Հայաստանը՝ «դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի արանքում
Մեկ «դեմ»՝ հօգուտ Ռուսաստանի, մեկ «ձեռնպահ», որը ողջունում է ուկրաինացի դիվանագետը․ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Հարցին, լրագրողների հետ հանդիպմանը, փորձել է պատասխանել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը։
Հայաստանի համար ռուս-ուկրաինական հակամարտության ամենացանկալի սցենարը ժամ առաջ ռազմական գործողությունների դադարեցումն ու դիվանագիտական ճանապարհով հարցի լուծումն է,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Հայաստանը խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով»․ «Պատերազմի արհավիրքի հետևանքները մեր մաշկի վրա զգալով՝ կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Ցանկացած պատերազմ ունենում է շատ ցավալի հետևանքներ, և Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից։ Իհարկե, այս իրավիճակը մտահոգիչ է և, Հայաստանի Հանրապետությունը, լինելով միջազգային հանրության անդամ և ունենալով որոշակի դիրքորոշում, նաև մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով։ Շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին, և ՀՀ-ն ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման պատճառով»։
Ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծմանն առնչվող հարցերը Հայաստանի վերահսկողությունից դուրս են, ուստի, հայկական կողմին մնում է գնահատել ռիսկերը տարածաշրջանում և ըստ այդմ շարժվել։
Էդուարդ Աղաջանով
Փետրվարի 24-ին հայկական պատվիրակությունը դեմ քվեարկեց Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի որոշմանը` կառույցում ՌԴ-ի ներկայացուցչության իրավունքը կասեցնելու վերաբերյալ։ Էդուարդ Աղաջանյանը, որը հայկական պատվիրակության ղեկավարն է, բացատրում է՝ ինչու․
«Որքան դիվանագիտական խողովակները կտրվում են, այնքան պակասում է խնդիրը հենց դիվանագիտական ճանապարհով լուծելու հավանականությունը։ Հենց այս համատեքստում է ՀՀ-ն դեմ քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն»։
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկությունը միակը չէ, որը քննարկումների առարկա դարձավ։ Ուշագրավ մի քվեարկություն էլ գրանցվեց փետրվարի 28-ին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը։ Քվեարկությանը մասնակից 47 երկրներից կողմ է քվեարկել 29-ը, ձեռնպահ` 13-ը, այդ թվում Հայաստանը։ Դեմ են եղել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։
Հայաստանի այս քվեարկությունը դրական է գնահատել մեր երկրում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում է ակնկալում Կիևը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանից։
«Հայաստանը հիմա չի արտահայտում իր դիրքորոշումը։ Այդուհանդերձ, երեկ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ, քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Քվեարկության արդյունքներով 47 անդամներից կողմ է քվեարկել 29 երկիր, ձեռնպահ` 13-ը, այդ թվում Հայաստանը, դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Կարծում ենք, որ սա լավ ազդակ է, և հույս ունենք, որ այսպիսի դիրքորոշումը գոնե կշարունակվի»։
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը նշել է, որ Հայաստանը առայժմ չի արտահայտել իր դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական զինված ուժերի ռազմական գործողությունների վերաբերյալ։
Ուկրաինացի դիվանագետը խուսափել է զուգահեռներ անցկացնել արցախյան 44-օրյա պատերազմի և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների միջև` ասելով, թե ինքը ընդամենը զինվորական կոչումով զորացրված սերժանտ է և դժվարանում է որևէ գնահատական տալ։
hy.armradio.am