Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: 

«Օրենսդրական նախաձեռնության նպատակը համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացի օրենդրական կարգավորումն է, որը հնարավորություն կստեղծի համայնքի համար միջնաժամկետ ժամկետում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները, որն էլ հիմք կհանդիսանա համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ համայնքի ավագանին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը կհաստատի համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագիրն առաջիկա երեք տարիների համար, այն կհրապարակի և կներկայացնի մարզպետին: Ընդ որում՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման համար հիմք է հանդիսանում համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը: Օրենսդրական փաթեթին զուգահեռ ֆինանսների նախարարության կողմից մշակվում է մեթոդական ուղեցույց, որպեսզի մեր համայնքների գործընկերները կարողանան այդ ուղեցուցով կազմել իրենց միջնաժամկետ ծախսային ծրագրերը»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ դա համայնքներին հնարավորություն կտա ճիշտ կառավարել իրենց ֆինանսական միջոցները, ճիշտ կազմակերպել սուբվենցիոն ծրագրերին դիմելու և ֆինանսական այլ հնարավորությունները:

«Հանրային ֆինանսների արդյունավետ կառավարումն ամենամեծ մարտահրավերներից մեկն է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ որոշումը կարևոր է համարվում այն տրամաբանությամբ, որ արդեն հանրահայտ փաստ է՝ Կառավարություն և ՏԻՄ-եր համագործակցության և համատեղ ներդրումների որոշակի համակարգ է ստեղծվել, և այդ առումով կարևոր է ՏԻՄ-երի ֆինանսների կառավարման տրամաբանությունը որոշակիորեն կապի մեջ դնելը և սինխրոնացնելը Կառավարության հետ:

«Այդ առումով ես ուզում եմ հիշեցնել, որ մենք այս փոփոխությունից հետո էլ պետք է գործնականում այնպես անենք, որ համայնքների բյուջեները մինչև տարեվերջ ընդունված լինեն, որ ֆինանսական տարին մեկնարկի, և կապիտալ ներդրումների ցիկլը մեկնարկի ավելի վաղ, որ մենք ընդհանրապես ժամանակի կորուստ չունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն