Սա Ադրբեջանի գործելաոճն է, մեզ համար որ բան չէ։ Նրանց նպատակը մեկն է՝ բնակչության համար ստեղծել անտանելի, խուճապային պայմաններ, թույլ չտալ, որ ժողովուրդն իր հայրենիքում ապրի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերին։

Բալայանն ընդգծեց՝ պետք է աշխատել, փորձել պայմաններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրենց հայրենիքում ապրել, այլ ճանապարհ չկա, սակայն համակարգային լուծում է անհրաժեշտ։

«Այդ հատվածում ռուս խաղաղապահների հենակետ կա, տեղեկացվել են։ Հանդես են գալիս որպես միջնորդ։ Միաժամանակ ԱՀ ուժային մարմիններից են գյուղի անվտանգությունն ապահավում։ Ինչ-որ ծառի, քարի հետևից կարող են կրակել, իսկ դա մարդու կյանք կարող է արժենալ։ Դրա համար պետք է հարցին համակարգային լուծում ապահովել, ստեղծել իրավիճակ, որ կրակելու հավանականությունը վերանա»,-ասաց Բալայանը։

Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից այսքան ժամանակ անց էլ չկան լուծումներ, Արցախի ԱԺ պատգամավորն արձագանքեց․ «Նոյեմբերի 10-ից հետո կարևոր բարձունքներն անցել են ադրբեջանցիներին։ Կարելի է ասել՝ Արցախի Հանրապետությունում բնակավայր չի մնացել, որ նմանօրինակ խնդիրներ չունենա։ Պետք է ձգտել ռուս խաղաղապահների աջակցությամբ հենակետերի որոշակի փոփոխություններ կատարել։ Եթե նրանք բնակավայրերից 300-500 մետր հեռավարության վրա են, հասկանալի է, որ ամեն անգամ նման միջադեպեր լինելու են»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այս միաջեդեպերին զուգահեռ՝ ՀՀ-ի կողմից Ադրբեջանին առնչվող խաղաղասիրական հայտարարություններին՝ Բալայանը տեսակետ հայտնեց, որ ՀՀ իշխանությունների «փափուկ» վերաբերմունքն ինչ-որ չափով ոգևորիչ է ադրբեջանցիների համար։

«Կարծում եմ՝ պետք է այդ քաղաքականությունն ինչ-որ կերպ փոխվի, Ադրբեջանի հետ խոսեն այնպես, ինչպես նրանք են խոսում։ Դրա վկայությունն է օրերս Եվրանեսթի համաժողովի շրջանակում ՀՀ ժամանած ադրբեջանցիների պահվածքը։ Նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն, ու ազգային շահը պահպանվի»,-նկատեց պատգամավորը։

Հարցին՝ այս պահին տեսնու՞մ է ՀՀ իշխանությունների կողմից ազգային շահի պահպանման ձգտում, Բալայանը բացասական պատասխան տվեց․ «Ցավոք, դա այսօր չկա, չի երևում։ Թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել, այդ հարցին ՀՀ ազգաբնակչությունը կարող է պատասխանել»,-ասաց Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ից ադրբեջանցիները բարձրախոսով հայերենով Խրամորթ գյուղի բնակիչներին հորդորում են լքել տարածքը՝ պնդելով, որ, հակառակ դեպքում, ուժ են կիրառելու։

Հիշեցնենք նաև, որ սա վերջին շրջանում միակ միջադեպը չէ։ Փետրվարի 15-ին էլ ադրբեջանական կողմը Խրամորթ գյուղի վարչական տարածքում կրակել էր Խնապատ գյուղի բնակչի ուղղությամբ՝ վնասելով վերջինիս տրակտորը։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն