Ակնհայտ է, որ Արեւմուտքին չի հաջողվել Ուկրաինայից ձեւավորել մի այնպիսի պետություն, որը մի կողմից պատվար դառնար Արեւմտյան Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, իսկ մյուս կողմից էլ սպասարկեր անգլո-ամերիկյան նկրտումները՝ ռուսական էներգակիրների տարանցիկ ճանապարհների հետ կապված: Նախ՝ պարզվեց, որ Ռուսաստանը խնդիրներ չունի ցամաքային Եվրոպայի հետ, իսկ հետո նաեւ՝ որ Ռուսաստանն ամենեւին էլ դատապարտված չէ սեփական էներգառեսուրսների արտահանման գործում անգլո-ամերիկյան «տանիք» ունենալու հեռանկարին:

Ուկրաինական խողովակաշարերով չի՞ ստացվի, կարտահանեն թուրքական հոսքով, թուրքական հո՞սքն էլ կփակեն՝ կարտահանեն Բելառուսով եւ Հյուսիսային հոսք-2-ով: Իսկ եթե Արեւմուտքն ավելի հեռուն գնա, չի բացառվում, որ Ադրբեջանից ու Միջին Ասիայից ձգվող խողովակաշարերը, հանկարծ, Բաքու-Ջեհյան գծից շեղվեն ու դուրս գան Սեւ ծովի ռուսական ափերի մոտ: Մի խոսքով՝ ակնհայտ դարձավ, որ Ուկրաինա պահելը բավականին թանկ է նստում Արեւմուտքի համար, եւ Արեւմուտքը, որքան էլ դժվար էր Զելենսկու համար հայտարարել այդ մասին, Ուկրաինային թողեց մենակ: Այսքան բան ինքնուրույն հասկանալու համար Ուկրաինան, ավաղ, պետք է անցներ կրակների միջով:

Մայդանից հետո Ուկրաինայում երկու իշխանություն փոխվեց: Իրենց սպառած մայդանականներին փոխարինեց Զելենսկու իշխանությունը, բայց Արեւմուտքն այդպես էլ ոչինչ չձեռնարկեց Ուկրաինային տված խոստումներն իրականացնելու համար: Ուկրաինային չընդունեցին Եվրամիության մեջ, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդարձավ, ֆինանսական աջակցությունը հանգեց Ուկրաինայի բանակը արեւմտյան խոտանված զենք-զինամթերքով «ապահովելու» տխուր իրողությամբ: Եվ, ամենակարեւորը՝ Ուկրաինայի ժողովուրդն այս տարիներին ավելի լավ չապրեց եւ սկսեց հոգնել չդադարող քաշքշուկի մեջ հիմարի դեր կատարելուց: Ուկրաինայի հետմայդանյան իշխանություններն այնպես խրվեցին կոռուպցիայի մեջ, որ ավելորդ էր այլեւս հուսալ, որ նրանք կկարողանան լուծել կուտակված տնտեսական եւ սոցիալական բարդ խնդիրները:

Միով բանիվ, Ռուսաստանը շատ ճիշտ ընտրեց Ուկրաինայի կառավարիչներին դաս տալու եւ իրենց տեղը ցույց տալու պահը: Պուտինը շատ ավելի լավ գիտեր, թե ինչ է կատարվում Ուկրաինայի հետ, քան այդ երկրի իշխանությունները, որոնք, Արեւմուտքի խոստումներից շլացած, անցել էին լկտիության բոլոր սահմանները: Ստեղծված իրավիճակում Պուտինին կարելի էր մեղադրել անգործության մեջ, եթե նա Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին օգնելու պատրվակով այս հատուկ ռազմական գործողությունը չձեռնարկեր: Իսկ որ այդ գործողությունը մանրակրկիտ մշակված էր ու հաշվարկված, երկու կարծիք լինել չի կարող: Պուտինը գիտեր, թե ինչ է անում, ինչպես կպահի իրեն Արեւմուտքը, եւ ինչպես կընդունի ռուսական ուժերի մուտքը Ուկրաինա խաղաղ բնակչությունը: Ի տարբերություն Պուտինի՝ Զելենսկին մինչեւ վերջ հույսը դնում էր Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի աջակցության վրա, ինչն այդպես էլ չստացավ:

Ուկրաինայում իշխանափոխությունն անխուսափելի է: Որքան էլ Զելենսկին փորձի հաշտության եզրեր գտնել Ռուսաստանի հետ, հատուկ գործողությունը կշարունակվի այնքան, մինչեւ Ուկրաինայում համակարգային փոփոխությունները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, եւ երկիրը վերջնականապես ազատագրվի Արեւմուտքի կողմից պարտադրված կառավարիչներից:

Կեսճանապարհին կանգնելը կնշանակի տապալել փայլուն մտածված ծրագիրը եւ ազգակից ժողովրդին թողնել բախտի քմահաճույքին՝ ընդհուպ անկախությունը կորցնելու ռեալ վտանգի առջեւ: Ուկրաինան պետք է դառնա կայուն պետություն: Դա բխում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի եւ անգամ Հայաստանի շահերից: Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր մենք երբեք շահեկան դիրքերում չենք հայտնվել աշխարհաքաղաքական փոփոխությանների արդյունքում: Կայուն Ուկրաինան չի կարող հայտնվել թուրք-ադրբեջանական հակահայկական ծրագրերում, սպասարկել Թուրքիայի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական նախագծերը: Կարծում եմ՝ առաջիկայում մենք առիթներ կունենանք հիշելու նաեւ հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամությունը, որի մասին մոռացել էինք Մայդանի ու թավշյա հեղափոխության պատճառով:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն