21-րդ դարի դիրիժորը կնքահայր չէ. Ստեֆան Ֆրուխտ
Գերմանացի հանրահայտ դիրիժոր Ստեֆան Ֆրուխտն իր գործունեության ընթացքում համագործակցել ու շարունակում է աշխատել տարբեր նվագախմբերի հետ: Նա կարծում է, որ դիրիժորի գերագույն խնդիրներից է ներդաշնակ լինել երաժիշտների հետ և փոխընբռնման միջոցով կարողանալ լավագույնս ներկայացնել բարձրակարգ երաժշտությունը:
«Արմենպրես»–ի թղթակիցը Ստեֆան Ֆրուխտի հետ, որն օրերս Հայաստանում էր, զրուցել է երաժշտության, նվագախմբերի առանձնահատկությունների, դիրիժորի կարևորագույն սկզբունքների և այլ հարցերի շուրջ:
–Պարոն Ֆրուխտ, Երևանում ղեկավարեցիք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Դիանա Ադամյանի համերգը: Կխնդրեի պատմել համագործակցության մասին:
– Սիմֆոնիկն իմպուլսիվ նվագախումբ է, և երաժիշտներն իսկապես սիրում են նվագել: Նրանք ունեն հատուկ ծրագիր, որը հաճախ են ներկայացնում, և կան հեղինակներ, որոնց այնքան էլ հաճախ չեն հնչեցնում, օրինակ՝ Շուբերտ կամ գերմանական ավանդական երաժշտություն: Մենք մեծ բավականություն ենք ստացել միմյանց հետ համագործակցությունից, մեծ աշխատանք ենք կատարել: Իսկապես զարմանալի միջավայր էր:
-Յուրաքանչյուր նվագախուբ ունի իր ձեռագիրը: Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որո՞նք են նրա յուրահատկությունները:
– Ամեն երկրի նվագախումբ ունի իր առանձնահատկությունները. Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում հոբոյին ու գալարափողին, ամերիկյան նվագախմբերից մեկը շեշտադրում է կատարում փողային գործիքների վրա, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար յուրահատուկ ու հնչեղ է լարային գործիքների խումբը, գուցե այն պատճառով, որ շատ են սիրում նվագել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Նվագախումբն աչքի է ընկնում դրական էներգիայով, նվագելու մեծ ցանկությամբ, նվագելիս մեծ բավականություն ստանալու կարողությամբ:
Եթե գերմանական այս կամ այն նվագախումբը հստակ ժամանակացույց ունի և այդ ժամանակահատվածում լավ է կատարում իր աշխատանքը, երաժիշտները գալիս են փորձի ու գնում, իսկ Սիմֆոնիկը համախմբվում է մեկ նպատակի, գաղափարի շուրջ, նվագում, հաճույք ստանում: Դա ոչ միայն երաժիշտներին է վերաբերվում, այլև անձնակազմին: Այդ ընտանեկան մթնոլորտն ինձ շատ է դուր գալիս:
-Պատահե՞լ է, որ կատարողական արվեստի տարբեր դրսևորումների շնորհիվ նորովի եք բացահայտել այս կամ այն կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունը:
-Իհարկե, պատահել է: Հենց դա է պատճառը, որ իմ աշխատանքն ինձ հետաքրքիր է: Կցանկանայի Հայաստանում ղեկավարել Արամ Խաչատրյանի կամ ռուս հեղինակների գործեր, որովհետև դա ինձ համար նոր ու հետաքրքիր կլիներ: Երբ երիտասարդ էի, նվագախմբերից պահանջում էի աշխատելիս հետևել մի քանի հստակ կանոնի, սակայն ժամանակի ընթացքում սկսեցի նաև երաժիշտների առաջարկները լսել: Ես իմ կարծիքն եմ ասում, նվագախումբը՝ իր: Հրաշալի արդյունք ենք ստանում: Ի վերջո, դա միջմշակութային շփում է, որը մեր աշխատանքի լավ կողմերից է:
Ձգտում եմ հասկանալ, թե ինչ նոր փորձ կարող եմ ձեռք բերել՝ այս կամ այն նվագախմբի հետ աշխատելով, թե ինչ նյութ կարող եմ ստանալ, և մենք սկսում ենք քննարկել, աշխատել: 21-րդ դարի դիրիժորը կնքահայր չէ. այժմ ամեն ինչ թիմային է, ինչպես ֆուտբոլում:
-Իսկ ինչպե՞ս եք զգում, ընկալում հանդիսատեսին, նրա էներգիան. չէ՞ որ նրան չեք տեսնում:
– Դեռ 200-300 տարի առաջ դիրիժորը եղել է մեծ փայտով մարդ, որն ապահովել է զինվորական նվագախմբի ռիթմը: Նա դեմքով դեպի հանդիսատեսն է կանգնել, սակայն դիրիժորի գաղափարը ժամանակի ընթացքում փոխվել է, և մեծ փայտիկը փոքրացել է՝ վերածվելով այն փայտիկին, որն այսօր է կիրառվում, իսկ դիրիժորն այժմ մեջքով է կանգնում հանդիսատեսին, սակայն առավել մոտ է երաժշտությանը: Նրա գերագույն նպատակներից է ոգևորել երաժիշտներին և հնարավորություն տալ արտահայտել իր հույզերը:
Դիրիժորը պետք է կառավարելու կարողություն ունենա, առաջնորդ լինի և որակ ապահովի, այն որակը, որը նվագախումբը ուզում է ստանալ, որին ձգտում է: Դիրիժորը պետք է կարողանա մոտիվացնել նվագախմբին: Այդպես անում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Դա տեսնում եմ փորձերի ժամանակ: Կապ չունի, որ օրը «35 ժամ» են աշխատում. երաժիշտները մոտիվացված են: Դասավանդելիս ուսանողներին հաճախ եմ ասում, որ կարող են լավ դիրիժոր լինել, եթե կրթված են և գիտելիքների հարուստ բազա ունեն: Եթե գիտես, թե ինչպես է պետք նվագել, եթե գիտես, թե ինչպես է պետք կառավարել, կհասնես հաջողության: Այլ մասնագիտություններ ձեռք բերող ուսանողներին ևս դիրիժորություն եմ սովորեցրել, որովհետև ինչ ոլորտում էլ աշխատեն, դիրիժորությունը նրանց կօգնի արդյունավետ ղեկավարել, հաշվի առնել տարբեր կարծիքներ:
-Դուք դիրիժոր եք, ջութակ եք նվագում, ժամանակին բժշկագիտություն եք ուսումնասիրել: Հավանաբար հենց դա է Ձեր հաջողության գրավականը: Այսօր շատ տարածված է երաժշտական թերապիան, որը հանգստացնում է, վերականգնում է հոգեկան հավասարակշռությունը: Ինչպե՞ս է դա պատահում, ինչպե՞ս է երաժշտությունն այդպես ներգործում մարդու վրա:
– Ջութակ եմ սկսել նվագել, երբ հինգ տարեկան էի, ինչպես շատերն են անում և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում, որովհետև լարային գործիքի պետք է ծանոթանալ վաղ տարիքից: Այդ ժամանակ էլ ճանաչեցի իտալացի հայտնի դիրիժոր Ջուզեպպե Սինոպոլիին, որը Դրեզդենի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Նրա գործունեությանը ծանոթանալով՝ իմացա, որ նաև բժշկությամբ է հետաքրքրված: Դա էլ պատճառ դարձավ, որ ես ևս ուսումնասիրեմ այդ ոլորտը, քանի որ բարձր արվեստը հասկանալու, բարձրակարգ երաժշտություն ստանալու համար պետք է իմանալ մարդու մտավոր, ֆիզիկական ունակությունները:
Երաժշտությունն այն ուժն է, որը միավորում է բոլոր մասնագիտությունները. հանդիսատեսի շրջանում կան և՛ շինարարներ, և՛ տնտեսագետներ, և՛ այլ մասնագետներ, և բոլորը սիրում են երաժշտությունն ու տարբեր կերպ են ընկալում այն. հաշվապահը հաշվարկում է, շինարարը նայում է, թե ինչպես է բեմը կառուցված, և նրանց միավորում է երաժշտությունը: Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ Մոցարտի որոշ գործեր կարող են մարդուն հանգստացնել, ահա թե ինչու տասը տարի առաջ որոշեցի ձայնագրել Մոցարտի դաշնամուրային ստեղծագործությունները: Տրանսպորտի նախարարի աջակցությամբ ձայնագրությունները հասան տաքսիների վարորդներին, ինչի արդյունքում նրանք սկսեցին առավել դանդաղ ու հանգիստ վարել:
-Մեր օրերում անգամ դասական նվագախմբերը հաճախ փոփ և այլ ժանրի ստեղծագործություններ են կատարում, փորձում նորարար լինել: Պարոն Ֆրուխտ, Դուք անընդհատ հետևում եք երաժշտական զարգացումներին: Ըստ ձեզ՝ ո՞ւր է գնում դասական երաժշտությունը, այն ի՞նչ հեռանկարներ ունի:
-Դասական երաժշտությունը միշտ է աճ ապրել: Եթե 300 տարի առաջ բարոկ երաժշտությունն էր զարգանում և թվում էր, թե միայն դա է լինելու, ի հայտ է գալիս դասական երաժշտությունը: Մեր օրերում փոփ երաժշտությունն է, և ես դեմ չեմ, որ նվագախումբը նաև այն մատուցի, բայց երիտասարդներին պետք է ասել, որ Բախի, Բեթհովենի, Բրամսի, Խաչատրյանի, Չայկովսկու երաժշտությունը հավերժ է, քանի որ բարձրակարգ է: Այն փոփ երաժշտությունը, որն այսօր ազդում է երիտասարդ կոմպոզիտորների գործունեության վրա, շուտ է մոռացվում: Այսօր ամենուր հնչում է փոփ երաժշտություն, և գալիս է մի պահ, որ մեր ուղեղը կարք ունի մաքրվելու, առողջանալու: Այդ ժամանակ պետք է վերադառնալ դասական երաժշտությանը, որը մաքրում է մեր հոգին:
Ձեր ընթերցողներին հորդորում եմ իրենց երեխաներին որևէ դասական գործիքի տիրապետելու, երգելու հնարավորություն տան: Դա լավագույն բանն է, որ կարող են անել երեխաների համար: Դա կարևոր է, քանի որ զարգացնում է ուղեղը, հոգին ու մարմինը: Նման դեպքում նրանք հետագայում կարող են տարբերել լավ փոփ երաժշտությունն անորակ, վատ փոփ երաժշտությունից:
-Հիշատակեցիք Արամ Խաչատրյանին: Քաջածանո՞թ եք մեր մշակույթին:
– Կան հրաշալի հայ ստեղծագործողներ, որոնք այնքան էլ հայտնի չեն Եվրոպայում: Իմ առաջին քայլը Հայաստան գալն էր և ձեր երաժշտությունը ճանաչելն էր: Ես տեսնում եմ, որ հայերը երաժշտական ազգ են, ստեղծագործող են և ցանկանում են ներկայացնել իրենց: Ձեր տեքստերը, մեղեդին, երգեցողությունը հրաշալի են, և ես ցանկանում եմ սովորել այդ ամենը: Կարևոր չէ, թե քանի տարեկան ես, մշտապես պետք է սովորել, սովորել ու սովորել:
Ավարտելով Բեռլինի արվեստի ինստիտուստի ջութակի բաժինը՝ Ստեֆան Ֆրուխտը դիրիժորություն է սովորել է Հանս Այսլերի անվան երաժշտության բարձրագույն դպրոցում։ Երաժշտական կրթությանը զուգահեռ բժշկագիտություն է ուսումնասիրել Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Պրոֆեսոր Ֆրուխտը ոչ միայն երաժիշտ է, այլև մշակույթի բնագավառի մենեջեր, հեղինակ և մեծ թվով երաժշտական ստեղծագործությունների հրատարակիչ։ Նա թողարկել է Բեռլինի ֆիլհարմոնիկին կից Կարայանի անվան ակադեմիայի նվագախմբի, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բավարական պետական օպերայի, Բեռլինի գերմանական օպերայի նվագախմբի և ուրիշների հետ ունեցած ելույթների բազմաթիվ ձայնագրություններ։ Ֆրուխտը Կարլսռուի երաժշտական ուսումնարանի պատվավոր դասախոս է, Մյունխենի երաժշտական և թատերական բարձրագույն դպրոցի ասոցիացիայի նախագահ և Բեռլինի պետական օպերայի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2015-ից պրոֆեսոր Ֆրուխտը «Սիմենս» ընկերության արվեստների աջակցության ծրագրի գեղարվեստական տնօրենն է և նույն ընկերության մշակույթի ու հովանավորության գծով ծրագրերի տեղական ղեկավար։
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
1in.am