Մենք պետք է տնտեսական պատշաճ ակտիվություն ապահովելու նկատառումներով և, ոչ միայն, կապիտալ ծախսերը շատ բարձր կարգապահությամբ իրականացնենք: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ վերջին աշխատանքային քննարկման ժամանակ արձանագրվել է, որ այս պահի դրությամբ և նախորդ տարվա արդյունքներով կան կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու շանսեր:

«Մենք 2021 թ. արդյունքներով ունեցել ենք 218 մլրդ դրամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92.3 տոկոս կատարողական. դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է, և ամեն ինչ անում ենք, որ այս տարվա համար աշխատանքները լինեն ոչ պակաս կատարողականով»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ մակրոտնտեսական անորոշությունների և դրանց առնչվող հնարավոր հարկային նվազումների դեպքում ներգրավվելու են լրացուցիչ միջոցներ, և դա որևէ կերպ չի ազդելու Կառավարության ծախսային պարտավորությունների կատարման վրա: Խաչատրյանը վստահեցրեց, որ ծախսերը կատարվելու են ամբողջ ծավալով:

«Աննախադեպ չափի՝ 350 մլրդ դրամի չափով կապիտալ ծախսեր ենք նախատեսել և, անկախ ամեն ինչից, այդ ծախսերն իրականացելու ենք: Պետք է արձանագրեմ հետևյալը. այս պահին, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների և մեր լարվածության, մենք բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք, և կարող ենք արձանագրել, որ առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ հարկային եկամուտներն արդեն գերակատարվել են մի քանի օր առաջվա դրությամբ:

«Վաղը կամփոփենք ամբողջական տվյալները. խոսքն առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդով գերակատարելու մասին է, այն պարագայում, որ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը, այսինքն՝ մոտ 6 մլրդ նույնիսկ չստանալու դեպքում էլ մի քանի միլիարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը»,- ասաց նա:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն