Ս․թ․ փետրվարի 18-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի կնքման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ երկարամյա ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Թառոյանը, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ։

Ողջունելով ներկաներին, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը կարևորեց հուշագրի կնքումը՝ նշելով, որ երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է երկար տարիներ առաջ և արդեն հասցրել է ձևավորել ավանդույթներ, որոնք վստահաբար շարունակվելու են։ Գ․ Վարդանյանը վստահություն հայտնեց, որ հուշագրի կնքումը համագործակցության նոր հնարավորություն է ստեղծելու երիտասարդ մասնագետներով ՀԱԷԿ կադրային բանկը համալրելու, աշխատակիցների վերապատրաստման և վերաորակավորման միջոցով մասնագիտական առաջխաղացում ապահովելու և իբրև էներգետիկ ոլորտի առանցքային կազմակերպություն երիտասարդության շրջանում համատեղ միջոցառումների միջոցով մասնագիտական կողմնորոշում և հետաքրքրության ապահովման համար: Ինչպես նաև համագործակցությունը կնպաստի կրթական ծրագրերի կատարելագործմանը և ոլորտային ուսումնասիրությունների իրականացմանը։ Ռեկտորը նշեց, որ այս համագործակցությունը մի կազմակերպության հետ է, որը ղեկավարում են Պոլիտեխնիկի շրջանավարտները և աշխատակիցների ճնշող մեծամասնությունը պոլիտեխնիկցիներ են։ Այս առումով համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Պոլիտեխնիկի համար:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալման և հուշագրի կնքման նախաձեռնության համար «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ սա հնարավորություն է իրենց ընկերության կադրային բազան որակյալ կադրերով համալրելու համար։ «Ատոմակայանի կադրային սերնդափոխության, գիտական ներուժի ավելացման և պահպանման գործընթացների կազմակերպման համար այս համագործակցությունը էական նշանակություն ունի։ Վստահ եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ունի այն գիտական ներուժը, որը կհամալրի Ատոմակայանը բարձրակարգ մասնագետներով և կլավարկեն ատոմային էներգիայի ոլորտը», – նշեց Էդ․ Մարտիրոսյանը։

Հաշվի առնելով Պոլիտեխնիկական համալսարանի հետ երկարատև համագործակցության դրական փորձը՝ Էդ․ Մարտիրոսյանը նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները մինչև 2040 թիվը Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման և շահագործման համար ընթացող աշխատանքներում համատեղ աշխատանքային թիմեր ստեղծելու և երիտասարդ շրջանավարտներին մշտական աշխատանքով ապահովելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը դիտարկեցին փոխադարձ կարևորություն ունեցող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ոչ միայն Պոլիտեխնիկական համալսարանի և ՀԱԷԿ–ի միջև համագործակցության ընդլայնմանը, այլ նաև՝ հետագա զարգացմանը:

Պոլիտեխնիկական համալսարանի և ՀԱԷԿ–ի միջև գիտական և կրթական փոխգործակցությունը զարգացնելու նպատակով՝ կողմերը կհամագործակցեն ՀԱԷԿ-ի պահանջներին բավարարող բարձրորակ կադրերի պատրաստման, ՀԱԷԿ-ի աշխատակիցներին մրցութային կարգով մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերի գծով ընդունելության նախապատրաստման, ընդհանուր հետաքրքրության թեմաներով գիտական հայտերի ձեւավորման, հանրապետական և միջազգային մրցույթներին ներկայացման, ՀԱԷԿ-ի ռազմավարական խնդիրներին ուղղված համատեղ սեմինարների և վերլուծությունների կազմակերպման, գիտաարտադրական, նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների համատեղ իրականացման և մի շարք այլ ուղղություններով։

Բացի դրանից՝ համագործակցության հուշագրի շրջանակում առաջադիմության ցուցանիշների հիման վրա, ՀԱԷԿ-ը կկատարի համալսարանի ավարտական կուրսի ուսանողների ընտրություն և կկնքի համապատասխան պայմանագրեր՝ Պոլիտեխնիկի շրջանավարտներին ՀԱԷԿ-ում աշխատանքի ընդունելու նպատակով, կկազմակերպի ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և հետազոտական պրակտիկաները, հնարավորության սահմաններում կնորացնի և կհամալրի համապատասխան մասնագիտական լաբորատորիաների նյութատեխնիկական բազան:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն