ՊԵԿ-ը հունվարից եկամուտ է ստանում ՀՀ քաղաքացիների՝ համաշխարհային ընկերությունների՝ Googlе-ի, Facebook-ի, Booking-ի, Amazon-ի, Netflix –ի ծառայությունների դիմաց վճարած գումարից։ Այս ընկերությունները քաղաքացիների վճարած գումարների 20 տոկոսը որպես ԱԱՀ վճարում են մեր երկրին։ Կանխատեսումների համաձայն՝ խոսքը տարեկան 20 մլրդ դրամ գումարի մասին է, որը մեր բյուջեի մոտ1տոկոսն է։

Հունվարից մեր երկրում հարկատու են դարձել ինտերնետ հսկաներ Googlе, Facebook, Booking, Amazon, Netflix ու էլեկտրոնային ծառայություններ մատուցող այլ ընկերություններ։ Ավելացված արժեքի հարկ գոյանում է համացանցով տրամադրված էլեկտրոնային ծառայությունների դիմաց քաղաքացիների վճարած գումարից, բայց քաղաքացու գրպանին չի ծանրանում։ Դա եռամսյակը մեկ վճարում է բացառապես ՀՀ  ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Հարկման սկզբից ի վեր՝ այս տարվա առաջին եռամսյակում, որ ընկերությունն ինչքան գումար է փոխանցել Հայաստանի բյուջե՝ հարկային գաղտնիք է՝ ասում է ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման բաժնի պետ Լուսինե Այվազյանը։ Սակայն թվային որոշ պատկեր ներկայացնում է։ Խոշոր մի կազմակերպություն, օրինակ, հայտարարագրել է 450 մլն դրամի հարկման բազա և հաշվել 90 մլն ավելացված արժեքի հարկ.

«Առաջին եռամսյակի համար հաշվառվել են 30–ից ավել հարկ վճարող օտարերկրյա կազմակերպություններ և ընդհանուր հայտարարագրվել է 170 մլն դրամ ԱԱՀ գումար»։

Էլեկտրոնային առևտրի հարկումը տնտեսագետ Գագիկ Մակարյանը տրամաբանական է համարում, բայց նաեւ շեշտում ռիսկերը հաշվարկելը, թե այդ սահմանափակումներն ինչպես կազդեն էլեկտրոնային միկրոբիզնեսի վրա, որի ներկայացուցիչները չունեն մարքետինգի կամ կոմերցիոն այլ ծախսերի լուրջ գումարներ։

«Անհատական, ձեռքի աշխատանքների , արհեստագործական , անհատ ձեռնարկատիրական աշխատանքները կարող են խթանվել ֆեյսբուքի և նաև էլեկտրոնային առևտրի ճանապարհով, որի մասին անընդհատ խոսում են աշխարհում և նաև Հայաստանում էլ»։

ՊԵԿ-ը թեև դեռ չունի բյուջե մուտքի թվերը, փոխարենը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կանխատեսել էր 20 մլրդ դրամի մուտք։ Սակայն այս հաշվարկների մեթոդաբանությունը չի պատկերացնում տնտեսագետը։ Մակարյանը նկատում է՝ նշված գումարը, որը դոլարով մոտ 43 մլն դոլար է, բյուջեի մուտքերի մոտ մեկ տոկոսն է։ Թվում է՝ գայթակղիչ է, բայց մյուս կողմից սա սահմանափակելու է ֆեյսբուքով գովազդը, էլեկտրոնային առեւտուրը։ Այս երկուսը պետք է համադրել՝ ասում է.

«Այսինքն այդ մեկ տոկոսի էֆեկտը տնտեսության վրա, մարդկանց գործունեության և ընդհանուր զարգացվածության վրա ինչքանով դրական կազդի։ Ես այդ առումով չեմ հասկանում, թե այդ հաշվարկն ինչպես է արվել։ Արդյոք այդ մեկ տոկոսի համար արժե գնալ նման արգելքների»։

Լրացուցիչ հարկումը լրացուցիչ արգելք է զարգացման ճանապարհին՝ կարծում է տնտեսագետ զրուցակիցս՝ դրա կողքին դիտարկելով նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքները։ Մինչդեռ ՊԵԿ-ում վստահ են՝ սա Ֆիզիկական անձանց գրպանի վրա չի ազդի․էլեկտրոնային, այսինքն՝ սոցցանցերով  առեւտուրն այս կարգավորման տակ չի ընկնում։

Փոփոխությունն այլ մասով է։ Մինչեւ այս հունվար, օրինակ, «Ֆեյսբուքը» քաղաքացիներին վճարովի գովազդ էր տրամադրում, բայց իր ստացած վճարներից հարկ չէր մուծում մեր երկրին։ Այժմ ՀՀ քաղաքացուց ստացած գումարների 20 տոկոսն ԱԱՀ-ի տեսքով փոխանցում է ՀՀ պետբյուջե։ Հարկման նման մեխանիզմ կիրառում են այլ երկրներ նույնպես։ Արդյո՞ք չեն խուսափի այս ընկերությունները հարկերից։ ՊԵԿ-ում վստահ են՝ դրանց համար համացանցային «գայլերի» հեղինակությունն ավելի թանկ է, քան Հայաստանին վճարվելիք հարկերն են՝ ասում է Լուսինե Այվազյանը։  Ավելին, այդ ընկերություններից որեւէ մեկը չի առարկել, բոլորը հարկերը վճարելու պատրաստակամություն են հայտնել.

«Կոնկրետ մենք քննարկել ենք թեման «Գուգլ», «Ֆեյսբուք», «Բուքինգ», «Սփոթիֆայ», «Ամազոն», «Նեթֆլիքս» ու նման կազմակերպությունների  և այս էլեկտրոնային ծառայությունների մատուցման գծով միջազգային փորձագետների հետ»։

Հայաստանում արտասահմանյան հարկատուներին հարկ վճարելու մասին ծանուցում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը, ՊԵԿ–ի կայքում ոչ ռեզիդենտ հարկատուների համար ստեղծվել է եռալեզու հատուկ բաժին, նրանք գրանցվում են պարզեցված կարգով, ասում է ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Աննա Պողոսյանը. 

«Հարկ վճարողը պետք է լրացնի հարկման բազան արտարժույթով։ Լ րացնելուց հետո սեղմելով հաշվիչի վրա՝ համակարգն արդեն ավտոմատ կերպով հաշվարկում է հարկման բազան դրամով և հարկման բազայից հաշվարկվում է ԱԱՀ–ի գումարը»։

Հունվարից հարկման դաշտում է հայտնվել նաև դրսում գրանցված էլեկտրոնային «Յանդեքս» տաքսի-ծառայությունը։ ՊԵԿ-ում կարծում են՝ արդարացի մոտեցում է, հավասար մրցակցային պայմաններ կստեղծեն օնլայն տաքսիների դաշտում, քանի որ տեղական օնլայն տաքսիներն այսպես թե այնպես արդեն հարկվում են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն