Խորհրդարանական ընդդիմությունը, ազդարարելով, որ Աժ-ում իր նախաձեռնությունները չեն արժանանում մեծամասնության հավանությանը, հայտարարել է փողոցային պայքարի դուրս գալու որոշման մասին: Ընտրված ժամկետը համընկնում է Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման հետ՝ ժամերի տարբերությամբ:

Ուղիղ մեկ ամիս առաջ, խոսելով փողոցային պայքարի հավանականության մասին, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ այդ պահին փողոցային պայքարի նախադրյալներ չկան, ընդդիմության վարկանիշը մեծ չէ, և որ պետք է ընտրվի ճիշտ պահը:

Դեռ մի քանի շաբաթ առաջ խորհրդարանական ընդդիմության անդամներն իրենց ունեցած տեղեկություններն էին վկայակոչում և պնդում, որ ապրիլի սկզբին Փաշինյան-Ալիև հանդիպում է նախատեսվում: Ընդդիմադիրները խոսում էին նաև հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման մասին: Բայց շաբաթներ շարունակ ընդդիմությունն այդպես էլ ահազանգերից չանցավ գործի:

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման լուրը հաստատվեց օրեր առաջ, և միայն այդ ժամանակ ընդդիմությունը հայտարարեց փողոցային պայքարի անցնելու որոշման մասին: Համազգային հանրահավաքը նախաձեռնելու են ոչ թե նախապես՝ հանդիպումից օրեր առաջ, փորձելով ուղիներ գտնել իրենց ահազանգերի լուծման համար, այլ ընդամենը բրյուսելյան հանդիպումից ժամեր առաջ են փորձելու Հայաստանի հանրությանը հավաքել և խոսել հնարավոր վտանգների մասին: Ուղիղ մեկ ամիս առաջ, խոսելով փողոցային պայքարի հավանականության մասին, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը նախանշել էր՝ ինչ, ինչպես և երբ պետք է արվի:

«Մենք չպետք է փողոց հանենք, ասենք՝ հեսա դուրս ենք եկել Քոչարյանին իշխանության բերելու համար: Հենց մենք նման թեմաներով սկսենք հանդես գալ, բացի ինձանից ևս մի 10-15 հոգի էլ են հայտնվելու, որ իրենց են տեսնելու, այսպես ասենք, որպես հետագա ղեկավար: Սպասվելիք փողոցը պետք է լինի այս իշխանության հեռացնելու մասին, և այդ վիճակը մենք պետք է հասունացնենք»:



Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, որը շուրջ 10 տարի խորհրդարանում ընդդիմադիր էր, այժմ չի ընկալում գործող խորհրդարանական ընդդիմության կեցվածքը, առավել ևս, ինչպես իրենք են ասում, «պատերազմից 5 պակաս» պայմաններում: Դեսպանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ ենթադրել է, որ ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնել կամ իր դրական ներդրումն ունենալ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։

Սա վաղուց արմատացած անառողջ մթնոլորտի դրսևորում է, որը որևէ կերպ մեր երկրի դիմադրողականությունն արտաքին մարտահրավերների առաջ չի բարձրացնում` գրում է դեսպանն ու հավելում. «Ակնհայտ է, որ ընդդիմությունը սպասում է բանակցային գործընթացի մի որևէ հանգրվանի, որպեսզի հայտարարի, որ իրենք տեղյակ չեն եղել, հաղորդակից չեն եղել, և որ իրենք ավելի լավ տարբերակներ են ունեցել»։

Խորհրդարանական ընդդիմությունը վերջնականապես մերժեց իշխանության առաջարկը՝ փակ հանդիպման ձևաչափով կամ ԱԺ խորհրդի կազմով հանդիպել վարչապետի հետ, լսել տեղի ունեցողի մասին տեղեկություններ և քննարկել դրանք: Նախկին ընդդիմադիր Մարուքյանի համար ընկալելի չէ ներկա ընդդիմադիրների կեցվածքը: Ի՞նչն է խանգարում արտաքին քաղաքական ճակատում լարված իրավիճակում ամեն բան մի կողմ դնել, նստել ու քննարկել եղած հնարավորություններն ու ելքերը՝ հարցնում է։

Ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պարզաբանում է մերժման հիմքերը.

«Իրականում առաջին հերթին մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում: Մենք առաջարկել ենք խորհրդի նիստում, որ ներկայացվեն բոլոր այն փաստաթղթերը, որոնք շրջանառության մեջ են՝ անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ, որից հետո մեր խմբակցությունը որոշում կընդունի կամ կառաջարկի, թե ինչ ձևաչափով հրավիրել գործադիրի ներկայացուցիչներին»:



Սեղանին դրված ենթադրյալ փաստաթղթերին որևէ կերպ ծանոթանալ ընդդիմությունը չի կարողանում` պնդում է ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Անգամ արտգործնախարարի խոստման պարագայում դա անել հնարավոր չէ.

«Ես մեկ շաբաթ է` չեմ կարողանում գտնել, հայտնաբերել Արարատ Միրզոյանին: Մարդն այս ամբիոնից խոստում է տալիս, ասում է՝ կարող եք գալ, ծանոթանալ այն նամակին, որը ուղարկել ենք ԵԱՀԿ ՄԽ-ին, այն առաջարկություններին, որոնք ձևակերպել ենք և այն պատասխանին, որը ստացել ենք: Մեկ շաբաթ է` չեմ կարողանում կապ հաստատել Արարատ Միրզոյանի հետ, որ ծանոթանամ այդ փաստաթղթերին»:

Ով է անկեղծ՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը. ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ արտգործնախարարից հնչել է հրավեր-առաջարկ՝ այցելել նախարարություն և ծանոթանալ նշված փաստաթղթերին:

Անհրաժեշտ է պարզապես գնալ այդ շենք` հորդորում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ բարձաձայնելով մեկ այլ խնդիր. մի քանի օր է, ինչ Հայաստանում է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակությունը:

Հանդիպումներն անցնում են առանց ընդդիմադիրների մասնակցության, որոնք կարող էին միջազգային գործընկերներին ներկայացնել ծայրահեղ ծանր իրավիճակը.

«Իսկ ի՞նչ եք արել դուք: Ձեր օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը՝ ինչ քաղաքական շահարկում կարող եք անել և զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ: Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ: Անգլիացի պատգամավորների հետ հանդիպում կա, եկեք ասեք, ինչո՞ւ չեք գալիս»,- ասաց Ալեն Սիմոնյանը:



Ամեն դեպքում, ընդդիմադիրների կարծիքով հասունացել է պահը, երբ հանրությանը կարող են հավաքել փողոցում, հետևաբար՝ գործողությունների ուղղությունները արդեն փոխվել են և որոշումն ընդունված է:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն