Մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: Սա արվել է մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով, բայց գործարարների խոսքերով՝ որոշակի դժվարություններ է ստեղծել իրենց համար:

Այս հարցով ապրիլի 8-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, տնտեսվարողներ, կառավարությունից ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի խոսքերով՝ խնդիրը հրատապ է, քանի որ սրճարանային բիզնեսը նաև սեզոնային է, և սրճարանում ծխելն արգելելու պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ կարող են տնտեսական վնասներ կրել: Վահե Հակոբյանը նշել է, որ տնտեսվարողներից ստացած առաջարկները հանձնաժողովն առաջիկայում կքննարկի և կփորձի լուծումներ գտնել: Նրա գնահատմամբ՝ խնդրին ոչ թե կարճաժամկետ, այլ համակարգային լուծումներ են անհրաժեշտ:

Տնտեսվարողները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ՝ նշելով, որ հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ տնտեսական վնասներ են կրում և դրա հետևանքով կանգնած են փակվելու վտանգի առջև: Նշվել է, որ խնդիրն առաջին հերթին օրենքի իրագործման անհնարինությանն է վերաբերում. չկա օրենքի իրականացման համապատասխան գործիքակազմ: Քննարկվել են բացօթյա տարածքներում ծխելը թույլատրելու, ծխելու մասնագիտացված սրահները տարանջատելու եւ կոնկրետ մասնագիտացված ծառայություն մատուցելու հնարավորությանը, ծխելու համար օբյեկտին լրացուցիչ լիցենզիա տրամադրելուն կամ պետական տուրքի բարձրացմանը վերաբերող հարցեր:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը կարծիք է հայտնել, որ այնպիսի կարգավորումներ են անհրաժեշտ, որոնք և՛ կպաշտպանեն պասիվ ծխողներին, և՛ տնտեսվարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ կստեղծեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի կարծիքով՝ այս փուլում օրենքի դրույթները պետք է թողնել անփոփոխ, քանի որ շատ տնտեսվարողներ իրենց գործողություններն արդեն հարմարեցրել են այդ կարգավորումներին: Ըստ նրա՝ փոփոխությունն այս պահին կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում այս քննարկմանը, քանի որ վերոնշյալ խնդիրներին արդեն անդրադարձել են մարտի 31-ին նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում: Տնտեսվարողների առաջարկներն այժմ քննարկման փուլում են:

Անդրադառնալով ծխել թույլատրելու դիմաց լրացուցիչ հարկեր սահմանելու առաջարկին՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ կարգավորման նպատակը ոչ թե հարկեր հավաքելն է, այլ մարդկանց առողջությունը պահպանելը: Սակայն գործունեության որոշ տեսակների լիցենզավորման եւ տուրք սահմանելու հնարավորությունը քննարկման ենթակա է, ընդ որում՝ նման տուրք սահմանելու դեպքում տուրքի չափը պետք է լինի այնպիսին, որ մի կողմից նպաստի հանրային առողջության բարելավմանը, իսկ մյուս կողմից չի հանգեցնի ընկերությունների փակմանը:

Վահե Հակոբյանը նշել է, որ տնտեսվարողների առաջարկով օրենքի ընդունումից հետո առաջացած խնդիրները քննարկելու նպատակով հետամուտ է լինելու, որ հանձնաժողովում ստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն բոլոր շահառուները:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն