ՀԱՊԿ-ը փոխում է իր մարտավարությունը․ ՄԱԿ-ի ու ԱՊՀ-ի հետ նոր հեռանկարներ կան
ՀԱՊԿ-ը «վերապրոֆիլավորվում» է՝ իր գործիքակազմն ու գործակցությունն ընդլայնելով միանգամից երկու ուղղությամբ։ Նախ հստակեցվում են ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի միանալու հեռանկարները։ Դրանց առարկայական քննարկումն արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հասել։ Մյուս կողմում ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցն է։
Դեպի ո՞ւր է շարժվում միջազգային այս կազմակերպությունը, որին Հայաստանը կարող է դիմել իր անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այս առումով նկատում է՝ տարածաշրջանային վերջին փորձությունների բերումով արտաքին քաղաքական ֆրոնտում ՀԱՊԿ-ին ակտիվ շփումներ են պետք, ավելի մեծ ներգրավվածություն՝ համաշխարհային ռազմաքաղաքական գործընթացներում․
«ՀԱՊԿ-ը՝ որպես միջազգային կազմակերպություն, փորձ է անում ու անելու դուրս գալ նոր միջազգային մակարդակ, և սա, կարծում եմ, ցանկացած կառույցի, կազմակերպության համար շատ ընդունված պրակտիկա է»։
ՄԱԿ-ի անվտանգության նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ քննարկվող հիմնական հարցերն են ՄԱԿ-ի ու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ջանքերը մեկտեղելը, համագործակցության նոր ուղիները՝ հաշվի առնելով եվրասիական տարածքում անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ծանրակշիռ դերը: Շեշտը դրվելու է նաեւ ահաբեկչությանն ու թմրանյութերի տարածմանը հակազդելու վրա։ ՄԱԿ-ՀԱՊԿ գործակցության խորացումը կարո՞ղ է թոթափել Ուկրաինայի շուրջ լարվածությունը։ Չի՛ կարող, քանի որ թե Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի «կարմիր գծերը» շատ նկատելի են՝ ասում է Սարգսյանը․
«Ես կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի այս ակտիվությունը պետք չէ պայմանավորել միայն «ուկրաինական ճգնաժամով», որովհետև ՀԱՊԿ-ի զարգացման մարտավարությունը միտված է եղել նաև միջազգային համագործակցությանը, և կապել ցանկացած տիպի ակտիվություն բացառապես այսօրվա իրողությունների հետ՝ ճիշտ չէ։ ՀԱՊԿ-ը ակտիվ գործող կառույց լինելու հավակնություններ է ներկայացրել այս ճգնաժամի ձևավորումից շատ ավելի վաղ»։
Միավորված ազգերի կազմակերպություն ասելով, չգիտես ինչու, մենք միայն Միացյալ Նահանգներն ենք պատկերացնում՝ ասում է քաղաքագետ, դասախոս Ցոլակ Հակոբյանը։ Եթե ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքում է, իսկ կազմակերպության գլխավոր ֆինանսավորողն էլ ԱՄՆ-ն, դա դեռ չի նշանակում, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը պետք է ասոցացվի միայն այդ երկրի անվան հետ։ Ուստի ՀԱՊԿ-ն այսպիսով ԱՄՆ-ի հետ չէ, որ ընդլայնում է գործակցությունը, այլ Միավորված ազգերի։ Եթե 2000-ականներից հետո աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին հետևենք, ՄԱԿ-ի մոդելի պահպանման, ՄԱԿ-ի՝ որպես աշխարհաքաղաքական լուրջ դերակատարի կայացման ու զարգացման հարցում ամենաշահագրգռվածը հենց Ռուսաստանն էր իր դաշնակիցների հետ՝ ասում է Հակոբյանը․
«Սա մի գործիք է իրենց համար, որպեսզի շարունակեն վերահսկել աշխարհը։ Եթե մենք ասում ենք, որ միաբևեռ աշխարհակարգ է եղել գոնե 1990-ականներից սկսած, ապա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եղել է այն գործիքը, որը Ռուսաստանը կարողացել է կիրառել՝ կանխելով աշխարհի միակենտրոն գործընթացները»։
Մեկ այլ հարթության մեջ՝ արդեն ԱՊՀ նիստում այս կազմակերպության անդամները քննարկում են ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Այս գործընթացին առնչվող շատ մանրամասներ դեռ հայտնի չեն․ հարց Մինսկում քննարկվել է դեռ դռնփակ։
Ի՞նչ է ենթադրում ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը։ Քաղաքագետ Ցոլակ Հակոբյանի համար էլ դեռ այստեղ ամենը չէ, որ պարզ է․
«Թե դա ինչ մոդելով կլինի, ինչպես են պատկերացնում՝ դասական առումով ես էլ այդ հարցի պատասխանը չունեմ։ Այսինքն՝ եթե ԱՊՀ-ն ավելի լայն և ունիվերսալ կազմակերպություն է, ինչպե՞ս է դառնում դիտորդ»։
ԱՊՀ-ի կազմում են գրեթե բոլոր նախկին խորհրդային երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը։ Եթե ԱՊՀ-ն ՀԱՊԿ-ում դիտորդ դառնա, սպասե՞նք հավելյալ վտանգի Ադրբեջանի կողմից։ Գուցե մի օր դիտորդի կարգավիճակից Ադրբեջանը նաև ՀԱՊԿ անդա՞մ դառնա։ Ցոլակ Հակոբյանն այստեղ ուղղակի վտանգ չի տեսնում։ Մենք մտածելու այլ հարցեր ունենք՝ ասում է․
«Իմ կարծիքով՝ մենք եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսներում ավելի շատ մտածելու հարցեր ունենք։ Նախ՝ մենք այստեղ խոսում ենք միջազգային կազմակերպության դիտորդ լինելու կարգավիճակի մասին․ Ադրբեջանն այնքան է ԱՊՀ անդամ, որքան՝ Հայաստանը։ Այսինքն՝ չեմ կարծում, որ սա որոշակի խնդիր է, բայց ես հետևյալ մոտեցումն ունեմ․ տեսականորեն, ես մտածում եմ՝ Ադրբեջանը կարող է լինել ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ միայն այն դեպքում, երբ Արցախի խնդիրը վերջնական լուծում կստանա»։
Ոսումնասիրելով միջազգային կազմակերպությունների գործունեությունը՝ կտեսնենք, որ կա նման պրակտիկա, երբ մեկը մյուսի դիտորդն է դառնում կամ գործընկերը․ միջազգային հարաբերություններում նման երևույթներ պետք չէ բացառել՝ ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Եթե կայացվի որոշում, որ այս երկու պլատֆորմները՝ ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն, կարող են համագործակցել, ես չեմ զարմանա, սա հնարավոր հեռանկար է․
«Չմոռանանք, որ երկու կազմակերպություններում էլ ամեն ինչ կարգավորվում է իրենց կանոնադրությամբ, և կանոնադրությունն է, ըստ էության, որոշում, թե ինչ տեսակի և ինչ պլատֆորմների վրա կարող է լինել համագործակցությունը այս կամ այն պետության կամ կազմակերպության հետ։ Դրա համար, եթե կանոնադրական խնդիրներին չի հակասում, ցանկացած ձևաչափի համագործակցություն կարող է տեղի ունենալ»։
ՀԱՊԿ-ը, ինչպես և ցանկացած այլ կառույց, ունի զարգացման հեռանկար, ռազմավարություն՝ ասում է Սուրեն Սարգսյանը՝ չբացառելով մեկ այլ կարևոր հանգամանք․
«Ես չեմ բացառում, որ ապագայում որոշ պետություններ միանան ՀԱՊԿ-ին կամ առանձնանան նրանից։ Պատմությունը ցույց է տվել, որ եղել են ՀԱՊԿ անդամ պետություններ, որոնք չեն շարունակել ճանապարհը կառույցի հետ, և բնականաբար կարող են լինել պետություններ, որոնք կցանկանան ՀԱՊԿ-ի հետ շարունակել իրենց գործունեությունը՝ առավել խորացնելով հարաբերությունները, ենթադրենք՝ դիտորդից դառնալով անդամ և այլն»։
Ցանկացած միջազգային կազմակերպություն ինչպես մեծանալու այնպես էլ փոքրանալու հնարավորություն, միտում ու հեռանկար ունի՝ ասում է Սարգսյանը։ Եվրոպական Միության նման մեծ ու հզոր կառույցի կազմից անգամ Մեծ Բրիտանիան՝ հիմնադիր ու կարևոր անդամներից մեկը, դուրս եկավ։ Զարմանալ պետք չէ, բայց նոր զարգացումների սպասել կարելի է՝ կարծում են քաղաքագետները։
hy.armradio.am