Ուժը զսպվում է ուժի միջոցով․ մարդկությունը՝ նոր աշխարհակարգի ձևավորման շեմին
ՌԴ նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել «ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է ՀԱՊԿ ուժերի գործունեություն՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանում էլ նախօրեին բանաձև է ընդունվել՝ դատապարտող Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Քաղաքագետները գերտերությունների քայլերը նոր աշխարհակարգի ձեւավորմամբ են պայմանավորում։ Միջազգային նորմերը միայն այդ երկրների շահերը սպասարկելու համար են՝ վերլուծելով ընթացող զարգացումները՝ ասում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նրա կարծիքով՝ այն, ինչ կատարվում է աշխարհում, հստակ ցույց է տալիս աշխարհում գործող բանաձևը՝ ուժը զսպվում է ուժի միջոցով։
ՌԴ նախագահ Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է դեռ նախորդ տարվա սեպտեմբերին: Արձանագրությունը նախատեսում է ՀԱՊԿ ուժերի խաղաղապահ առաքելություն՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը քայլը դիտարկում է իրավական ու քաղաքական հարթություններում։ Ասում է՝ սա միջազգային հանրության հակասությունները մեղմելուն ուղղված քայլ է ռուս–ուկրաինական լարվածության ֆոնին։
«Իրավական առումով դժվար է ասել թե ինչ կլինի, քանի որ դեռ ՄԱԿ-կողմից հետադարձ արձագանք պետք է լինի, ինչը ենթադրելու է իրավական որոշակի կարգավորումներ։ Քաղաքական առումով այստեղ հետեւյալ խնդիրն է լուծվում՝ փաստացի ստացվում է, որ ՀԱՊԿ-ի գործողությունները չպետք է հակասեն ՄԱԿ-ի կանոնադրությանը»։
ՌԴ-ն լուրջ մարտահրավերների առաջ է հայտնվել , այս փոփոխությունն, ըստ վերլուծաբանի, կմեղմի իրավիճակը, գործողություններն, օրինակ, կարող են խաղաղապահ առաքելության շրջանակում դիտարկվել։
«Սրան հաջորդող ժամանակահատվածում եթե ինչ-որ մեկը կասի, որ այս կամ այն գործողությունը հակասում է ՄԱԿ-ի այս կամ այն կանոնադրությանը, նրանք կարող են հակադարձ ասել, որ սա հենց բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից եւ որ գործում են ՄԱԿ-ի շրջանակներում»։
Միջազգային նորմերը, իրավական կարգավորումները կիրառվում են այն դեպքում, երբ դրանք բխում են գերտերությունների շահերից, իսկ վերջինները չեն սպասարկում միջազգային հումանիտար իրավունքը՝ պարզաբանում է քաղաքագետը։ Ըստ նրա՝ որքան էլ խոսենք միջազգային իրավունքի ու իրավական նորմերի մասին, աշխարհակարգը հիմնված է ուժային քաղաքականության վրա։
«Ուժը զսպվում է միայն ուժի միջոցով, այսօր մենք տեսնում ենք, որ որեւէ գերտերություն իր գործողությունները չի սահմանափակում միջազգային նորմերով»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ անվտագնության համակարգ աշխարհում այլեւս չկա, եւ ՌԴ-ն փորձում է ՀԱՊԿ-ը վերածել ՆԱՏՕ-ի պես մի կառույցի․
«Կարծում եմ ամբողջ աշխարհում փոփոխություններ են գնալու եւ փոփոխություններ գուցե լինեն ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Մոսկվան ուզում է ՆԱՏՕ-ի նման կառույցի վերածել ՀԱՊԿ-ը եւ փորձում է օրենսդրական փոփոխություններ կատարել։ Ցույց է տալիս, որ աշխարհը կարող է գնալ Սովետական Միություն եւ Արեւմուտք երկբեւեռ համակարգում ռազմական դիմակայության։ սա ընդամենը առաջին քայլն է»։
Նախօրեին ՄԱԿ-ի ԳԱ-ն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձեւ ընդունեց, որը Մոսկվայից պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թեեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը պարտադիր ուժ չունեն։
Բանաձեւին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 5–ը, ձեռնպահ՝ 35–ը, 12 երկիր քվեարկությանը չի մասնակցել։ Դեմ են քվեարկել Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Ռուսաստանը եւ Սիրիան։ Հայաստանը «ձեռնպահ»-երի շարքում է, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը։ Ադրբեջանը քվեարկությանը չի մասնակցել։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն արդեն ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները եւ նշել, որ այն ցույց է տալիս Ռուսաստանի գործողությունների դեմ գլոբալ վրդովմունքի չափը և համաշխարհային աննախադեպ միասնությունը։ «Մենք ցույց կտանք, որ ազատությունը միշտ հաղթում է բռնակալությանը»,-հայտարարել է Բայդենը։
Չի ուշացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը։ Նա անհեթեթ է անվանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի հնարավոր դուրսբերման մասին հայտարարությունը։ Զախարովան ասել է, որ Արևմուտքի երկրները «վաղուց հրաժարվել են իրավական մոտեցումներից։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ դժվար թե հնարավոր լինի ՌԴ-ն հանել ՄԱԿ-ի ԱԽ-ից, քանի որ մշտական հինգ անդամներից որեւէ մեկը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը եւ թույլ չտալ նման գործողություն․
«Եթե փորձեն ուժային տրամաբանությամբ դուրս թողնել ՌԴ–ին ՄԱԿ ԱԽ–ից ապա այնտեղ կա նաեւ Չինաստանը, որը չենք կարող ասել թե ինչպես կքվեարկի։ Բայց եթե անգամ դուրս մնա այդտեղից ՌԴ իրական մեծ ազդեցություն այս փուլում տեղի չի ունենա, թեեւ չպետք է թերագնահատել միջազգային կազմակերպությունների դերը»։
Արդյո՞ք ՄԱԿ-ը կամ Արեւմուտքը նույն կերպ դատապարտել է օրինակ Սիրայում կամ Արցախում, կամ այլ որեւէ պետության դեմ որեւէ սանձազերծված ագրեսիան՝ հարցնում է քաղաքագետն ու հստակեցնում՝ համարժեք արձագանք երբեք չի եղել ։ Ըստ նրա՝ եթե Արեւմուտքը հստակ խնդիր ունի՝ մեկուսացնել ՌԴ-ն կամ հասնել դրա փլուզմանը, ապա դա անելը մի քանի օրվա խնդիր է եւ այստեղ միջազգային իրավունքը տեղ չունի։ Վերլուծաբանի կարծիքով՝ աշխարհակարգի փոփոխություն է ընթանում, որը փորձ է արվում հիմնավորել միջազգային նորմերով։
hy.armradio.am