Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորման որոշումը պաշտպանական կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը։
Նա նշեց, որ դեռ բողոքը չի մակագրվել դատավորի։
Իսկ Փիլոյանի կողմից մեղադրանքն ընդունել-չընդունելու վերաբերյալ փաստաբանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` ասելով, թե ինքը չի կարող ինֆորմացիա փոխանցել։
Դիտարկմանը` ստացվում է, որ միայն մեղադրանքի կողմն է գործի վերաբերյալ մանրամասներ հայտնում, իրենք լուռ են, փաստաբանն ասաց, որ ժամանակը գա, տեղեկություն կտան։
Ի վերջո, քրգործի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն Տիգրան Սարգսյանն անջատեց հեռախոսազանգը։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, Փիլոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, նրա խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ նախագահի ապրիլի 1-ի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
Hraparak.am