«Այսօր Մոսկվայից լսեցինք, որ իրենք պատրաստ են խոսել մեր պետության չեզոք կարգավիճակի մասին: Մեր պետության բոլոր գործընկերներին ասում եմ՝ այս պահին մեր երկրի ճակատագիրն է որոշվում, հարցնում եմ՝ մեզ հե՞տ եք, պատասխանում են՝ մեզ հետ են, բայց նրանք պատրաստ չեն մեզ իրենց  դաշինք ընդունել։ Ես այսօր ուղղակիորեն Եվրոպայի 27 առաջնորդներին հարցրի՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմի մեջ կմտնի՞։ Ուղիղ հարց տվեցի: Բոլորը վախենում են, չեն պատասխանում։ Բայց մենք չենք վախենում, ոչ մի բանից չենք վախենում՝ պաշտպանելու համար մեր երկիրը», փետրվարի 24-ի ուշ գիշերը դիմելով ուկրաինացիներին ասել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա ասել է, թե Ուկրաինան այսօր մենակ է Ռուսաստանի ագրեսիայի դեմ, բոլորը հայտնում են աջակցություն, սակայն ոչ ոք չի ուզում կռվել իրենց հետ միասին: Ուկրաինայի նախագահի ելույթը անկասկած խոսում է բավականին ծանր իրադրության մասին: Ռուսական զինուժը իհարկե պատերազմի առաջին օրը «զբոսնելով» չէ, որ մտել և առաջանում է Ուկրաինայի տարածքում, շատ տեղերում հանդիպել է ուկրաինական զինուժի համառ դիմադրությանը, ընթացել և ընթանում են ծանր մարտեր, եղել է անգամ տեղեր, որտեղ ուկրաինական զինուժը հետ է մղել ռուսական ուժերին զբաղեցրած դիրքերից: Սակայն մի բան անկասկած է, Ուկրաինան չի զիջում իր անձնուրաց և հայրենասեր զինվորներով ու սպաներով՝ ինչպես որ թուրք-ադրբեջանական տանդեմին չէր զիջում այդ առումով հայկական զինուժը, սակայն, ինչպես Հայաստանն էր զգալիորեն զիջում սպառազինական ու տեխնոլոգիական հագեցածությամբ, այդպես էլ ուկրաինական բանակը այդ առումով դեռևս մրցակից չէ ռուսականին: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան ռազմական ճնշումն ավելացնելու քաղաքական որոշման պարագայում լրջագույն խնդիրներ կառաջացնի Ուկրաինայի համար: ԱՄՆ հետախուզության աղբյուրներին հղում անելով, միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, թե Վաշինգտոնի գնահատմամբ ռուսական ուժերը 96 ժամում կշրջապատեն Կիևը:

Զելենսկու ելույթը անշուշտ թելադրված է այդ ծանր իրողությամբ: Այն փաստորեն մի կողմից կարող է դիտվել բանակցության առաջարկ Մոսկվային, մյուս կողմից «վերջնագիր» Արևմուտքին՝ կամ վճռորոշ համարժեք քայլեր ռուսական ներխուժումը կանգնեցնելու և հետ մղելու ուղղությամբ, մենակ չթողնելով Ուկրաինային, կամ Կիևը այդ խնդիրը լուծելու համար պատրաստ է քննարկել Ռուսաստանի պայմաններն ու հրաժարվել Արևմուտքի հետ կապված պլաններից: Իհարկե այդ հարցում էական է լինելու և այն, թե ինչպիսի ազդակ կգնա ուկրաինական հասարակությունից, Զելենսկուն «կլիազորե՞ն» չեզոքության հարց քննարկել Մոսկվայի հետ: Հազիվ թե Զելենսկին այդ քայլին գնում է ժամանակ շահելու նկատառումով՝ ժամանակն այս դեպքում իր և Ուկրաինայի օգտին չէ: Ինչ արձագանք կլինի Արևմուտքից, արդյո՞ք կփոխվի վերաբերմունքը և տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներից զատ, կկայացվի Ուկրաինային ավելի գործուն միջոցներով, այլ կերպ ասած ռազմական օգնության հնարավորությունը: Սա կնշանակի համաշխարհային աղետի սկիզբ և քիչ հավանական է, որ Արևմուտքը գնա այդ քայլին: Սակայն, հարց է նաև, թե արդյո՞ք Ռուսաստանը կանգ կառնի և Կիևի հետ կքննարկի այդօրինակ հարցեր, թե՞ կփորձի պարզապես գնալ հարցերը միանձնյա լուծելու ճանապարհով:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն