Առաջարկվում է սահմանել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման համար տուգանքի միասնական չափ
ԱԺ նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Այն վերաբերում է ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման դեպքում պատասխանատվության չափերի վերանայմանը:
Գործող օրենսդրության համաձայն՝ կա տուգանքների եռաստիճան համակարգ ու տարբերակում՝ ըստ գործունեության ոլորտների: Միաժամանակ, ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման երկրորդ և ավելի դեպքերի համար նախատեսված է գործունեության կասեցում: Կա նաև կասեցումը տուգանքով փոխարինելու կարգավորում:
«Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կասեցման կարգավորումները, վերացնել այն սահմանափակումը, որի դեպքում տեղի է ունենում հարկման դաշտի փոփոխություն և սահմանել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման մեկ չափ բոլոր դեպքերի համար, այն է՝ 200 հազար դրամ, գումարած՝ նախորդ եռամսյակի ՀԴՄ ֆիսկալ հասույթի 0.5 տոկոսը»,- ասաց Մանուկյանը:
Միաժամանակ առաջարկվում է ավելացնել առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման դեպքում պատասխանատվության միջոցները:
1lurer.am