Դիվանագիտական խառը «խաղեր»՝ խաղաղության խառը քննարկումներից առաջ
Արցախի հետագա կարգավիճակին առնչվող որոշ ձեւակերպումներ, որոնք իր վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը, աղմուկ էին բարձրացրել։ Ավելի ուշ Աղաջանյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ պնդելով՝ որոշ հարթակներ խեղել են ասվածը՝ ներկայացնելով, թե ինքն առաջարկել է Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում «քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը»։ Իրականում ասելիքը հետևյալն է՝ Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների մեկնարկը։ Միաժամանակ՝ Հայաստանը մերժում է բանակցություններին ընդառաջ որևէ նախապայմանի առաջ քաշումը՝ արդեն գրավոր շեշտել էր Աղաջանյանն ու նաեւ ընդգծել՝ Երեւանն իր հերթին խոսում է իր «կարմիր գծերից»։
Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան պատրաստակամ է արձագանքել Հայաստանի կառավարության դիմումին և ամեն ինչ անել լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն է ասել։ Մինչդեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման բանակցություններ կազմակերպելու՝ Հայաստանի դիմումին ՄԽ–ից պաշտոնական պատասխան դեռ չկա։
Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին ևս մեկ դիմում են փոխանցել՝ արտահայտելով իրենց կարծիքը Արցախի հետագա կարգավիճակի ու բանակցությունների վեաբերյալ։
– Ժողովուրդ, դուք պատրա՞ստ եք Ադրբեջանի կազմում ապրեք։
–Ոչ
-Ժողովուրդ, Ադրբեջանի կազմում ապրելո՞ւ եք դուք։
-Ոչ։
-Ու մենք խնդրում ենք մեր ՀՀ իշխանություններին՝ առանց մեր կարծիքը հարցնելու մեր փոխարեն որոշում չկայացնեն։
Աշխարհաքաղաքական բարդ պայմաններում խաղաղության դաշինքի կնքման հարցով ԵԱՀԿ ՄԽ–ի միջնորդությանը դիմելու պաշտոնական Երեւանի քայլը տարբեր կարծիքներ է առաջացրել։ Վերլուծական դաշտի մի մասը պնդում է՝ հայ-ադրբեջանական քննարկումներում կնճռոտ հարցերի միջազգայնացումը լավագույն պատասխանն է վերջնագիր հիշեցնող ադրբեջանական առաջարկներին։ Հակառակ թեւում պնդում են՝ ԼՂ հակամարտության կարգավորումից զատ այլ հարցերով բանակցելու, միջնորդելու մանդատ Մինսկի խումբը չունի։ Կա նաև խնդիր՝ կապված դիմումի ժամկետի հետ՝ ասում է նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Թևան Պողոսյանը․
«Այն առճակատումը, որ ՄԽ մեջ արդեն ձևավորվել է փետրվարի 24–ից հետո, այս կառույցին դիմում ենք ի՞նչ խնդրանքով։ Այդ ինչի՞ հաշվին է Ռուսաստանի դեմ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի վարած քաղաքականությունը թույլ տալու, որ սեղանի շուրջ երեք այդ ներկայացուցիչները նստեն և քննարկեն իրենց մանդատից դուրս մեկ այլ հարց։ Այլ հարց է՝ եթե դիմեին ԵԱՀԿ–ին, ասեին՝ ՄԽ ինստիտուտի ներքո արցախյան հակամարտության լուծման կողքին մի այլ նոր մանդատ ավելացրեք խաղաղ բանակցությունների համար։ Մի հատ ԵԱՀԿ–ն պատասխաներ՝ համաձա՞յն է, թե ոչ։ ԵԱՀԿ–ն էլ նույն ՄԱԿ–ի կառույցի ներքո է ընդհանուր աշխատում, հասկանայինք՝ ՄԱԿ–ն է՞լ է համաձայն դրան, նոր այդ դիմումը գնար»։
Մինչ Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» կնքելու իր հայտարարություններում առաջ է տանում երկկողմ բանակցելու մոտեցումը, պաշտոնական Երևանն, ամեն դեպքում, ջանքեր է գործադրում վերագործարկելԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և խնդիրն այդ հարթակում լուծել։ Հայաստանի ղեկավար կազմն ու դիվանագիտական թեւը դա շեշտում են միջազգային ցանկացած հանդիպման և հեռախոսազրույցի ընթացքում։ Միայն վերջին 1-2 օրում սա կրկին առանցքային թեմա է եղել թե ԱՄՆ պետքարտուղարի Բլինքենի հետ Փաշինյանի զրույցի ընթացքում, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, թե ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցներում։
Միջազգային իրավիճակի սրման ֆոնին խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի գաղափարն ու նպատակը երկու օրով կրկին Հայաստան էր բերել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Եվրոպացի պաշտոնյան տեղեկացել է վնասված գազատարի պատճառով Արցախում ստեղծված ճգնաժամի մասին։ «Ֆակտոր» գործակալության հետ զրույցում Կլաարը նշել էր․
«Բոլոր կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ և սկսեն քննարկել, բանակցել՝ գտնելու համապարփակ լուծում։ Ցանկացած քայլ, ցանկացած զարգացում, որը ստեղծում է լարվածություն, երբ մարդիկ անհանգստանում են, երբ մարդիկ մտահոգվում են իրենց անվտանգության համար, այդ ամենը չի օգնում։ Այնպես որ նմանատիպ բոլոր զարգացումներին պետք է վերջ տալ, և մենք պետք է համոզվենք, որ կա ցանկացած իրավիճակի ապաէսկալացիա, այդ թվում նաև ապաէսկալացիա միջազգայնորեն ճանաչված սահմաններին»։
Ի՞նչ է նշանակում հաճախ արծարծվող «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» ձևակերպումը․ այն տարբեր կերպ են ընկալում Երևանը և Բաքուն։ Հայաստանին ուղղված 5 կետանոց առաջարկների առաջին իսկ կետով Ադրբեջանն առաջարկում է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը։
Հայաստանը սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու մասով ամենատարբեր առիթներով պատրաստակամություն է հայտնել։ Անգամ որոշակիորեն հստակեցվել են, թե ինչ քարտեզներով են կողմերն առաջնորդվելու սահմանային գծերը քաշելիս։ Թվում է՝ այս առումով մոտեցումներն իրարամերժ չեն, սակայն նաեւ ընդհանուր եզրերը դեռ չեն գտնվել։
Ամեն դեպքում Երեւանի մոտեցումը մեկն է ու աներկբա՝ Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ՝ Հայաստանը մերժում է բանակցությունների մեկնարկին ընդառաջ որևէ նախապայմանի առաջ քաշումը։ Սա հերթական անգամ փոխանցում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Սահմանային գծերի կողքին քաղաքական, դիվանագիտական գծերն են, բայց «կարմիր»։ Երեւանն առաջարկում է դրանք ներկայացնել և քննարկել հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ դրանց մեկնարկից առաջ, ինչը կարող է փակուղի տանել։ Մեր երկրի դիվանագիտական վերնախավում այսօրվա քաղաքական կուրսը հիմնավորում են նրանով, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց սահմանները դեռ 1991–ին՝ ԱՊՀ-ին անդամակցելիս։
Մինչդեռ քաղաքագետ Գևորգ Մելիքյանը ու ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը խորհուրդ են տալիս զգուշավոր լինել նման ձևակերպումներում։
– Կան փորձագետներ, որոնք պնդում են, որ ԱՊՀ մտնելով կողմերն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
– Իհարկե, դա նոնսենս է։
– Միջազգային իրավունքը նրանով է տարբերվում քրեականից կամ վարչականից, որ ինքն ունի շատ տարբեր մեկնաբանություններ ու հիմնականում այն մեկնաբանությունն է իշխում, որը հաղթող կողմինն է։
– Ըստ էության քարտեզային տրամաբանությունը կա՝ քարտեզի վրա ինչ կա՝ դրանից էլ բխում են մնացած բաները։
Արեգ Քոչինյանի կարծիքով՝ որպես «խաղաղության պայմանագիր» բանակցվող ուղերձներից Հայաստանն ամեն դեպքում չի կարող մեծ սպասելիքներ ունենալ․
«Մաքսիմում, որ մենք կարող ենք ունենալ, արցախահայության անվտանգության ինչ-որ երաշխիքներ են։ Այս պահին միակ երաշխիքը ռուս խաղաղապահներն են։ Ես կարծում եմ, որ ՄԽ համանախագահություն տեղափոխելու Հայաստանի ձգտումները հենց այդ համատեքստում պետք է նայել։ Հայաստանի իշխանությունները փորձելու են մաքսիմալ դիվերսիֆիկացնել արցախահայության անվտանգության երաշխիքները։ Ցավալիորեն, բովանդակային առումով միջազգայնացել է Արցախի հարցը։ Մինչ այս երբևիցե չէր եղել իրավիճակ, երբ Արցախը դառնար առանց միջնորդների ռուս–ադրբեջանական խաղի և պայքարի և բանակցությունների հիմնական թատերաբեմ։ Ռուս-ադրբեջանական գազային կոնֆլիկտը հիմա լուծվում է Արցախում։ 90–ականներից մենք էինք այնտեղ, և եթե անգամ Ռուսաստանը փորձում էր ինչ-որ առևտրի մեջ մտնել Ադրբեջանի հետ Արցախի թեմայով, դա գոնե միջնորդավորված էր։ Դա բալանսավորվում էր հայտնի չափով մեր այնտեղ ներկայությամբ»։
Վիճակագրությունը փաստում է՝ 2020-ի նոյեմբերի 9-ից առ այսօր Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ավելի քան 90 հանցագործություն, հարուցվել են 60-ից ավելի քրեական վարույթներ։ Թվերը հրապարակել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ Արցախում ստեղծված իրավիճակը եւ հումանիտար լուրջ խնդիրները հիմք ընդունելով՝ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի հրատապ քայլ է նախաձեռնել։ Նախ՝ տեղում իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով մի խումբ պատգամավորներ կայցելեն Արցախ, ԱԺ առաջիկա լիագումար նստաշրջանում ընդիմության պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով:
hy.armradio.am