«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը

-Պարոն Ալեքսանյան, երեկ վաղ առավոտյան Մոսկվան սկսեց լայնածավալ գրոհ Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայում մեծ հայկական համայնք ունենք։ Հայաստան տեղափոխել ցանկացողներ կա՞ն։ Ի՞նչ խնդիրներով են դիմում Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցները։

-Ռուս-ուկրաինական, ինչպես նաև Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունների  լարվածության ֆոնին զուգահեռ մենք, իհարկե, անհանգստացած ենք Ուկրաինայի հայ համայնքի ճակատագրով և շատ ավելի ենք ակտիվացրել մեր կապը վերջին մեկ շաբաթում Ուկրաինայի տարբեր մարզերում և քաղաքներում մեր համայնքների հետ: Օրական մի քանի անգամ կապի մեջ ենք նրանց հետ՝ իրավիճակն ավելի ճիշտ պատկերացնելու համար։ Հայության շրջանում ինչպես Դոնեցկում և Լուգանսկում, այնպես էլ շփման գծի մյուս կողմում՝ ուկրաինական կողմում, ի ուրախություն մեզ՝ այս պահին մենք չունենք զոհեր, վիրավորներ, ոչ էլ ավերածություններ, որոնք կապված են հայերի հետ։ Նշեմ, որ համայնքը բավականաչափ մեծ է, շուրջ 25 հազար հայ ունենք Դոնեցկում և 2-3 հազար՝ Լուգանսկում։

Բացի այդ, նաև ուկրաինական կողմում մնացած Լուգանսկի և Դոնեցկի տարածաշրջաններում ունենք հայեր այն շփման գծի երկայնքով, որը ձևավորվել է  2014-ից։ Ունենք համայնքային կազմակերպություններ, երիտասարդական կառույցներ, կիրակնօրյա դպրոցներ, կրթամշակութային միություն և այլն։ Որևէ մեկը, փառք Աստծո, չի տուժել։ Շատ ընտանիքներ՝ վերջին երկու-երեք շաբաթներին և ավելի վաղ, արդեն դուրս են եկել ռեգիոնից, և կան ընտանիքներ, որտեղից դուրս են բերվել կանայք, երեխաներ, որոնք հիմնականում տեղակայված են ՌԴ Վորոնեժի և Դոնի Ռոստովի մարզերում։ Կան փաստաթղթերի հետ կապված խնդիրներ. Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են այդպիսի խնդիրներ, վերջին 4-5 օրը հնարավոր եղել է լուծել, հյուպատոսական ծառայություններ մատուցել։ Եվ քանի իրավիճակը լարվում էր, նրանք, որոնք ունեին չկարգավորված փաստաթղթեր, արդեն լուծել են այդ հարցերը։ Բացի այդ, մեր այն հայրենակիցները, որոնք բացի ՀՀ փաստաթղթերից ունեն տեղական փաստաթղթեր,  որոնք ցանկացել են, դուրս են եկել, որոնք մտադրված են մնալ, մնացել են։

Ինչ վերաբերում է ուկրաինական մասին, ապա այստեղ էլ մենք համայնքային կառույցներ ունենք։ Մի մասը նույնպես ժամանակին դուրս է եկել, մյուս մասը մնացել է իրենց տներում, աշխատանքի վայրերում։ Եվ մեզ առավել մտահոգողը այս պահին հենց այս հատվածն է: Գիտենք, որ շփման գիծն արդեն տեղաշարժվել է որոշ հատվածներում, բայց խոսել ենք և՛ Դոնեցկի, և՛ Լուգանսկի մյուս հատվածում  գտնվող հայկական համայնքների հետ։ Փառք Աստծո, խնդիր չկա։  Իհարկե, նաև կապի մեջ ենք այլ տարածաշրջանների հետ։ Այս պահին իրավիճակը բավական լարված է։

-Հայկական անձնագրերի հետ կապված խնդիրները ինչպիսի՞ լուծում են ստացել։

-Այս առումով պետք է նշել, որ շփման գծի երկու կողմերում էլ իրավիճակը բավական պարզ է։ Ուկրանիական մասում մեր հայրենակիցները իրենց փաստաթղթերի խնդիրը կարող են կարգավորել և՛ Հայաստանի դեսպանության, և՛ Օդեսայի գլխավոր հյուպատոսության միջոցով, իսկ ինքնահռչակ հանրապետությունների մասով դեռևս ավելի վաղ շրջանից այդ կարգավորումը կատարվում էր Դոնի Ռոստովում։ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մինչև վերջին մի քանի օրը հնարավորություն է ունեցել դա կազմակերպել, և շատ-շատերը օգտվել են այդ հնարավորությունից։ Բայց եթե կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով կամ լուրջ չեն վերաբերվել խնդրին և ունեն փաստաթղթեր, որոնք կարգին չեն, կամ բացի հայկական փաստաթղթերից չունեն այլ փաստաթուղթ,  իհարկե, այստեղ միակ ելքը մնում է Դոնեցկից և Լուգանսկից մուտքը դեպի Դոնի Ռոստով: Այնտեղ մեր գլխավոր հյուպատոսության միջոցով կարող են փաստաթղթերի ձևակերպել և ցանկության դեպքում մեկնել Հայաստան: Իսկ ուկրաինական մասից կարող են տեղաշարժվել դեպի ավելի Արևմուտք, և Օդեսայում փաստաթղթերը նորոգել։

Մեր գրասենյակը թողել է հեռախոսահամարներ, թեժ գիծ կա, և դիմումների դեպքում մենք այդ հարցերը կքննարկենք։ Բայց կա մի հանգամանք, որ մենք չենք կարող հաշվի չառնել. Ուկրաինայի օդային սահմանը փակ է, այսինքն՝ օդային ճանապարհով տեղափոխությունն անհնար է, Ռուսաստանի հարավում ևս օդանավակայանները դադարեցրել են իրենց աշխատանքը։ Միակ ելքն այն է, որ ուկրաինական մասում մնացած մեր հայրենակիցները, եթե տարհանման խնդիրներ ունեն, պետք է շարժվեն Արևմուտք, իսկ Լուգանսկում և Դոնեցկում մնացածները՝ դեպի Արևելք, որ կարողանանք նրանց օգտակար լինենք։ Ասեմ, որ թե՛ Դոնի Ռոստովի, թե՛ Վորոնեժի մեր համայնքների ներկայացուցիչներն ընդունում են մեր հայրենակիցներին, իսկ Ուկրաինայի հայկական համայնքներն էլ որոշակի տարհանման պլան ունեցել են և իրենք էլ շարժվում են այդ պլաններով։ Նշեմ, որ կլինեն հայրենակիցներ, որոնք այս իրավիճակի կարգավորումից հետո ցանկություն կհայտնեն հայրենիք վերադառնալ: Այդ դեպքում մենք ունենք կոնտակտներ, առաջին հերթին՝ տվյալ երկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններն են, այնուհետև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կոնտակտները։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն