«Հակահիտլերյան… ներեցեք, հակապուտինյան կոալիցիա»
Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Բրյուսելում հրավիրված ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողը Վլադիմիր Զելենսկու հնչեցրած` միջազգային հակապուտինյան կոալիցիա ստեղծելու կոչի մասին հարց էր ձեւակերպում եւ բանախոսին մեքենայաբար հարցրեց. «Ի՞նչ եք կարծում միջազգային հակահիտլերյան կոալիցիա ձեւավորելու հնարավորության մասին…»: Հետո զգաց, որ սխալ թույլ տվեց, իրեն ուղղեց. «Կներեք` հակապուտինյան կոալիցիա ձեւավորելու մասին…»: Բոլորը սրահում մի փոքր ժպտացին կամ ծիծաղեցին, բայց` քաջալերող հայացքով ու ռեպլիկներով, թե առանձնապես չեք սխալվել. ի՜նչ տարբերություն` Հիտլեր, թե Պուտին…
Իրոք, ճակատագրի հեգնանք է, որ Վլադիմիր Պուտինը, ով առիթը բաց չի թողնում սրան-նրան հարկի-անհարկի ֆաշիստ, նացիստ կոչելու եւ իրեն էլ ֆաշիզմի դեմ պայքարի առաջամարտիկ երեւակայելու, միջազգային ընկալման մեջ հենց ինքն է դարձել ֆաշիզմի մարմնավորում, 21-րդ դարի ամենահրեշավոր կերպարը, որ համարժեք է 20-րդ դարի Հիտլերին կամ Ստալինին: Ինչ խոսք, իրականում Պուտինն այնքան չարիք չի պատճառել մարդկությանը, որքան Հիտլերը կամ Ստալինը, ի վերջո նա ոչ գուլագներ է ստեղծել, ոչ էլ համակենտրոնացման ճամբարներ, բայց արդեն ամբողջ մեկ-մեկուկես տասնամյակ աշխարհում բոլորը Պուտինի անունն են լսում` որպես բոլոր միջազգային չարիքների աղբյուր, եւ Պուտինին ինքնաբերաբար ընկալում են որպես արդի աշխարհի մեծագույն չարագործ: Կերպարը, իհարկե, տարիների ընթացքում է ձեւավորվել, բայց Ուկրաինայի վրա հարձակումն ու Եվրոպայում պատերազմ սանձազերծելը մերօրյա Հիտլերի կամ Ստալինի կերպարը Պուտինի դեմքով դարձրեցին մտապատճեն: Այնքան, որ անգամ Բրյուսելի միջազգային կառույցներում հավատարմագրված լրագրողներն են «Հիտլեր» եւ «Պուտին» անունները շփոթում:
Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած հարձակումից անցել է ընդամենը հինգ օր: Այն, ինչ Միացյալ Թագավորության Համայնքների պալատում ասաց ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը` փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման առաջին օրը, հինգ օր անց դարձավ գրեթե իրականություն: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս ներխուժման արդյունքը Ռուսաստանի համար լինի պարտությունը` քաղաքական պարտությունը, դիվանագիտական պարտությունը, ռազմական պարտությունը եւ վերջնահաշվում` ռազմական պարտությունը»,- ասել է Բորիս Ջոնսոնը փետրվարի 24-ին:
Ռուսաստանի քաղաքական պարտությունը, ի դեմս ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, G-7-ի աննախադեպ միասնականության եւ Ուկրաինային հայտնվող համատարած աջակցությունը արձանագրված էր դեռ ներխուժման նախօրեին:
Ռուսաստանի կատարյալ ու վերջնական տապալումը դիվանագիտական հարթությունում կուլմինացիայի հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ Ռուսաստանի դատապարտող բանաձեւին ՄԱԿ ԱԽ 15 անդամ երկրներից դեմ քվեարկեց միայն Ռուսաստանը: Օգտվելով վետոյի իր իրավունքից` Ռուսաստանը նաեւ վետո դրեց բանաձեւի վրա, ինչը ԱԽ մյուս անդամների եւ ԱԽ անդամ չհանդիսացող տասնյակ այլ երկրների կողմից գնահատվեց որպես իրավասությունների չարաշահում: Արդյունքում երեկ Նյու Յորքում 1982-ից ի վեր առաջին անգամ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ էր գումարվել, որը ոչ միան Ուկրաինայի հարցում միջազգային հանրության միասնականությունը ցուցադրելու եւ ՌԴ-ին դատապարտելու խնդիր ունի, այլեւ Ռուսաստանին ՄԱԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հնարավորություններն են դիտարկվում:
Ռուսաստանի ֆինանսական կոլապսը երեկ բոլորը տեսան: Մարկ Տվենը մի հրաշալի ասույթ ունի. «Բարբարոսները հավատում են միայն նրան, ինչ տեսնում են»: Այսինքն, բարբարոսության մակարդակում գիտակցությունը չի բավարարում գիտակցելու կամ պատկերացնելու այն, ինչ տեսանելի չէ: Այժմ նույնիսկ բարբարոսության մակարդակի հետ ընդհանրություն ունեցողները սեփական աչքով տեսան Ռուսաստանի ֆինանսկան համակարգի փլուզումը SWIFT-ից անջատվելու, կենտրոնական բանկի միջոցների սառեցվելու, դոլարով գործառնությունները արգելելու եւ մյուս ֆինանսական պատժամիջոցների արդյունքում: Եվ սա դեռ սկիզբն է: Մի քանի շաբաթում այս ֆինանսական փլուզումը գնալով խորանալու է, դրան գումարվելու է տնտեսական քայքայումը, դրանց հետեւող անխուսափելի սոցիալ-քաղաքական հետեւանքներով: ԽՍՀՄ փլուզում - 2, ինչպես շատերն են այն կոչում:
Եվ, վերջապես` նույնիսկ ռազմական հարթությունում, որտեղ թվում էր` 200 հազարանոց զորքով Ուկրաինան շրջապատել-ներխուժելուց հետո Ռուսաստանը կարող է հասնել ռազմական հաջողության, դա էլ, ակնհայտ է, որ չկարողացավ: Ռուսաստանի փտած խորհրդային բանակի, զինվորականության ու զենքի դեմ կանգնած է արեւմտյան զինարտադրանքով զինված, ՆԱՏՕ-ի համակարգով կառուցված բանակ, որ թեկուզ միայն ութ տարվա պատմություն ունի, բայց հրաշալի դիմակայում եւ հաջողություններ է գրանցում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում: Այնքան, որ Պուտինը հայացքն ուղղել է իր վերջին հանգրվանին` միջուկային զենքին:
Տեսնենք, թե առաջիկա օրերին ինչպես իրադարձությունները կզարգանան, ինչ նոր պատժամիջոցներ կդրվեն Ռուսաստանի վրա, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Գերմանիայի, ՄԹ-ի եւ այլոց կողմից վերջին մեկ-երկու օրում Ուկրաինային խոստացած մեկ-երկու միլիարդ դոլարի արժողության մահաբեր զենքերը ինչպես կազդեն պատերազմի ելքի վրա: Առայժմ այն դրական նոտայով եւ հույսով ավարտենք, որ երեկ Բելառուսի հետ սահմանին հինգ ժամ տեւած ռուս-ուկրաինական բանակցությունները ինչ-որ փոխըմբռնումների հանգեցրել են, որոնք սեփական իշխանությունների հետ համաձայնեցնելու համար պատվիրակությունները մեկնել են Կիեւ եւ Մոսկվա, որից հետո նորից հանդիպում է կայանալու:
Hraparak.am