Սերը՝ աշխարհի առանցք, կինը` սիրո քարոզիչ. այսօր Ավետման տոնն է
Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ավետման տոնը։ Արդեն երկրորդ տարին է Ավետման տոնը` Մայրության և գեղեցկության օրը մեզանում կարծես մի նոր արժևորմամբ է հիշատակվում։
44-օրյա պատերազմից հետո, արդեն 2 տարի, մեզնից շատերը ամեն օրը մթնեցնում է հայ մայրերին և Մայր Հայաստանին ու Արցախին ուղղված աղոթքներով։ Առ Աստված շարունակ մրմնջում ենք զորացնել մեր հայրենիքը, մխիթարել մեր առյուծասիրտ մայրերին, որոնք հայրենիքին նվիրաբերած զավակների կորստյան վշտի մեջ անգամ չեն վարանում կրկնել` «տղաս միշտ պատրաստ էր հանուն հայրենիքի անգամ կյանքը զոհաբերելու»։
Չնայած անդառնալի կորստին ու մեծ ցավին, մեր հերոսածին մայրերը ապրում են հպարտության զգացումով. նրանց որդիների նահատակությունը փառքով է պսակվել և անգնահատելի է Հայրենիքի ու հայ ժողովրդի համար:
Մայր լինելը բարձրագույն արժեք է, նոր կյանք պարգևելու աստվածային շնորհը լավագույն նվերն է համայն մարդկությանը, և խորհրդանշական այս օրը գրեթե բոլորի ցանկությունները նույնն են։
Մեր մայրերի անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունն աննկատ չէ, նրանց բարեսիրության պտուղները այն զավակներն են, որոնք շարունակում են ծառայել հայրենիքին` մեկը պաշտպանելով, մյուսը շենացնելով, երրորդը զորացնելով, արարելով, ստեղծելով, կենսատու նոր ուժ պարգևելով։ Հայ կնոջ մեծագույն առաքելությունն ազգապահպանությունն է, որ սերունդներ ի վեր համբերությամբ իրագործվել է։ Հայուհին իր ընտանիքի սյունն է, ազգային արժեքների կրողը, կենսունակության աղբյուրը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան.
«Իմ շնորհակալությունը և երախտիքի խոսքը այն մայրերին, ովքեր հարստացրել են մեր կյանքը, այն մայրերին, ովքեր զավակ լույս աշխարհ բերելով` նրանց դրել են մեր սրբազան Արցախի, հայրենիքի փրկության պայքարի զոհասեղանին։ Կնոջ բնության մեջ Աստված դրել է մայրության խորհախորհուրդ շնորհը։ Մեր եկեղեցու հայրերից մեկն ասում էր, որ «Աստված տղամարդկանց տվել է քահանայանալու բացառիկ շնորհը, իսկ կանանց` մայրանալու բացառիկ շնորհը, եթե նախապատվություն տալու լինեի,ապա նախապատվությունը կվերապահեի մայրության շնորհին»։
Եվ Աստվածամորը Աստված բարձրացնելով նախևառաջ փորձեց ցույց տալ կնոջ այդ վեհությունը, մայրության այդ բերկրանքը։ Կինը սիրո կենդանի քարոզիչ է աշխարհի վրա, իսկ սերը աշխարհի, կյանքի առանցքն է։ Տոնը պատմական իրադարձության վերապրումն է, այժմեականացումն է։ Ավետման տոնը այս իմաստով Աստվածամորը տրված ավետման և Աստվածամոր պատասխանն է, որ հանուն ողջ մարդկության «այո» ասած Աստծո ծրագիրն է, այն ապրելու և մեր կյանքը այդպես կաղապարելու նպատակ է հետապնդում»։
Ավետման տոնի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում ասվում է. «Հաստատուն մնանք առ Աստված սիրո, հույսի ու հավատարմության մեջ՝ նորոգվելու և վերափոխելու մեր կյանքը դժվարությունների ու մերօրյա տագնապների առջև»։
Այնպես որ սիրելի մայրեր և կանայք, պետք է պարզապես հիշել, որ մայր անունը մեր շուրթերին է և շոյում է մեր լսողությունն ու հանդարտեցնում մեր խռովահույզ սրտի բաբախյունը, կյանքի յուրաքանչյուր ակնթարթը լիառատ դարձրեք սիրով ու ձեր երջանկությամբ։
hy.armradio.am