«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների երևանյան երկօրյա աշխատանքը անցել է բուռն մթնոլորտում։ Պատվիրակները բանավիճել են  նիստի ընթացքում, իսկ դրսում հավաքված քաղաքացիները բողոքել են ադրբեջանցիների մասնակցության դեմ։

Եվրոպացի պատվիրակների հանդիպումը համընկել է  ռուս–ուկրաինական հարաբերությունների լարման նոր փուլին, ինչի առնչությամբ Վեհաժողովի  բյուրոն Ռուսաստանի գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել։ Հայաստանի ներկայացուցիչը փաստաթղթի քվեարկությանը չի մասնակցել։ Օրակարգային հարցերից մեկով էլ Եվրանեսթի պատվիրակներն ու հրավիրված փորձագետները քննարկել են ԼՂ հակամարտության խնդիրը։

Կարևոր ազդակ Երևանից` Բաքվին։ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը երևանյան նիստի ժամանակ  հստակ հակադարձել է ադրբեջանցի պատվիրակներիայն պնդումներին, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։

«Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի վերջնական արդյունքը։ Մենք շատ պարզ հայտարարել ենք և ցանկանում եմ, որ դա այստեղ հստակ ընկալվի՝ պատերազմը լուծում չէ, դա երբեք լուծում չէ»։

Որպես լուծում՝ Կալյուրանդը մատնանշում է ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահությամբ բանակցությունների վերսկսումը՝ հիշեցնելով՝ այդ մոտեցումն ամրագրված է նախորդ շաբաթ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում։

Քննարկումը ծավալվել է Եվրանեսթի քաղաքական կոմիտեի նիստի ընթացքում։ Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Հարավային Կովկասում անվտանգության խնդիրներին և այդ շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ 44–օրյա պատերազմն աշխարհին բերեց նոր իրողություն՝ ասում է քաղաքական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

2020–ի պատերազմը նախադեպային է՝ ըստ Կիրակոսյանի․ գնալով շատանում են երկրները, որոնք ցանկանում են օգտագործել «ուժի իրավունքը»։ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ սա վտանգավոր ազդակ  է եվրոպական արժեքներին  և հատկապես ժողովրդավարությանը, քանի որ խոշոր ավտորիտար պետություններն այդպես կարող են հաղթել փոքր ժողովրդավարություններին, ինչի օրինակը հենց Հայաստանն ու Արցախն են։

Հայաստան ժամանած ադրբեջանցիները խոսեցին  այն ամենի մասին, ինչը ծրագրել էին, հակադարձողները հայկական կողմից շատ էին՝ ընդդիմությունից մինչև իշխանություն։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանի պնդմամբ՝ կոնֆլիկտը չի ավարտվում պարզապես հայտարարություններով։ Այն ավարտվում է, երբ վերացվում են կոնֆլիկտի պատճառները, իսկ պատճառները, որոնք բերել են ԼՂ կոնֆլիկտին, չեն վերացել: Եղոյանի պնդմամբ՝ ավելին, սրվել են․

«Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությունն ավելի ու ավելի է խորանում։ Ո՞րտեղ են 500 000 հայերը, որոնք ապրել են Ադրբեջանում, ո՞ւր են անհետացել, եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է: Ես չգիտեմ՝ դուք փորձում եք համոզել ինքներդ ձե՞զ, թե՞ այլ մարդկանց։ Խաղաղությունը պետք է կառուցվի աշխատանքով, փոխադարձ հարգանքով, ուրիշների իրավունքների հարգմամբ, մարդկանց իրավունքի հարգմամբ, կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի հարգմամբ: Հայերի կյանքի և սեփականության իրավունքն արդյո՞ք երաշխավորված է Ադրբեջանում. ոչ, քանի որ չեք կարող գտնել մի հայի, որն ապրում է ադրբեջանական իշխանության կանոնների ներքո: Նրանք բոլորը Բաքվում, այլ քաղաքներում, անհետացել են»։

Ադրբեջանի պատվիրակության անդամ, Միլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամադովը Երևանում կրկնել է պաշտոնական Բաքվի այն թեզը, թե վերադարձրել են բոլոր գերիներին և պահվող այլ անձանց։

Ադրբեջանցիներն այս խնդիրը տարանջատում են երկու մասի՝ պատերազմի ժամանակ գերեվարվածներ և պատերազմից հետո ձերբակալվածներ, որոնց առնչվող քննությունը դեռ պետք է շարունակվի, իրենց պատկերացմամբ, միջազգային իրավունքի հիման վրա։ 

Այս հարցում միջազգային իրավունքը վկայակոչում է նաև հայկական կողմը։ «Եվրանեսթ»–ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյան․

«Հումանիտար իրավունքը նման տարանջատում չի ճանաչում, և այն փաստաթուղթը, որը ստորագրվել է գերիների և պահվող անձանց վերադարձի վերաբերյալ, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքը պահանջում է, որ բոլոր անձինք վերադառնան՝ անկախ նրանց գերության մեջ ընկնելու ժամկետներից»։

Ադրբեջանցիների ոչ միայն ելույթներին, այլև՝ ներկայությանը սուր էին արձագանքում Մարզահամերգային համալիրի մոտ հավաքված քաղաքացիները։ Բողոքի ակցիան ուղեկցվում էր վանկարկումներով և ելույթներով։ Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյան․

«Ես երբեք չեմ եղել ոչմիթիզականության կողմնակից, դրա համար գնացել եմ Բաքու և հարցեր եմ ուղղել ադրբեջանցիներին։ Այստեղ գալուց առաջ լսում էի Ադրբեջանի պատվիրակին, որը  հերթական անգամ խեղաթյուրում էր ամենապարզագույն փաստերը։ Նա ասում էր, որ չկան այլևս ռազմագերիներ։ Ոչ, դուք ստում եք»։

«Եվրանեսթ»–ի կոմիտեների աշխատանքին միացած հայ ընդդիմադիր պատգամավորները նույնպես  նիստի ընթացքում օգտվեցին ելույթ ունենալու հնարավորությունից և ներկայացրին հնչած հայտարարություններից տարբերվող ադրբեջանական իրական քաղաքականությունը՝ քաղաքական հարցերից մինչև պատմամշակութային ժառանգության ոչնչացում։

Նիստից դուրս ընդդիմադիրները  հրաժարվել են ադրբեջանցի պատգամավորների հետ շփվելուց և մեկ սեղանի շուրջ ընթրելուց։ Հիմնավորումը լրագրողներին ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը․

«Մեր չմասնակցությունը պայմանավորված է հստակ քաղաքական ուղերձով՝ մենք ադրբեջանցիների հետ կիսելու հաց չունենք»։

«Եվրանեսթ»–ի երևանյան աշխատանքներն ավարտվելու են առանց որևէ փաստաթղթի ընդունման, բայց քննարկված հարցերը կարող են տեղ գտնել Վեհաժողովի  գարնանային նստաշրջանում ընդունվելիք բանաձևում։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն