Սեպտեմբերի 19-ը Արցախի հայաթափման և հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտման օրն է՝ հայ ժողովրդի պատմության և մեր պատմական հիշողության մեջ ամրագրված որպես ծանրագույն իրադարձության տարելից։

Այսօր Արցախի էթնիկ զտման և հայաթափման օրը իշխանության ներկայացուցիչների կողմից ներկայացվում է որպես «իրական անկախության օր»։ Այս տրամաբանության հերթական դրսևորումն ու ամրագրումն այսօր Սյունիքում տեղի ունեցող տոնախմբությունն է։

Այս կերպ իշխանությունը ստիպում է մեզ այն կարգավիճակը, երբ մենք մեզ պարտված վիճակում ենք զգում ամենապաշտպանվածը, երբ ամենանվաստացած վիճակում ենք մեզ զգում ամենահպարտը, և երբ ամենակախյալ վիճակում զգում ենք մեզ ամենաանկախը։

Թշնամու կամքի պարտադրումն իշխանություններն ինքնակամ իրականացնում են՝ վերախմբագրելով մեր ընկալումները սակրալ արժեքների նկատմամբ։

Եվ, երբ մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանության, հայրենազրկման և պատմական հայրենիքի կորստի օրը վերաձևակերպվում է որպես «իրական անկախության օր», այլևս գործ ունենք, ոչ միայն փաստերի մեկնաբանության և հասարակության պատմական հիշողության վերաձևավորման փորձի, այլև ապագայի նկատմամբ մեր հնարավոր հավակնություններից հրաժարման հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ