի իր հարցազրույցները, որոնցում նա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն համարում էր խիստ անհրաժեշտ։ Քաղաքական կոմֆորմիստների այս խմբակի համար ի՞նչ սկզբունքներ։ Եվ ահա, դատական եւ իրավապահ համակարգն ամբողջապես կառավարելի դարձրած, մարդ-կուսակցություններին գրպանում տեղավորած Փաշինյանը չի խորշի ո՛չ արդարադատության դեմ հանցանքներ գործելուց, ո՛չ էլ ընտրակեղծիքներից՝ վարչական ռեսուրսի եւ կասկածելի ֆինանսական միջոցների ներգրավմամբ։
Ինչպես մեր հանրությունը վերջերս դարձյալ առիթ ունեցավ համոզվելու, Հայաստանն ու նրա ժողովուրդը խորապես արհամարհված են ոչ միայն թշնամի, այլեւ անգամ բարեկամ համարվող երկրներում։ Այդ քամահրանքը կրկնակի է, քանի որ պարտության խորհրդանիշը հետպատերազմյան փուլում այդպես էլ չհեռացավ, նույնիսկ եռակի է, քանի որ այդ իշխանությունը կազմակերպեց արտահերթ ընտրություններ եւ ինքն էլ հաղթեց դրանցում։ Միայն այս ստորացումը հանդուրժելն ապացուցում է, որ պետական մտածողությունը խորթ է մեր էությանն ու բնույթին։
Դավիթ Սարգսյան
Hraparak.am