Մեզ համար նշանակություն չունի, թե ով է կազմակերպել հանրահավաքը, խոսքն Արցախի մասին է
Հարցազրույց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
- Վաղը խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում: Դուք և Ձեր կուսակցության անդամներն այդ հավաքին մասնակցելո՞ւ եք:
- Այո, միանշանակ մասնակցելու ենք: Խոսքն Արցախի մասին է: Ի՞նչ է պատրաստվում անել այս պարոնը Բրյուսելում: Սա մեզ համար միանշանակ մի այնպիսի խնդիր է, որ պետք է մասնակցել ու ցույց տալ, որ հայ ժողովրդի մեծ մասը, ես հույս ունեմ, որ հանրահավաքը մեծ կլինի, իրեն լիազորություն չի տվել և չի էլ տալու Արցախն Ադրբեջանի կազմում մնալու վերաբերյալ: Որևէ այդպիսի լիազորություն ոչ անցյալում, ոչ այսօր և ոչ էլ վաղը նա չի ունենալու: Այնպես որ, միանշանակ մասնակցելու ենք և հնարավորինս շատ մարդկանց ենք հրավիրելու:
- 2020 թվականի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո, կարծես, հանրային մեծ ընդվզում չեղավ: Փողոցային պայքարի դուրս եկավ ընդամենը մի քանի հազար մարդ: Հիմա ինչո՞ւ եք վստահ, որ մարդիկ ընդդիմանալու են իրենց իսկ ընտրած վարչապետին:
- 2020 թվականի հետ եկեք չհամեմատենք վաղվա ցույցը, քանի որ այն ժամանակ շոկային իրավիճակ էր: Հանրության այն հատվածը, որը գիտակցաբար է մոտենում այս ամենին, բավական է, որպեսզի այնպիսի մի բողոքի ալիք բարձրանա, որն արտերկրում, հատկապես` Եվրամիությանը ցույց կտա, որ հայ ժողովուրդն այդօրինակ գաղափարների հետ չի կարող համակերպվել: Ասեմ ավելին` Ազատագրական պայքարի արդյունքն է Արցախի Հանրապետությունը: Ոչ ոք սա մոռանալու իրավունք չունի և հետո Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր: Այս պարոնը երևի այնքան է հեռու գրագիտությունից, կամ այնքան կախյալ է, որ մոռանում է այս ամենը: Այսօրվա դրությամբ առկա բոլոր արգումենտներն իրավական տեսանկյունից են: Արցախը կայացել է օրինական ճանապարհով, միջազգային նորմերին համապատասխան: Արցախը դուրս է Ադրբեջանի կազմից, գոնե այն փաստով, որ այնտեղ չկան ադրբեջանցիներ, կան` ՀՀ քաղաքացիներ: Արցախի Հանրապետությունը դուրս գալով Ադրբեջանի կազմից, չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը: Եթե այս պարոնն ինչպես ինքն է ասում` այդքան դուխ ունի թող հայտարարի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առանց Արցախի, այդ դեպքում հասկանալի կլինի:
- Չկա՞ մտավախություն, որ վաղվա հանրահավաքը կասոցացվի նախկին իշխանությունների հետ և հասարակությունը կրկին ակտիվ չի լինի, չի բարձրացնի բողոքի ձայնը:
- Մեզ համար նշանակություն չունի, թե ով է կազմակերպել և ով է հարթակում լինելու: Մենք հրապարակ ենք գալիս, որպեսզի ցուցադրենք՝ ՀՀ ժողովուրդը չի լիազորում այդ պարոնին նման քայլեր անել: Մեր խնդիրը սա է: Բացարձակ սա: Այստեղ դրված է Հայաստանի և Արցախի լինել-չլինելու հարցը: Մենք չենք լինի որպես պետություն, եթե այդ քայլերին չգնանք:
Hraparak.am