Իլոն Մասկն առաջին անգամ գլխավորել է Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Ամերիկացի ձեռներեց, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել է Forbes ամսագրի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը՝ փոխարինելով Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին, ով չորս տարի զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Մասկի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 219 միլիարդ դոլարի: Բեզոսը նույն ժամանակահատվածում կորցրել է վեց միլիարդ, և նրա կարողությունը կազմել է 171 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 158 միլիարդ դոլարով։
Չորրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, ում կարողությունը գնահատվում է 129 մլրդ դոլար, իսկ հնգյակը եզրափակում է Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը՝ 118 մլրդ դոլար կարողությամբ։ Մարկ Ցուկերբերգը հինգերորդից իջել է տասնհինգերորդ հորիզոնական՝ մեկ տարվա ընթացքում կորցնելով գրեթե 30 միլիարդ դոլար (նրա կարողությունն այժմ գնահատվում է 67,3 միլիարդ դոլար):
Forbes-ը նշում է, որ ամբողջ տարվա ընթացքում մոլորակի 2668 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը նվազել է մինչև 12,7 տրիլիոն դոլարի, ընդ որում 329 մարդ դուրս է մնացել ցուցակից, ինչը ամենամեծ թիվն է 2009 թվականի ճգնաժամից ի վեր: Միևնույն ժամանակ, փոփ երգչուհի Ռիհաննան և «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հայտնվել են այս տարվա ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում։
Ամենաշատ միլիարդատերերն ունեցող երկրները շարունակում են մնալ ԱՄՆ-ը (735), Չինաստանը (607), Հնդկաստանը (166), Գերմանիան (134) և Ռուսաստանը (83):
Shantnews.am



















