Ադրբեջանական գազի պաշարները քիչ են, այլընտրանք չեն ռուսականին
Վերջին մեկ ամսվա ընթացքում եվրոպացի պաշտոնյաները, միմյանց հերթ չտալով, մեկնում են Բաքու՝ երկրի առաջին դեմքի հետ քննարկելու ադրբեջանական գազը որպես ռուսականի այլընտրանք Եվրոպա արտահանելու հնարավորությունները։ Բաքուն դիտարկվում է որպես ԵՄ «վստահելի գազային գործընկեր»։ ԵՄ-ում մտավախություն ունեն, որ եթե Ուկրաինայի շուրջ Եվրամիության և Ռուսաստանի լարվածությունը չհանգուցալուծվի, ապա Մոսկվան ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների կարող է նվազեցնել Եվրոպա մատակարարվող գազի ծավալները։
Այս մտավախության ֆոնին փետրվարի սկզբին Բաքու այցելեցին Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը՝ մասնակցելու «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի 8-րդ նիստին։ Շնորհակալական ուղերձներից բացի, թե Ադրբեջանը ԵՄ գազի մատակարարումներն ավելացնելու ջանքեր է գործադրում, 2 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրվեց այդ երկրին։
Գազի արտահանման թողունակության բարձրացման հարցը նաև ՆԱՏՕ–ի ղեկավարի մտահոգության տիրույթում է։ Ստոլտենբերգ–Ալիև հեռախոսազրույցը երեկ տեղի է ունեցել մինչև Պուտինն ու Շոլց հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Հյուսիսային հոսք 2-ի» մասին պայմանավորվածությունների կատարման հարցը։ Հեռախոսազրույցի մանրամասներով Թվիթերում կիսվել է հենց դաշինքի ղեկավարը․ «Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը, Ռուսաստանի ռազմական ներուժի աճը Ուկրաինայում և մերձակայքում, նաև՝ էներգակիրների շուկաների վրա ազդեցությունները: Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին գազի մատակարարումների ավելացման և Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինելու համար»,- գրել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը։
Ողջույնների ֆոնին կա ռեալ իրականություն։ Ինչպես փորձագետ–մասնագետներն են հայտարարում, ադրբեջանական գազը չի էլ կարող այլընտրանք դիտարկվել, որքան էլ Բաքուն և Անկարան ջանան։ Մինչ մյուս գործոններն առանձնացնելը՝ քաղաքականություն, ազդեցություն, ֆինանսներ, կախվածություն, խոսքը նախ և առաջ գազի թողունակության ծավալների, պաշարների անհամատեղելիության մասին է։ Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը թվերով է հակադարձում ադրբեջանական հեռու գնացող մտադրություններին՝ վերլուծելով եվրոպական շուկայի գազի սպառման ծավալները։
«Եվրոպական շուկայում բնական գազի սպառումը տարեկան կազմում է 400-450 մլրդ խորանարդ մետր ։ Ռուսաստանը մատակարարում է մինչև 180 մլրդ խորանարդ մետր գազ։ Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է արտահանել 16 մլրդ ր մետր, եթե օգտագործի «Հարավային գազային միջանցքի» թողունակությունը ։ Այս պահին առավելագույնը 10 մլրդ խմ է կարողանում արտահանել։ Հարկավոր է մասնագետ լինել հասկանալու համար, որ Ադրբեջանն այդ տարանցման ներուժը չունի։ Ադրբեջանի հետ ԵՄ ներկայացուցիչների բանակցությունները էներգետիկ դիվանագիտական մանևրեր են»։
Ինչո՞ւ մանևր, քանի որ ԵՄ–ն գազի մատակարարման հարցով միաժամանակ բանակցություններ է վարում էներգետիկ այլ խաղաղացողների հետ՝ ԱՄՆ–ի, Ալժիրի, Կատարի։ Վահե Դավթյանը այս շարքում առանձնացնում է հատկապես հեղուկ գազի պաշարներով հարուստ երկրները՝ Նահանգներ և Կատար, քանի որ Եվրոպայում աճում է հեղուկ բնական գազ (LNG)–ի տեսակարար կշիռը՝ տարեկան 3,5 տոկոս, ու Եվրոպան է փնտրում նաև այս տիրույթում։
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանում, ի տարբերություն նավթի, գազի պաշարները համեստ են։ Ադրբեջանը տարիներ շարունակ կնքել է բազմաթիվ պայմանագրեր գազի արտահանման վերաբերյալ, և չհասցնելով կատարել պարտավորությունները՝ արդեն երկու տարի է բանկան գազ է ներկրում Ռուսաստանից։ Երկրորդ, եթե փոխգործակցությունը Կենտրոնական Ասիայի երկու պետությունների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի հետ չկայանա Հարավային գազային միջանցքի մասով, ապա Ադրբեջանը չի կարողանա անգամ ապահովել մյուս պայմանագրի կատարումը՝ 16 մլրդ խմ գազի տարեկան արտահանումը Եվրոպա։ Խաղադրույքը դրվում է Թուրքմենստանի վրա, սակայն այստեղ էլ պետք է հաշվի առնել ռուսական գործոնը։ Հասկանալով Թուրքմենստանի առաջխաղացման գործոնը Եվրոպայի ուղղությամբ՝ ՌԴ–ն 2016-2017 թվականներին էապես ավելացրել է թուրքմենական գազի ներկրումը ծավալները՝ հնարավորություն չտալով այդ երկրին մանևրել այլ շուկաներում»։
Ռուսական գազի այլընտրանքները ԵՄ–ի համար շատ չեն, անգամ սահմանափակ են։ Միակ երկիրը, որը կարող է ծածկել գազի սպառման պահանջարկը, Իրանն է, բայց հաշվի առնելով այս պահին այդ երկրի նկատմամբ գործող պատժամիջոցները՝ այդ սցենարն իրատեսական չէ։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյան․
«Ադրբեջանից դեպի Եվրոպա բնական գազ արտահանելու համար այս պահին գոյություն ունեցող միակ գազամուղը Տրանսադրիատիկ գազամուղն (TAP) է, որը «Հարավային գազային միջանցք» ընդհանուր նախագծի մասերից է։ Դրա թողունակությունը տարեկան 10 մլրդ է՝ առավելագույնը։ Նախորդ տարի Ադրբեջանը 8 մլրդ խմ էր մատակարարել։ Նախատեսում են ավելացնել, 10 մլրդ դարձնել, բայց սա բավարար չէ ՌԴ–ի մատակարարած 180 միլիարդը լրացնելու համար, անգամ Իտալիայի պահանջների բավարարելու համար»։
Այս պահին ԵՄ երկրներից ամենաշատը Իտալիան է բնական գազ ներկրում Ադրբեջանից․ տարեկան շուրջ 55 միլիարդ խորանարդ մետրից 25-28 միլիարդը ստանում է Ռուսաստանի Դաշնությունից, հազիվ 10–ը՝ Ադրբեջանից։ Սա էլ իր հերթին է փաստում, որ Ադրեբեջանի բնական պաշարները չեն կարող այլընտրանք լինել ռուսականին ՝ ընդգծում է Հովհաննիսյանը։
hy.armradio.am