Մարդու արյան մեջ առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել
Հոլանդացի գիտնականներն առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել մարդու արյան մեջ: Օտար մասնիկները հայտնաբերվել են հետազոտությանը մասնակից մարդկանց 80 տոկոսի մոտ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Փորձագետները վերլուծել են 22 անանուն դոնորների արյան նմուշները։ Բոլոր դոնորներն էլ առողջ մեծահասակներ են եղել։ 17 մարդու մոտ հայտնաբերվել են պլաստիկի մասնիկներ: Նմուշների կեսը պարունակել է PET պլաստիկ, որը սովորաբար օգտագործվում է ըմպելիքների շշերում, մի մասում եղել է պոլիստիրոլ, որն օգտագործվում է սննդամթերքի և այլ ապրանքների փաթեթավորման համար: Արյան նմուշների մեկ քառորդը պարունակել է պոլիէթիլեն, որն օգտագործվում է պոլիէթիլենային տոպրակներ պատրաստելու համար։
Գիտնականները դեռ չգիտեն, թե միկրոպլաստիկները ինչ ազդեցություն ունեն մարդու առողջության վրա։ Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգված են, քանի որ ապացուցված է, որ միկրոպլաստիկները լաբորատոր պայմաններում վնաս են հասցնում մարդու բջիջներին, և արդեն հայտնի է, որ օդի աղտոտված մասնիկները ներթափանցում են օրգանիզմ և տարեկան միլիոնավոր մարդկանց վաղաժամ մահվան պատճառ դառնում:
Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միկրոպլաստիկները կարող են կպչել արյան կարմիր բջիջների արտաքին թաղանթներին և սահմանափակել թթվածին տեղափոխելու դրանց ունակությունը: Այդ մասնիկները հայտնաբերվել են նաև հղիների ընկերքում։
Shantnews.am