Հարված թիկունքից․ շփման գծում իրավիճակը լարելով` Բաքուն նոր ճակատ է բացում Մոսկվայի դեմ
Ադրբեջանական կողմը վերջին օրերին կոպտորեն ու ինտենսիվ խախտում է հրադադարի եռակողմ հայտարարությունը։ Սահմանային լարման հետևանքով վնասվել է Հայաստանից Արցախը սնուցող գազատարը, ինչի հետևանքով Արցախը զրկվել է գազից, սադրիչ և թշնամական գործողությունների պատճառով վիրավորվել է քաղաքացիական անձ, ադրբեջանցիները կրակ են բացել նաև դաշտում կայանված տեխնիկայի ուղղությամբ, տարածվում է նաև ապատեղեկատվություն, թե խաղաղապահների մի մասը դուրս է բերվում Արցախից։
Արցախի անվտանգության խորհրդի գնահատմամբ՝ Ադրբեջանը դա անում է քաղաքացիների շրջանում խուճապ առաջացնելու համար։ Այնուամենայնիվ, թե այդ կառույցը, թե ՊԲ-ն պնդում են, որ իրավիճակը լիովին վերասկում են ռուս խաղաղապահների օգնությամբ։ Վերլուծական շրջանակները փորձում են հասկանալ ադրբեջանական սադրանքների նպատակն ու պատճառները և կապ նկատում ռուս–ուկրաինական պատերազմի հետ՝ շեշտելով՝ Բաքուն հավածում է Մոսկվայի թիկունքին։
Եթե հայ–ադրբեջանական սահմանի հայկական կողմում պատրաստակամորեն խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին, ադրբեջանական կողմում ճիշտ հակառակ տրամադրություն է։ Վերջին օրերին Ադրբեջանը սրում է իրավիճակը հրադադարի խախտմամբ և ակնհայտ ապատեղեկատվությամբ, թե ռուսական խաղաղապահների մի մասը լքում է Արցախը։ Պաշտոնական Երևանն իրավիճակը չի մեկնաբանում։
Աշխատում ենք՝ հակիրճ պարզաբանում է վարչապետ Փաշինյանը․ «Վերջին օրերին մենք հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս պահին, սակայն, ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։
Հրադադարի եռակողմ հայտարարությությունը խախտելու համար Ադրբեջանը կարող է ունենալ մի քանի նպատակ՝ նկատում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը և մանրամասնում՝ Բաքուն նախ փորձում է թեկուզ սադրանքների միջոցով լսելի դառնալ Անթալիայի դիվանագիտական ֆորումում, կարող են լինել նաև դժգոհություններ փետրվարի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի նախաձեռնած՝ Հայաստան, Ադրբեջան, Ֆրանսիա, ԵՄ տեսակոնֆերանսի օրակարգից և բովանդակությունից, հնարավոր է՝ այս շրջանում փորձում է լուծել իր խնդիրները և հասնել մանր հաջողությունների։ Վերլուծաբանը գործոն է համարում նաև փաստաթուղթը, որը ստորագրվեց ռուս-ուկրաինական պատերազմից անմիջապես առաջ։
«Հանգամանքը, որ Ալիևը վերջին մարդն էր, ով Պուտինի հետ շփվեց Ուկրաինայի հանդեպ պատերազմական գործողություններից առաջ, Ադրբեջանի համար դիվանագիտական «սև բիծ» է, որից անմիջապես հետո Բաքուն փորձում է ամեն կերպ «մաքրվել»։ Դրա վկայություններն էին հակառուսական ակցիաները Ադրբեջանում, դրա վկայությունն է Ադրբեջանի քարոզչության մեջ ուկրաինական սեգմենտի ահռելի ներկայությունը և այլն»։
Քաղաքագիտական դաշտում մեկնաբանություններ կան, որ Հայաստանի և Արցախի հետ շփման գծում լարվածությունն ավելացնելով Բաքուն, փաստացի, պայքարի երկրորդ ճակատ է բացում Ռուսաստանի դեմ, հարվածում այդ երկրի թիկունքին, քանի որ այստեղ խաղաղապահ առաքելությունը հենց ռուսներն են ստանձնել։ Իսկ Հակոբ Բադալյանը կարծում է, որ իր թվարկած դրույթները բավարար չեն, որպեսզի Ադրբեջանը Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացի․ Ադրբեջանն այդքան կշիռ չունի։
Բադալյանը Բաքվի սադրիչ քայլերի այլ հնարավոր պատճառ է ներկայացնում․
«Ի վերջո՝ չմոռանանք, որ ուկրաինական պատերազմից ժամեր առաջ հենց Ալիևն էր, որ Պուտինի հետ ստորագրեց ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը, և այդ հռչակագիրը մեծ հաշվով Ադրբեջանի պարտավորությունների մասին փաստաթուղթ էր։ Հետևաբար, չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր ի վիճակի է կամ կգնա այդպիսի քայլի՝ Ռուսաստանի դեմ բացել «երկրորդ ճակատ»։ Բայց Ռուսաստանի համար անհարմարություններ ստեղծել Ադրբեջանի միջոցով կարծում եմ, կարող են փորձել։ Այսինքն՝ Կովկասը դիտարկել Ռուսաստանի թիկունք և այստեղ Մոսկվայի համար ստեղծել հավելյալ խնդիրներ, սա հնարավոր է, և այստեղ առաջնային շահառուներից մեկը կարող է լինել, օրինակ, Թուրքիան։ Մենք պետք է հասկանանք, որ միջազգային այս խառը իրավիճակում լուծումներն ինքներս պետք է գտնենք՝ հաշվի առնելով հենց այն, որ մեզ համար ժամանակ թերևս ոչ ոք չունի»։
Վերջերս խիստ հաճախակի են Ուկրաինայում և Արցախում պատերազմական գործողությունների համեմատությունները։ Համենայնդեպս պաշտոնական Փարիզից եկող ազդակները փաստում են՝ ուկրաինական պատերազմը մոռանալ չի տա 2020–ի արցախյան պատերազմը։ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայ-ֆրանսիական ֆորումին հստակ սահմանեց․
«Այսօրվա իրավիճակում չպետք է մոռանանք 2020–ի աշունը, որովհետև այստեղ էլ ամեն ինչ լուծված չէ, և դեռ շատ անելիքներ կան։ Ֆրանսիան հանձնառու է տևական կայունություն ապահովել Կովկասում։ ԼՂ հարցը դեռ լուծված չէ։ Պետք է կայուն խաղաղության պայմաններում այս ամենն արվի և ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագհը շուտով կայցելի տարածաշրջան»։
Ադրբեջանի սադրանքները չպետք է շեղեն Հայաստանին իր օրակարգից՝ համոզված է ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Խաչատուրյանը։
«Որևէ մեկը, այդ թվում նաև Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ պետք է չշեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է իսկապես կարողանանք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Տնտեսական հզորություն, ռազմական հզորություն, դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն՝ դրա հաշվին։ Ուրիշ ինչպե՞ս է լինում։ Պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ պաշտպանված ենք, և պետք չէ մեզ հետ այդպես խոսել»։
Խաղաղասիրական նպատակները թուրք–ադրբեջանական տանդեմի կողմից կեղծ է համարում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Ընդդիմադիր գործիչը համոզված է՝ այդ երկու երկրները համատեղ ռուս-ուկրաինական պատերազմից փորձում են ստանալ հնարավորը Կովկասում։ Սա ինչ-որ առումով նաև մարտահրավեր է համարում ռուս խաղաղապահների համար՝ շեշտում է Ռուստամյանը։
«Իրենք աշխատելու են ամեն պահ օգտագործել, եթե առիթ կա։ Համարում են, որ այսօր հնարավոր է ինչ–որ մի բան, ևս մի տարածք վերցնել՝ աշխարհաքաղաքական առումով իրենց խնդիրները լուծելու։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այնտեղ այնքան է խառնված, որ չի կարող վերահսկել այստեղ իրավիճակը։ Սա նաև ինչ-որ առումով մարտահրավեր է ռուս խաղաղապահներին, բայց ես կարծում եմ, որ իրենք ունեն այնքան ներկայություն և այնքան հնարավորություններ, որ կանխեն նոր բացված ախորժակը, որը կարող է Ադրբեջանն ունենալ ռուս-ուկրաինական լարվածությունից ու պատերազմից»։
Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված համարող Իլհամ Ալիևն իր պետության վերջին գործողություններով փաստում է՝ որևէ սցենարի դեպքում Ադրբեջանի կազմում հայերի անվտանգությունը որևէ կերպ ապահովված չէ։ Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարությամբ հաստատում է՝ ադրբեջանական սադրանքներին ավելացել է նաև ականանետների կիրառումը։ «Հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ»,-ասված է հայտարարության մեջ, որում նաև շեշտվում է՝
իրավիճակը լիարժեք վերահսկվում է։
hy.armradio.am